Իրական ամերիկյան ներդրման լուռ տապալումն ու ապագայի «վարդագույն աղմուկը»

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցածից հետո հանրությանը մատուցվում է Հայաստանում ամերիկյան ներդրումային բումի հեռանկար՝ գեներացնելով հանրային մեծ ոգևորություն: Ընդ որում, դա այն դեպքում, երբ այդ առումով Վաշինգտոնում միակ շատ թե քիչ կոնկրետությունը վերաբերում է ընդամենը Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան և հետո դեպի Թուրքիա մոտ 40 կմ մի ճանապարհի:

Դա տեղի է ունենում մի պարագայում, երբ գործնականում այդ ոգևորությունը գեներացնող ուժերի ճնշող մեծամասնությունը դույզն-իսկ չէր մտահոգվում, երբ, օրինակ, 7 տարի առաջ Հայաստանում տապալվում էր անկախ Հայաստանի պատմության խոշորագույն ներդրումային ծրագիրը՝ «Ամուլսարի» ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը, որը Հայաստանում ԱՄՆ խոշորագույն ներդրումային իրական, շոշափելի ծրագիր էր: Այդ ծրագրի տապալման ռիսկի վերաբերյալ պարբերական մտահոգություններ էին արտահայտում նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանները, ինչը, սակայն, որևէ կերպ չխանգարեց, որ 2018-ից ի վեր ծրագիրն արգելափակվի:

Անցնող 7 տարիների ընթացքում, Հայաստանի նորագույն պատմության մեջ թե ամերիկյան, թե ընդհանրապես խոշորագույն ներդրումային ծրագիրը ոչ միայն կյանքի չի կոչվել, այլև ենթարկվել է տարաբնույթ դեֆորմացիաների, դեֆորմացնելով նաև Հայաստանի ներդրումային իմիջը:

Դա ոչ միայն չէր մտահոգում այսօր բարի ցանկությունների մակարդակում հանրության մոտ ամերիկյան ներդրումային բումի «գեներատոր» ուժերին, այլ դրանց մի զգալի մասը նաև անմիջականորեն ներգրավված էր Ամուլսարի ներդրումային ծրագրի տապալման կամ դեֆորմացման, այդպիսով նաև՝ Հայաստանի միջազգային ներդրումային հեղինակության արժեզրկման գործին:

Կարդացեք նաև

Մինչդեռ, Հայաստանում ԱՄՆ դեսպանները 2018-ից հետո պարբերաբար հայտարարում էին նաև, որ Հայաստան միջազգային ներդրումների հոսքը կախված է լինելու այդ ծրագրի հաջողությունից:

Սակայն դրանից կախված էր, թերևս, ոչ միայն Հայաստանի ներդրումային հեղինակությունը, այլ նաև՝ անվտանգությունը: Որովհետև միջազգային խոշոր ներդրումները նաև անվտանգության բաղադրիչ են, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ռազմավարական նշանակության մարզերում ու գոտիներում անվտանգությանը, որպիսին է նաև Վայոց ձորը:

Երկու շաբաթ առաջ Հայաստանն ընդունել էր արտահանման խրախուսման ինչ-որ ռազմավարություն: Երբ ներդրումային խոշոր ծրագրերը մեկը մյուսի հետևից ձախողման մատնող երկիրն ընդունում է արտահանման խրախուսման ռազմավարություն, դա կարող է առաջացնել միայն քմծիծաղ: Որովհետև  արտահանում, արդյունաբերող տնտեսություն խթանելու համար պետք է ներգրավել արտաքին խոշոր ներդրողներ: Դրա կարիքն ունի նույնիսկ այնպիսի հզոր տնտեսությունը, ինչպիսին ԱՄՆ-ինն է:

Բայց արտաքին ներդրողներ ներգրավելու համար պետք է նախ կարողանալ արդյունավետ աշխատել արդեն իսկ եկած ներդրողների հետ, նպաստել ներդրումային ծրագրի զարգացմանը, այլ ոչ թե առանց աչք թարթելու՝ հետևել, թե ինչպես են նրանք տապալվում: Ընդ որում, որոշներն էլ՝ ձեռք բերված համաձայնությունների հանդեպ կառավարության անպատասխանատվության հետևանքով:

Անփառունակ վախճան ունեցավ արաբական հեղինակավոր՝ «Էյր Արաբիա» ավիաընկերության հետ Հայաստանում բարձր ստանդարտի ազգային ավիափոխադրող ստեղծելու՝ «Ֆլայ Արնայի» ծրագիրը:

Ըստ էության տապալված է արաբական մեկ այլ խոշոր ներդրողի՝  «Մասդար» ընկերության՝ խոշոր արևային կայաններ կառուցելու ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության դեմ միջազգային դատական հայց է ներկայացրել լիբանանյան «Սանիտեք» ընկերությունը:

Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժ է հարուցում Հայաստանի մեկ այլ խոշորագույն ընկերություն՝ ՀԷՑը, որը ենթարկվում է ներքաղաքական հանգամանքներով պայմանավորված միջամտությունների:

Պետք է կարողանալ աշխատել ներդրողների հետ, այլ ոչ թե առանց մատը մատին խփելու՝ հետևել, թե ինչպես է գործադուլի հետևանքով ավելի քան տասն օր պարապուրդի մատնվում ռազմավարական մարզի համակարգաստեղծ ձեռնարկությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի պարապուրդի մեկ օրը պետական բյուջեի համար արժենում էր ավելի քան 100 միլիոն դրամ: Պետք է կարողանալ աշխատել եղած ներդրողների հետ, որպեսզի դա վստահություն առաջացնի մյուս բոլորի մոտ, որ Հայաստանի հետ հնարավոր է պայմանավորվել և աշխատել, այլ ոչ թե խոշորագույն ձեռնարկության աշխատանքային գործունեությունը տապալողները կարող են հետո հայտնվել Հայաստանի վարչապետի «իրական Հայաստան» բանախոսության լսարանի առաջին շարքերում:

Ներդրողների հետ իրական աշխատանքն է պետությունն օժտում թե նոր ներդրումներ ներգրավելու հնարավորությամբ, ու դրա շնորհիվ էլ տնտեսական կարողությունները՝ հետևաբար իրական, այլ ոչ թե պաթետիկ տեղեկատվա-քարոզչական ինքնիշխանությունն ամրապնդելու ուժով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս