Բաքուն` Մոսկվայի, Անկարայի, Թեհրանի ու Բրյուսելի միջև. Ֆահրադդին Աբոսզոդա

Ռուսական Rex լրատվական գործակալության կայքում հրապարակվել է քաղաքագետ Ֆահրադդին Աբոսզոդայի «Բաքուն` Մոսկվայի, Անկարայի, Թեհրանի ու Բրյուսելի միջև» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Ինչպես և կարելի էր սպասել, ոչ վաղ անցյալում Վլադիմիր Պուտինի թուրքական այցի ժամանակ ստորագրված ռուս-թուրքական պայմանագրերը առաջիններից մեկը «զգացին» Բաքվում: Առանց չափազանցության կարելի է փաստել, որ այդ իրադարձությունը բառացիորեն ալեկոծեց ողջ ադրբեջանական հասարակությունը:

Ադրբեջանի պաշոնական իշխանությունները թեև գրեթե երկու շաբաթ անց, այնուամենայնիվ փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի միջոցով հայտարարեցին, որ «Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցումը համապատասխանում է Ադրբեջանի շահերին, և իրենք ողջունում են դա»: Նրանք, ի դեպ, չկորցրին հնարավորությունը` հայտարարելու համար, որ ռուս-թուրքական մերձեցումը կարող է դրականորեն ազդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

Բաքվում տեղական էլիտայի մի մասը վստահ է, որ այդ իրադարձությունը կնպաստի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը» և անգամ կարճաժամկետ հեռանկարում կստեղծվի «ռուս-թուրք-ադրբեջանական դաշինք»:

Իսկ ահա մյուս մասը (հատկապես կառավարամետ տեղեկատվական ռեսուրսները) բացարձակապես չեն թաքցնում իրենց զայրույթը, ինչը, ընդ որում, ունի նախապատմություն:

Բանն այն է, որ նոյեմբերի սկզբին Իլհամ Ալիևն այցելեց Հունգարիա (ավելի վաղ պաշտոական այցով Բաքու է ժամանել Բուլղարիայի նախագահը, իսկ Իլհամ Ալիևը դեռ ամռանն այցելել էր Հռոմ): Այդ այցի շրջանակներում ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, որը նախատեսում է կազմակերպել գազի մատակարարումներ դեպի Կենտրոնական Եվրոպա:

Առաջին հայացքից դրանում որևէ արտասովոր բան չկա, քանի որ համանման փաստաթղթերի ստորագրումը բավական շարքային իրադարձություն է, ինչը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է: Դրա համար էլ միամիտ կլիներ ակնկալել Ռուսաստանի կողմից համապատասխան արձագանք դրա նկատմամբ. Մոսկվայում լավ գիտեն, որ Ադրբեջանն իր 16 միլիարդ խորանարդ մետր գազային «առվակով» որևէ կերպ չի կարող մրցակցել Ռուսաստանի հետ:

Սակայն բանն այն է, որ Ադրբեջանի կառավարամետ տեղեկատվական ռեսուրսները, ի դեմս Haqqin.az-ի, շտապեցին տվյալ փաստաթղթի ստորագրումը որակել որպես «եվրոպական շուկայում Պուտինի նկատմամբ Ալիևի հաղթանակ»: Այն ժամանակ այդ պորտալը մանկական ուրախությամբ գրեց.

«Ներկայումս, երբ Պուտինը տոնում է իր գազային հաղթանակը Չինաստանում, Ալիևին հաջողվեց համոզել Բուդապեշտին, որ ադրբեջանական գազը եվրոպական շուկա կհասնի ռուսական գազից ավելի շուտ: Այժմ վստահաբար կարելի է ասել, որ Ալիևը ռուս նախագահին եվրոպական շուկայում ամբողջովին գերազանցեց գազի ու նավթի հարցում»:

Ահա թե ինչու Regnum լրատվական գործակալությունը, մեկնաբանելով Անկարա Պուտինի այցի արդյունքները, գրեց, որ Իլհամ Ալիևը ոչ թե պարզապես զբաղվել է իր պետության շահի ապահովմամբ, այլև որոշել է «մեծապես ելնել Պուտինի դեմ»` դրա հետ մեկտեղ խոստանալով «փոխել Եվրոպայի էներգետիկ քարտեզը»:

Սակայն այժմ, երբ արդեն ակնհայտ դարձավ, որ Թուրքիան դուրս է բերվել «Ադրբեջանի հետ ռազմավարական էներգետիկ կապից», Ադրբեջանի իշխանությունները չեն կարող թաքցնել իրենց դժգոհությունները Թուրքիայի նախագահի քաղաքականությունից:

Տարածաշրջանի աշխարհաքաղաքական արմատական փոփոխությունների տեսանկյունից հատուկ նշանակություն է ձեռք բերում Պուտիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանի հնչեցրած առաջարկը, որն առնչվում է Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի միության ստեղծմանը:

Ինչպիսի տեսանկյունից էլ որ նայենք դրան, այդպիսի  միությունը չի կարող շահավետ լինել Ադրբեջանի համար, եթե նկատի ունենանք, որ Իրանում դեռևս չեն մոռացել «ընդհուպ մինչև Դերբենտ իրենց պատմական հողերի» մասին (հայտնի է, որ մինչև 1828թ. ներկայիս տարածքները, որոնցում 1920թ. կազմավորվել է Ադրբեջանական ՍՍՀ-ը, պատկանել են Իրանին):

Այժմ պետք է միայն սպասել` իմանալու համար, թե Իրանի իշխանությունները որքանով են պատրաստ այդպիսի միության ստեղծմանը: Սակայն եթե հաշվի առնենք, որ Պուտինի թուրքական այցի կարևոր արդյունքներից մեկը կարող է դառնալ Ասադի` Իրանի վաղեմի դաշնակցի հետ Էրդողանի հաշտվելը, ապա լիովին իրատեսական է թվում վերջինիս մուտքը վերոնշյալ միության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս