
Դատարանը Փաշինյանի պահանջը չի կատարել. «Հրապարակի» իհաշիվների վրա արգելանք չի կիրառել. Արմինե Օհանյան

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր դատարանից ստացանք Նիկոլ Փաշինյանի հայցն` ընդդեմ «Հրապարակի»: Նա դատարան է դիմել «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» հարցադրմամբ հրապարակման դեմ, որով մենք արձագանքել էինք իր և իր կնոջ տևական գրառումներին` սրբազանների կողմից իրենց քեռակիններին «դոմփելու», կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու, սրբազաններին մանկապիղծ անվանելու և այլնի առնչությամբ: Փորձել էինք համարժեք հարցադրումներով ցույց տալ, որ օդից կախված լուրերով մենք էլ կարող ենք հարցեր ուղղել իրեն, որոնք պատասխան չեն ենթադրում, բայց հասցեատերերին կարող են հունից հանել, վիրավորել: Այդ հրապարակումից ժամեր չանցած Փաշինյանը սպառնաց, որ «Հրապարակին» դատի է տալու և շարունակեց նույն լեքսիկոնով գրառումներ անել Եկեղեցու, սրբազանների ու Վեհափառի հասցեին:
Ի՞նչ է գրել նա իր հայցում: Գրել է, որ իր հասցեին զրպարտչական բնույթի տվյալներ ենք հրապարակել, որոնք չեն համապատասխանում իրականությանը, արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը` «նրան վերագրելով հակաբարոյական վարքագիծ, որը հասարակության մոտ ձևավորում է բացասական կարծիք վարչապետի բարոյական որակների մասին»: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանի մասին կարելի է ավելի բացասական կարծիք ձևավորել, քան ձևավորված է մեզանում և այդ կարծիքը պայմանավորված կարող է լինել նրանով, թե նա իր կնոջը դավաճանո՞ւմ է, թե՞ ոչ: Հանրությունը, մեծ հաշվով, թքած ունի, թե այս իշխանության մեջ ով ում է դավաճանում, որովհետև, որքան հասկանում ենք, անհնարին է նման քանակի ամուսնական դավաճանություններ ֆիքսելն ու դրանց վրա կենտրոնանալը: Իրենցից մարդիկ այլ բան են ակնկալում` որ ոչ թե ամուսիններին չդավաճանեն, այլ հայրենիքին, սկզբունքներին ու այն ծրագրերին, որով եկել են իշխանության և քվե ստացել: Եվ այդ հրապարակումն էլ արվել է միայն մի պատճառով, որ ինքը` Փաշինյանը մտել էր սրբազանների անկողինները և այնտեղից դուրս չէր գալիս: Մենք ընդամենը իրեն պատասխանել ենք իր ոճով:
Ի՞նչ է պահանջել դատարանից հայցվոր Փաշինյանը. որպես բարոյական վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ գումար, որպես փաստաբանի վարձատրության փոխհատուցում` 240 հազար դրամ: Բացի այդ` պահանջել է դատավարությունը սկսելուց առաջ զննության ենթարկել հոդվածը, քանի որ այն «կարող է անդառնալիորեն կորել կամ` խմբագրվել»: Ի գիտություն հայցվորի` այդ հրապարակումն Արցախը չէ, որ «անդառնալիորեն կորցնես», անունն էլ ջնջես համացանցից: «Հրապարակից» առհասարակ ոչ մի նյութ չի հեռացվում, մենք մեր ոչ մի խոսքից չենք հրաժարվում:
Հայցվորը նաև դատարանից պահանջել է որպես հայցի ապահովման միջոց 1 միլիոն դրամի արգելանք դնել մեր դրամական միջոցների վրա, քանի որ «պատասխանողը կարող է դրամական միջոցները թաքցնել» և դատական ակտի կատարումը կարող է դժվարանալ: Պարզ է, որ Փաշինյանն իր առաջ նպատակ է դրել խոչընդոտել «Հրապարակի» գործունեությունը, ամեն ինչ անել, որ դժվարացնի մեր աշխատանքը, բայց ուզում ենք հիասթափեցնել` 1 միլիոն դրամի հայցապահանջով մեզ չես կանգնեցնի, մանավանդ արդեն տասնյակ ընթերցողներ իրենց զորակցությունն ու ֆինանսական աջակցությունն են հայտնել մեզ` եթե հանկարծ Փաշինյանի կամակատար դատարանում պարտվենք և մեր նկատմամբ նման ֆինանսական պարտավորություն սահմանվի:
Բայց դատարանը, հավանաբար, գիտակցել է այս պահանջի աբսուրդայնությունը և մերժել է «Հրապարակի» հաշիվների վրա արգելանք դնելու պահանջը: Իսկ դուք զարմանում եք, որ նման մանրախնդիր ու վրիժառու մարդն իրեն քննադատողներին է բանտ ուղարկում, նախկին նախագահներին է դատում ու հետապնդում…»։