Ինչու են շտապում իշխանությունները
Թեև Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագիրը դեռ չեն վավերացրել ԵՏՄ 3 հիմնադիրներից 2-ը՝ Բելառուսն ու Ղազախստանը, Հայաստանի իշխանությունները շտապում են օր առաջ ստորագրել, վավերացնել, փոփոխել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու օրենքները: Երեկ Ազգային ժողովը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում քննարկեց ԵՏՄ-ի հետ կապված մի շարք օրինագծեր: Դրանցից գլխավորը, թերևս, «Մաքսային կարգավորման մասին» օրինագիծն ու հարակից օրենքների փաթեթն էր: Իշխանությունների այս փութաջանությունը տակուսանք էր առաջացրել որոշ պատգամավորների մոտ:
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հետաքրքրվեց օրինագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանից, թե ինչով է պայմանավորված այդ շտապողականությունը։ «Թըփ-շըփ, 24-ժամյա արտահերթ ռեժիմով ուզում եք այս գործընթացն անել, ու դեռ հասկանալի չէ, թե մեր պարտնյորներն ուզո՞ւմ են վավերացնել, թե՞ ոչ:
Այս քաղաքական գործընթացը թևակոխել է շուկայական փուլ, Ամանորին ընդառաջ` Բելառուսն ու Ղազախստանը փորձում են առավելագույնը պոկել ՌԴ-ից: Մենք էլ այդ, ժողովրդի ասած, բազարների մեջ պետք է մտնեինք ու մաքսիմալ բաներ քաղեինք: Այս կտաք՝ կվավերացնենք, չեք տա՝ չենք վավերացնի: Իսկ մենք խելոք աշակերտի նման նստած՝ անում ենք` ինչ հանձնարարված է: Ո՞ւր ենք շտապում: Չէ՞ որ հունվարի 2-ից դեռ չեն գործելու էս կարգավորումները»,- հայտարարեց նա: Ա.Արզումանյանի կարծիքով` օրինագծեր ներկայացնելուց առաջ ավելի ճիշտ կլիներ գնալ ու շարունակել բանակցությունները:
Վ.Միրումյանը պատասխանեց, թե առավելագույն օգուտ քաղելու ժամանակն անցել է, այդ խնդիրն այս կարգավորումներին չի առնչվում, բանակցություններն արդեն ավարտված են, և հնարավոր բոլոր օգուտները քաղված են:
Խորհրդարանական գործընկերոջ հետ համակարծիք էր ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Ըստ նրա՝ այս շտապողականության պատճառով խորհրդարանը չհասցրեց անգամ օրենքը լավ քննարկել. «Ակնհայտ է, որ այս պայմանագիրը մինչև հունվարի 2-ը չի վավերացվելու Ղազախստանի և Բելառուսի կողմից, իսկ մենք շտապելով` ուզում ենք օր առաջ սա հաստատված լինի: Չեք կարծո՞ւմ, որ քաղաքական առումով ճիշտ կլիներ սպասել, որ վավերացնեին, հետո անցնեինք այս գործընթացին»:
«Մենք փորձում ենք ապահովել մեր ողջ իրավական դաշտը հնարավորինս սեղմ ժամկետում: Սրա նպատակն է` անդամակցության առավելություններից հնարավորինս շուտ օգտվելը»,- ասաց Վ. Միրումյանը:
ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ նոր բանակցությունների վարման ի՞նչ ժամկետ է նախատեսվում, և արդյոք ԵՏՄ շրջանակում այդ բանակցությունները կարո՞ղ են խոչընդոտ հանդիսանալ: Վ.Միրումյանը պարզաբանեց, որ ԱՀԿ-ի հետ ԵՏՄ շրջանակներում հարաբերություններին առնչվող բանակցություններն այլևս տեղ չեն գտնի այստեղ, բայց ՀՀ արտաքին առևտրին վերաբերող մնացած հարցերի շուրջ բանակցություններն արդեն վերսկսվել են:
ԱԺ-ում քննարկվեց նաև «Առևտրի և ծառայությունների մասին» օրինագիծը: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը հայտնեց, որ ԵՏՄ-ի հետ կապված 29 ապրանքախմբում կան ոչ սակագնային կարգավորումներ, 8 խումբ ապրանքների դեպքում արգելվում է երրորդ երկրներից ներկրումը և արտահանումը: Նրա խոսքով` դրանք սպեցիֆիկ բնույթ ունեցող ապրանքներն են, օրինակ` քաղաքացիական և ծառայողական զենք, օզոնի շերտը քայքայող քիմիական նյութեր, վտանգավոր թափոններ, պատմամշակութային արժեքներ, թունավոր նյութեր և այլն, որոնց ներկրում/արտահանումը կարգելվի կամ կսահմանափակվի լիցենզիաներով: «Այս ապրանքների ցանկը փոփոխման ենթակա է: Կոլեգիայի որոշումները յուրաքանչյուր տարի վերանայվելու են»,- ասաց Տարասյանը:
«Տեխնիկական կանոնակարգման մասին» օրինագիծն ու հարակից օրենքներում փոփոխությունները նույնպես ԵՏՄ անդամակցությամբ էին պայմանավորված: Է.Տարասյանը ներկայացրեց, որ որակի և կառուցվածքի վերաբերյալ Հայաստանի օրենսդրությունը մոտարկված էր Եվրամիության օրենսդրությանը, սակայն ԵՏՄ-ի օրենսդրության հետ սկզբունքային որևէ տարբերություն, հետևաբար՝ փոփոխության անհրաժեշտություն չկա, հակասություններ չկան: Ըստ նրա՝ միայն որոշակի կարգավորումների տարբերություն կա, մասնավորապես՝ լաբորատորիաների ու պետական գրանցման ձևն է տարբեր: «Վերահսկողության մարմիններն օրենքի ընդունումից հետո կսահմանվեն, բայց ԵՄ-ի հետ տարբերություն չի լինի»,- ասաց փոխնախարարը: