Փաշինյա՛ն, հերիք է ժողովրդին խաբես. գնա՛ հանրաքվեի և տես՝ ժողովուրդը քեզ աջակցո՞ւմ է. Չալաբյան

Պաշտոնական Երևանն ու Բաքուն օգոստոսի 12-ին միաժամանակ հրապարակեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվելիք խաղաղության համաձայնագրի 17 կետանոց տեքստը:

Նիկոլ Փաշինյանը փաստաթղթի հրապարակումից անմիջապես հետո ֆեյսբուքյան իր էջում գրեց.

«Այս համաձայնագիրը հուսալի և տևական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունք, որն արտահայտում է երկու երկրների հավասարակշռված շահերը»։

Արդյո՞ք Հայաստանը շահում է այն համաձայնագրից, որը պատրաստվում են նախաստորագրումից հետո ստորագրել Երևանն ու Բաքուն, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փորձեցինք պարզել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանից։

Կարդացեք նաև

«Հայաստանը սրանով շահում է շատ ավելի քիչ, քան Ադրբեջանը, եթե, իհարկե, Հայաստանի պարագայում շահել բառը կարելի է ասել։ Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հետ Հայաստանի կնքած ցանկացած փաստաթուղթ Հայաստանի համար միակողմանի զիջում է։

Հիմա Փաշինյանը պարտավոր է ասել, իսկ ո՞րն է այն երաշխիքը, որը կստիպի ադրբեջանական կողմին կատարել ստորագրությամբ ստանձնած պարտավորությունը։ Չկա՛ երաշխիք, և պետք չէ միամտություն ցուցաբերել, թե երաշխիք կարող է լինել ԱՄՆ նախագահ Թրամփի բանավոր խոսքը. կրկնում եմ՝ չկա՛ երաշխիք»,- ասաց Ավետիք Չալաբյանը՝ ընդգծելով՝ երաշխիք կարող էր լինել Հայաստանի Զինված ուժերը, որ ունենար բավարար ռազմական պոտենցիալ՝ սեփական երկրի տարածքը պաշտպանելու համար։

Նրա խոսքով՝ Փաշինյանը հերթական անգամ խախտել է ժողովրդին տված խոստումը, գործել է ժողովրդի թիկունքում՝ արշավ սկսելով Հայ Առաքելական եկեղեցու դեմ։

Ըստ Չալաբյանի՝ ընդդիմությանն այդ խնդրով զբաղեցնելով՝ Փաշինյանը պատրաստվել է Վաշինգտոնում տեղի ունեցածին։

«Փաշինյա՛ն, դու պետք է գնաս հանրաքվեի, հերիք եղավ… եթե մտածում ես, որ մարդիկ քեզ վստահում են, այս հարցը դիր հանրաքվեի։ Լավ, ի՞նչ երեսով ես այս ամենն անում. գնում արձակուրդ, հետո գալիս՝ ծածուկ ճակատագրական թուղթ ստորագրում, հետո նորից գնում արձակուրդ»,- ասաց Չալաբյանը՝ ընդգծելով՝ Հայաստանի համար ճակատագրական համարվող փաստաթուղթը Փաշինյանը պարտավոր է ներկայացնել ժողովրդի դատին։

«Այս ամենին զուգահեռ՝ մեր ողբերգությունը կայանում է նրանում, որ անգամ հիմա Փաշինյանին ընդդիմացող միասնական բևեռ չկա»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս