Զարթնե՛ք պարոնայք, որ նստած եք տնտեսության ղեկին. Աշոտ Խուրշուդյանը լուծումներ է առաջարկում՝ դրամի արժեզրկման հետ կապված
Փորձագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում վերլուծություն է հրապարակվել՝ դրամի արժեզրկման թեմայով։
* * *
Համառոտ ամփոփումը սկզբում
• Կանգնեցրե՛ք ռուբլու ազատ փոխարկումը մեր երկրում, պարոնա՛յք, իրական խնդիրն այստեղ է:
• Մտե՛ք շուկա ու ուժ ցույց տվեք, պարոնա՛յք, ձեր մուզ-մուզ ու հայտարարված ներարկումները երազախաբություն են լոկ:
• Եվ ի վերջո խոսե՛ք պարոնայք, հասարակական հոգեբանության վրա ազդել է պետք, խոսե՛ք մարդկանց հետ, պարոնա՛յք:
1. Նախաբան
Բարդ մոդելներ ու հաշվարկներ չեմ ներկայացնելու։ Վստահ եմ ԿԲ-ն այդպիսի լիքը մոդելներ ունի, գիտեմ, որ վաղուց ԿԲ-ն անցել է մոնետար բարդ համակարգի կարգավորման։ Բայց կրկնակի վստահ եմ, որ այսօր ԿԲ-ն ինքն է իր մոդելները մի կողմ դրել ու պարզագույն դասական տնտեսագիտական /պահանջարկ-առաջարկի/ մտածողությամբ դոլար է ծախում։
2. Ի՞նչ է կատարվում
2.1. Միջազգային միտումնե՞ր
Այո, բայց կրկնակի ոչ։ ԿԲ-ի սխալ քաղաքականությունը պակաս դեր չունի այս ամենում, քան նավթի գնանկմամբ պայմանավորված ռուսական ռուբլու անկումը։ Ոմանք մեր ու Վրաստանի շուկայի տատանման նմանությունը հիմք վերցրեցին, թե իբր ներքին քաղաքականությունում սխալ չկա։ Կներեք, սակայն ընդամենը վարքագծային է նմանությունը։ Մեծ երկրաշարժ որ լինում է, մարդիկ վախենում են ու տանն էլ են սկսում ամեն ցնցումից զգուշանալ, թեպետ այդ երկրաշաժը տեսել են ընդամենը հեռուստացույցով, ու միգուցե այն չի էլ եղել։ Ավելին, քաղաքականությունն էլ կարող է նույնօրինակ սխալ արձագանքել իրավիճակին ու կրկնել սխալները։
2.2. Ռուսաստանն ու մենք
Ճնշումները գալիս են Ռուսաստանից։ Սակայն ինչպե՞ս։
Սատանան թաղված է տրանսֆերտների արժույթի մեջ։ Ռուսաստանում խուճապ է և ճգնաժամ։ Ռուբլին ինքն է դարձել «տաք կարտոֆիլ», այսինքն մի բան, որից արագ ցանկանում ես ազատվել, եթե այն քո համար կուտակման/խնայման միջոց է։ Իսկ տրանսֆերտային միջոցներն հենց այդպիսին են, վաստակում են ռուբլի, բայց իրենց ռուբլի պետք չէ։ Ահա, ռուբլին այլ արժույթ փոխարկելու ճնշումն էլ Ռուսաստանից տեղափոխվում է Հայաստան։ Պետք է սրա սոցիալական բաղադրիչը լավ հասկանալ, միգրանտի ու նրա ընտանիքի համար տարիներ շարունակ ռուբլին եղել է խնայման միջոց, նրանք սովոր են եղել միջոցները պահել ռուբլով։ Հայաստանում ոչ միայն կար շատ քանակության ռուբլի, այլև հոսքը շարունակում է գալ։ Իսկ տնտեսական առումով խնդիր կա ռուսական կապիտալով կամ Ռուսաստանի հետ աշխատող ֆիրմաների մոտ։ Այսինքն կա լիվիդային ռուբլու ավելցուկ, որից ամեն գնով պետք է ազատվել։
2.3. Ռուբլին ու դրամը
Խնդիրը ռուբլու շուկայում է։ Պատկերացրեք` մեզ մոտ նորմալ արտարժույթի շուկա կա։ Ի՞նչ անի ռուսական շուկայում գործողը՝ Ռուսաստանից բերի այստեղ ռուբլի, դարձնի դոլար ու պահի կամ հետ տանի Ռուսաստան։ Շարունակենք արկածը. կա որոշ լիկվիդային դրամ ու ռուբլի, սրան ավելանում է նաև դրսից եկող ռուբլին, մարդիկ ռուբլին վեր են ածում դրամի, հետո՝ դրամը դոլարի։ Ահա և ճնշման հիմնական աղբյուրը։ Արբիտրա՞ժ` կասեք դուք. ի՞նչ է եղել որ, պահանջարկն ու առաջարկը կկարգավորի ամեն ինչ, ավելին՝ ռուբլին ավելի կարժեզրկվի, քան Ռուսաստանում, ու արդյունքում նույնիսկ կարելի է օգուտ քաղել։ Ահա, բա ո՜նց։ Նման բան կլինի, եթե ռուբլին լինի ազատ փոխարկելի, ու Ռուսաստանում էլ գործի նորմալ արտարժութային շուկա, որ մեր բանկերը հասցնեն այստեղի ռուբլին այնտեղ հետ փոխարկել դոլարի։ Բա որ սա սենց հեշտ լիներ, էլ ինչու՞ է ճնշումը Ռուսաստանից տեղափոխվում Հայաստան։ Չկա, ռուբլին թղթի կտոր է, փող չի։ Համարյա նույն վիճակն է, ինչ 1993 թվականի հայկական դրամը մտցնելիս, գալիս էր սովետական ռուբլի, որը «ֆանտիկ» էր, վճարման միջոց էլ չէր, կեղծ թղթի կտոր էր։ Այսօրվա ռուբլին նման կարգի «ֆանտիկ» չի, բայց ամեն օր արժեքը գցող ու ոչ փոխարկելի թուղթ է։
2.4. Վարքագիծ
Բա դրամն ինչու՞ չի ուժեղանում, կհարցնեք դուք, եթե ռուբլին գալիս է ու փոխարկվում է դրամի։ Էհ, եղբայր, սա էլ հենց ցանկալի սցենարն է. եթե չլինի խուճապն ու այդտեղից բխող զանգվածային ոչ ռացիոնալ վարքագիծը։ Տնտեսագիտության մեջ այս երևույթը դասական է, կոչվում է համանմանների ողբերգություն /tragedy of commons/
Պատկերացրեք նավի մի կողմը վառվում է, մարդիկ խուճապի մեջ վազում են էն մյուս կողմ, ու… նավը շրջվում է։ Ինչու՞, որովհետև վազեցին նավի մյուս կողմ։ Թեպետ անհատապես ռացիոնալ, սակայն ամբողջության մեջ սա իռացիոնալ վարքագիծ է։
Այս իռացիոնալիության հաշվին, փչվում է մի մեծ փուչիկ` MMM-ի նման, որին ով չի մասնակցում, տուժում է անհատապես, ու ստիպում են` բոլորը նույն վարքագիծը դրսևորեն։ ԿԲ-ը, հետևելով դասական մոդելին, մտածում է, որ դրամը պակասեց, մեր օրինակում՝ փչելու օդը որ պրծավ, փուչիկը կկայունանա։ Ու ինչպե՞ս է պակասեցնում փչելու օդը: Ճիշտ է, ասում է շարունակեք փչել փուչիկը, որ թոքերի օդը պրծնի։ Բայց սրան գումարած, ասում է հանգիստ ու հանդարտ փչեք՝ ժամանակ տալով թոքերին աշխատելու ու նոր օդ հավաքելու։ Սրա նման անարդյունավետ քաղաքականություն նման ճգնաժամի պայմաններում անհնար է պատկերացնել։ Տես «փուչիկը» սխեմատիկ.
3. Դասական մոդել: Ինչու՞ չի աշխատում:
Պատճառները մի քանիսն են։ Նախ՝ խուճապը։ Խուճապը գնային գործոնը անկարևոր է դարձնում։ Այսինքն, մարդիկ ցանկանում են դրամից ազատվել ամեն գնով։ Այն դառնում է «տաք կարտոֆիլ»։ Բացառություն են կազմում չակերտավոր ռացիոնալները, որոնք ի վերջո տուժում են համընդհանուր վարքագծի պատճառով։ Քիչ-քիչ նրանք էլ են ստիպված դրսևորում չակերտավոր իռացիոնալների վարքագիծը։ Փողի քանակը կապ չունի։ Այն պտտվում է, ու արդյունքում գներն են փոփոխվում։ Խուճապը քիչ-քիչ տեղափոխվում է սպառման շուկա։ Սա իր հերթին բերելու է գնաճի։ Մարդիկ խնայողություններից են սկսում հրաժարվել։ Սա էլ իր հերթին բերելու է տոկոսադրույքների աճի։ Ի վերջո սկսվելու է չվճարումների շղթան /ինչն արդեն սկսել է միջազգային վճարումների գծով, արտարժույթ ֆիրմաները չեն ճարում/։ Կարճ ասած, մարդիկ դրամ չեն ուզում, իսկ դրամին վստահողները /ներդրումներ, խնայողություններ/ տուժում են։
