Ինչ հիվանդություն է թաքցնում փոխարժեքը

Եվ այսպես, դրամը շարունակում է արժեզրկվել։ Առևտրային բանկերը դոլարը երեկ գնում էին միջինը 457 դրամով, վաճառում` 463 դրամով։ Կենտրոնական բանկը նոր քաղաքականություն է որդեգրել` ամեն օր սակարկությունների միջոցով վաճառելով 6 միլիոն դոլար։ Ասում են` այդ ճանապարհով մինչև տարեվերջ շուկայում արտարժույթի պահանջարկը կթուլանա, և իրավիճակը կկայունանա։

Մարդիկ կան` մեղադրում են Կենտրոնական բանկին, որ թույլ տվեց` դրամը մեկ ամսում արժեզրկվի 12%-ով։ Մյուս մասն էլ մեղադրում է հակառակում` որ թույլ չէր տալիս դրամը արժեզրկվեր և գար իրական փոխարժեքին։ Այսօր էլ շատերը կասկածում են, որ ԿԲ-ին կհաջողվի կայունացնել վիճակը։ Ինչո՞ւ։ Որովհետև դեպքերի զարգացումը ԿԲ-ից կախված չէ։ Դրամն արժեզրկվում է Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացման և հիմնականում այդ երկրից եկող դրամական միջոցների (տրանսֆերտների) նվազման պատճառով։

Կարճ ասած, մեղավորը, ինչպես թվում է, տրանսֆերտներն են։ Սակայն դա այնքան էլ միանշանակ չէ։

Ընդհանուր առմամբ, տրանսֆերտները բացասական երևույթ չեն համարվում: Բանն այն է, որ դրանց շնորհիվ ստեղծվում է լրացուցիչ պահանջարկ, ինչը կարող է նպաստել տնտեսական աճին։ Բացի այդ, տրանսֆերտների ներհոսքը կայուն է պահում տնտեսական համակարգը, նվազ խոցելի դարձնում ներքին ճգնաժամերի նկատմամբ, քանի որ դրսից եկող փողը չի նվազում։ Այս ամենը` տեսականորեն։
Հայաստանի պարագայում, օրինակ, այդ տեսությունը չի աշխատել։

Տրանսֆերտների ներհոսքը տնտեսական աճին ու զարգացմանը ոչ միայն չի նպաստել, այլ հակառակը` տնտեսությունը վերածել է «պորտաբույծի»։ Դրսից գալիս են գումարներ, այստեղ այդ գումարներով գնվում են դրսից եկած ապրանքներ և նորից ետ գնում։ Որևէ լուրջ զարգացում այդ տրանսֆերտների շնորհիվ չի արձանագրվել։
Ավելին` դրամական փոխանցումները դարձել են իսկական գլխացավանք` խնդիրների պատճառ։ Սկզբում` շատ լինելու պատճառով խնդիրներ ունեինք, հիմա` քչանալու։
2003 թվականի վերջից մինչև 2008 թվականի սկիզբը (4 տարվա ընթացքում) դրամն արժևորվեց շուրջ 48%-ով. 1 դոլարի գինը 584 դրամից հասավ 304 դրամի։

Արդյունքում` արդյունաբերության ոլորտը հայտնվեց խոր ճգնաժամի մեջ։ Ըստ ԿԲ-ի` պատճառն արտերկրից Հայաստան եկող տրանսֆերտների աճն էր ու արտարժույթի առաջարկի ավելացումը։ Այսինքն` Հայաստանը տառապում էր «Հոլանդական հիվանդությամբ»։

Հիմա տեղի է ունենում հակառակը։ Դրամի փոխարժեքը կտրուկ անկում է ապրում։ Տրանսֆերտներն` իրենց ֆիզիկական ծավալով և արժեքով, նվազում են` նպաստելով խուճապային տրամադրությունների առաջացմանը։

Ընդ որում, դա տեղի է ունենում հիմնականում մեկ երկրի` Ռուսաստանի տնտեսական խնդիրների հետևանքով:

«ԱՊՀ երկրների վրա այս ամենի ազդեցությունը բազմապատկվեց տարածաշրջանային աշխարհաքաղաքական խնդիրներով և նավթի գների անկմամբ: Այս երկու գործոնները բերեցին ՌԴ տնտեսական աճի կտրուկ կրճատմանը և ռուբլու փոխարժեքի արժեզրկմանը: Այս ամենն ավելացրեց ճնշումներն ԱՊՀ տարածաշրջանի երկրներում` արտահանման և դրամական փոխանցումների տեսքով ԱՄՆ դոլարի ներհոսքի կրճատման միջոցով»,- ասում է ՀՀ ԿԲ-ն։

Մեր պաշտոնյաները սիրում են կրկնել` Հայաստանը, լինելով բաց տնտեսություն ունեցող երկիր, չի կարող անմասն մնալ միջազգային զարգացումներից։ Ոչ, Հայաստանը ոչ թե բաց տնտեսություն ունի, այլ` մեկ այլ երկրից կախված տնտեսություն։

Վտանգավոր աստիճանի կախված` տարբեր առումներով։ Թե այն առումով, որ ռազմավարական նշանակության օբյեկտների զգալի մասը պատկանում է ռուսական կապիտալին, թե՛ էներգակիրների մատակարարման, թե՛ դրամական փոխանցումների առումով (որոնց 80%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին)։

Օրինակ, Հայաստանում 2013 թվականի տվյալներով` մասնավոր տրանսֆերտները կազմել են ՀՆԱ-ի 21%-ը։ Այդ ցուցանիշով մենք աշխարհում 9-րդ տեղում ենք։ Այսինքն` գտնվում ենք տրանսֆերտներից առավել խորը կախվածություն ունեցող երկրների առաջին տասնյակում։ Առաջին տեղում Արևելյան Թիմորն է, որտեղ փոխանցումներն ավելի քան երկու անգամ մեծ են երկրի ՀՆԱ-ից։ Հայաստանին այս ցանկում նախորդում են Լեսոթոն (24.4%), Սամոան (23.8%) և Հայիթին (21.1%)։ Մեզնից հետո գալիս են Գամբիան (19.8%), Լիբերիան (18.5%) և Լիբանանը (17%)։ Հետաքրքիր շրջապատում ենք հայտնվել, այնպես չէ՞։

Եվ այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, կարող է դասագրքային օրինակ դառնալ, թե ինչ կարող է տեղի ունենալ մի երկրի հետ, որը նման կախվածություն ունի։ Տրանսֆերտները, որոնք նախկինում աճում էին երկնիշ թվով, այս տարի նվազում են։

Ըստ ՀՀ ԿԲ տեղեկագրի` այս տարվա հունվար-հոկտեմբերին բանկային համակարգի ֆիզիկական անձանց ոչ առևտրային նպատակով կատարված փոխանցումները նվազել են 28.6 միլիոն դոլարով կամ շուրջ 1.9%-ով։ Փոխանցումների ներհոսքն այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում կազմել է 1 միլիարդ 484.7 միլիոն դոլար` 2013թ. նույն ժամանակահատվածի 1 միլիարդ 513.3 միլիոնի դիմաց: Իսկ Ռուսաստանից եկող դրամական փոխանցումները նվազել են 57.1 միլիոն դոլարով կամ 4.4%-ով։ Այս տարի ֆիզիկական անձինք ՌԴ-ից Հայաստան ոչ առևտրային նպատակներով փոխանցել են 1 միլիարդ 241.4 միլիոն դոլար` նախորդ տարվա 1 միլիարդ 298.6 միլիոնի դիմաց։

Արդյունքում` տեղի է ունենում այն, ինչ տեսնում ենք։ Ու սա ոչ այլ ինչ է, քան հիվանդություն` թմրամոլության պես մի բան։

Ու մենք հիմա ոչ թե բուժում ենք այդ հիվանդությունը, այլ փորձում պայքարել հետևանքների դեմ։ Քանի դեռ այդ հիվանդությունը` կախվածությունը կա, դրամի փոխարժեքն ու ՀՀ տնտեսական վիճակը միշտ խոցելի են լինելու Ռուսաստանից եկող ռիսկերի նկատմամբ։ Այս առումով միայն ԿԲ-ին մեղադրել չի կարելի, որովհետև, ինչպես Արթուր Ջավադյանը նախօրեին հայտարարեց, սա շոկային իրավիճակ է` տնտեսական օրինաչափություններից դուրս։ ԿԲ-ն ընդամենը կարող է փոքր-ինչ մեղմել տատանումները, սակայն կանխել դրանք կամ վերացնել` չի կարող։ Խնդիրը շատ ավելի խորն է ու ԿԲ լուծման դաշտից դուրս։ Դա մեր տնտեսության հիվանդ կառուցվածքն է։

Սա շատ նման է այն դեպքին, եթե ինչ-որ մեկի փչացած ատամը ցավում է և ատամնաբույժի մոտ գնալու փոխարեն` նա սկսում է ցավազրկողներ խմել` ցավը մեղմացնելու համար։
Ինչպես ասում են` ավելի հեշտ է հիվանդությունը կանխել, քան բուժել։ Մենք չենք կանխել։ Մենք խոսել ենք այդ մասին, սակայն չենք ապահովել այնպիսի միջավայր, որտեղ կլիներ օրենքի առջև հավասարություն, պաշտպանվածություն, մրցակցություն, թափանցիկություն, ժողովրդավարություն, վստահություն պետության նկատմամբ։ Մենք թույլ ենք տվել, որ մեր ամենաթանկ ռեսուրսը` մարդը, դուրս գնա։ Դրա մեղավորը հաստատ ԿԲ-ն չէ։ Կամ` միայն ԿԲ-ն չէ։
Ու հիմա քաղում ենք այդ ամենի պտուղները։

Իսկ հիմա մարդ արդեն չի էլ պատկերացնում` ինչպես բուժել այդ հիվանդությունը` վերացնել կախվածությունը։ Հակառակը` ամեն ինչ տանում է նրան, որ այդ կախվածությունն ավելի է ուժեղանում։

Տեսանյութեր

Լրահոս