3.1 Դասական մոդելի միֆը։
Շուկան տարբեր ձև է հարմարվում։ Տրանսֆերտների անկման մոդելը /որը որպես թեզ փորձեցին առաջ տանել/ դասական մոդելով հանգիստ կհաշվեկշռվեր. եկամուտների՝ հետևաբար պահանաջարկի անկմամբ, ու կարտահայտվեր զուտ ներմուծման քանակական անկմամբ։ Գնային ազդեցությունը նման դեպքերում չնչին է լինում, ավելի չնչին, քան բյուջետային արտաքին վարկային գործառնությունների ազդեցությունը։
4. ԿԲ ինտերվենցիաները
ԿԲ-ը ինքնախաբեությամբ է զբաղված։ Ի սկզբանե ընդունել է դիրք, իբր խնդիր չկա ու այն ընդամենը սպեկուլյացիոն է։ Սպեկուլյացիայի ու արբիտրաժի սահմանը լղոզված է։ Իսկ արբիտրաժ չի լինի, քանի որ խնդիրը ռուբլին է ու ոչ թե դրամը։ Մենք չենք կարող բազմամիլիոնանոնց ռուսական կայծակը մեզ մոտ շանթարգելենք։ Այս շոկը կոլապսի կենթարկի ամբողջ տնտեսական համակարգը, իսկ մերոնք շանթարգելը տնկել են դեպի Ռուսաստան, ու մտածում են, թե 6 միլիոնանոց պարպումներով ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ախր այդ վոլտաժը կեղծ չի, սպեկուլյացիոն չի՝ այն կա։ Ու այդ թեժ կրակի վրա յուղ լցվեց։ Փոխանակ միանգամից դեմն առնեին, ռուսական ռուբլին հայտարարվեր «չփոխարկելի», ռուբլու վրա դրվեր խոհեմ ու ճիշտ սահմանափակումներ, մեր խելոքները վերցրին ու դրամին պատերազմ հայտարարեցին՝ պտղունց դոլարն էլ որպես դրամի դարման։
Իրական սպեկուլյացիան հենց այդ ԿԲ ամենօրյա վաճառքի հանած 6 միլիոն դոլարն է, քանի որ նման քչաքանակ նախորոք հայտարարված ինտերվենցիան ժամանակ է տալիս բանկերին ու այլ տնտեսվարողների լիկվիդայնացնել համապատասխան դրամ ու այն դեն նետել՝ դիմացը ստանալով այդ կրճոնը։ Ազդեցությունը շուկայի վրա՝ ԶՐՈ։ Այսինքն դանդաղ քամվում են ՀՀ պահուստները՝ զրոյական ազդեցությամբ։ Հավերժ ԿԲ-ն չի կարող վաճառել այդ վեց միլիոնը։ Ու հենց պահուստները քչանան՝ դիմելու է միջազգային կառույցներին ու ստաբիլիզացիոն վարկ վերցնի։ Այսօրվա քաղաքականությամբ այլ ելք չի մնացել։ Ու միևնույն ժամանակ շուկան չի կարգավորվելու, միակ գործիքը մնալու է ֆիսկալ քաղաքականությունը, ստիպված բյուջեի գոտին են ձգելու, ու արդյունքում Հայաստանը կվերադառնա աշխատավարձեր ուշացնելու հին տարիներին։
5. Վստահություն
Ինչպե՞ս վստահել դրամին։ Եթե դրամի հանդեպ լիներ վստահություն, ապա այս կոլապսը չէր լինի։ Ավելին /ռուբլու արբիտրաժը մի կողմ դրած/, դրամը նույնիսկ կսկսեր արժևորվել։ Այսինքն, մարդիկ իրենց ռուբլին կփոխարկեին կայունացող դրամի։ /Ու հաջորդ հարցը արդեն ռուբլու արբիտրաժն է՝ սա առանձին/։
Փոխարե՞նը՝ փոխարենը այսօրվա ֆինանսական շուկայի բոլոր մարմիններն ամեն ինչ անում են, որ վստահություն չլինի՝ բանկերն իրենց հաճախորդներին չեն սպասարկում՝ փող սահմանափակ են փոխանակում, ԿԲ-ը ոչինչ չի ասում, կառավարությունը լռում է։ Ոնց որ պատասխանատու մարդ չլինի՝ չկա։ /Պուտինն ու Մեդվեդևը գոնե այս թեմայով խոսում են, փորձում են մարդկանց համոզել, որ վստահեն ռուբլուն … /։
ՀԳ.
Հենց նոր, օրվա վերջին ԿԲ-ն հայտնեց, որ այսօր վաճառել է 4 միլիոն դոլար (վերլուծությունը հրապարակվել է դեկտեմբերի 15-ին – խմբ.)։ Նախօրոք հայտարարվածից քիչ, իբր թե պահանջարկ չկա։ Սա ձեռառնելիք է, ու երբ սրան զուգահեռ առնչվում ես բանկերի կողմից փոխանակման մերժման, ապա խուճապը մեծանում է, ոչ թե փոքրանում։
Լուծումը՝
1. Այսօրվա քաղաքականությունը նախ հասկանանք՝ ուր է տանում։ Իսկ այն տանում է պարզ դասական մոդելի՝ չվճարումներ ու սնանկացումներ, արդյունքում մարդկանց եկամուտների կտրուկ անկում, որպեսզի մարդիկ գումար չունենան ու «խուճապային փուչիկը» չփչվի։
Հաջորդիվ՝ խուճապի ֆինանսական շուկայից տեղափոխում սպառողական շուկա, որի արդյունքում բարձրինֆլյացիոն մոդել՝ մարդկանց ռեալ եկամուտների էական կրճատում։ Հաջորդիվ, եկամուտների անկման ու չվճարումների պատճառով բանկերի լիկվիդացիոն ճգնաժամ՝ ընդհուպ մինչև որոշ բանկերի սնանկացում։
Հաջորդիվ՝ ֆիսկալ կրճատումներ, որպեսզի ինֆլյացիայի դեմն առնեն։ Ու, վերհիշենք, թե ինչու այս քաղաքականությունը չի աշխատի. փողը կկրճատվի՝ ինֆլյացիա չի լինի, փոխարժեքը կկայունանա։ Սա միֆ է , քանի որ երբ դրամը դառնում է «տաք կարտոֆիլ», ապա կտրուկ աճում է նրա շրջանառությունը, քանակին փոխարինում է արագությունը ու ազդեցությունը նույնն է լինում։ Միևնույն ժամանակ ոմանք հարստանում են, իսկ ոմանք սնանկանում՝ կախված թե ինչ սկզբնական դիրք արտարժութային ունեին։
Ու վերջին ազդեցությունը՝ ՀՀ ԿԲ պահուստները սահուն, բայց մեծածավալ պակասում են։ Տնտեսությունում սկսվում է դոլարով վճարումների պրակտիկան։
2. Ուրիշ լուծում։ Ուրիշ լուծումներ կան։ Պետք է հասկանալ, որ թափանիվը կարելի է ոչ միայն կանգնեցնել, այլև հակառակ ուղղությամբ պտտել։ Ու կարևորը՝ գիտակցել, որ տրանսֆերտների պակասը չի մեր խնդիրը։ Լուծումը ենթադրում է համալիր գործողություններ։
Դրանցից միայն մեկ-երկուսն ասեմ /ամենաէականը/։ Սենց թե նենց ԿԲ պահուստները պակասելու են։ Ու կապ չունի, միանգամից՝ թե մաս-մաս։ Անկանխիկ շուկայում կարելի է բալանսավորել վիճակը՝ հենց ԿԲ հայտարարությունը հաշվի առնելով։ Բանկերը այսօր ակնկալում են ամենօրյա ԿԲ կողմից փոքր չափաբաժնով միջամտություն։ Այսինքն, լիկվիդայնությունը պահվում է այդ մակարդակի վրա։ Արագ ու մեծածավալ ինտերվենցիայի դեպքում բանկերը չեն կարող կլանել ԿԲ կողմից առաջարկած մեծածավալ արտարժույթի վաճառքը։ Ի դեպ, սա չի նշանակում վերցնել ու պահել դրամը, արժևորել այն։ Պետք է խուճապը վերացնել ու կայունացնել, հետո ԿԲ-ն կարող է դանդաղ արժեզրկել դրամը, ու նույնիսկ շուկայից արտարժույթ ներգրավել։ ԿԲ-ն դուրս կգա սուտասա՞ն։ Կներեք, բայց երբ դրամի հանդեպ ամբողջ վստահությունը կորած է, երբ ԿԲ-ն անարդյունք մաշեցնում է երկրի պահուստներն ու շուտով ստիպված վարկեր է վերցնելու, գրողի ծոցը, թե ԿԲ-ն սուտասան դուրս չի գա։
Պետք է նաև սրան զուգահեռ լուծել ռուբլու փոխարկելիության խնդիրը։ Եթե ռուբլին անհնար/սահմանափակ է Ռուսաստանում փոխարկել, ապա այն պետք է ճանաչել ոչ փոխարկելի ու համապատասխան սահմանափակումներ դնել վրան։ Այն սահմանափակումներն, ինչ այսօր դրված է դոլար/եվրոյի վրա, պետք է հանել ու փոխարենը սահմանափակել ռուբլու գնումը, ինչպես նաև խիստ կարգավորել բանկերի ռուբլու դիրքը։ Սրա արդյունքում կպակասեն միգրանտների եկամուտները, ու հենց դա էլ կմեղմի ռուսական ճգնաժամի ազդեցությունը, այլապես՝ ամբողջ տնտեսությունն է կործանվելու։