Բաժիններ՝

Ոչ մի ինքնագործունեություն. Բյուջեն թալանում ենք միասին

«Սա նո՜ր Հայաստան է, և վերջ: Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է, և վերջ: Սա օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է, և վերջ»: ՀՀ նախագահի՝ 2 տարի առաջ իր կուսակիցների 14-րդ համագումարում ասված այս խոսքերը հենց երեկ գործով ապացուցվեցին. 12 տարվա ազատազրկման դատապարտվեց Հայաստանի սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանը:

Կուսակցական պատկանելությունը՝ հանրապետական: Մեղադրանքը պետական բյուջեին միլիոնավոր դոլարների հասցված վնասն է:
Այսինքն՝ անազնիվ այս պաշտոնյան, որը, հասկանալի է, միակն է այսպիսին կուսակցությունում, անմիջապես մեկուսացվեց հասարակությունից ամբողջ 12 տարով, քանի որ վնաս է հասցրել պետական բյուջեին: Խոսքը, ի դեպ, այն բյուջեի մասին է, որի 70 տոկոսը, ըստ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրապարակային ելույթի, ռիսկային է:

Պետական բյուջեի հանդեպ յուրաքանչյուր ոտնձգություն, հատկապես՝ պետական պաշտոնյայի կողմից, անմիջապես ենթակա է խստագույն պատժի: Սակայն ինչո՞ւ է բարձրաստիճան պաշտոնյաների համար պետական բյուջեն այդքան գայթակղիչ:
Բյուջեի հանդեպ թուլությունը խորհրդարանը փորձեց թուլացնել. այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը: Ի դեպ, այդ օրենքով բարձրացավ նաև ԱԺ նախագահի (1.118.000դրամ), պատգամավորների աշխատավարձը (660 000 դրամ):

Գումարած՝ տուրիստական ճամփորդությունները, ծառայողական մեքենաները, բազմաթիվ այլ արտոնություններ: Սակայն նման աշխատավարձ սահմանել բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների համար արդյո՞ք լեգալացված ոտնձգություն չէ պետական բյուջեի հանդեպ: Առանց քվեարկման ենթակա օրինագծերը կարդալու՝ այս մարդիկ (բացառությամբ՝ մի քանիսի) սեղմում են անհրաժեշտ կոճակը: Իսկ 660 000 դրամով կոճակ սեղմելը չափազանց թանկ գին է, որը, հիշեցնեմ, վճարվում է հարկատուներիս հաշվին, պետական բյուջեից:

Պատմությունը տվել է Կալիգուլայի գնահատականը՝ վերջացած սադիստ: Բոլորը գիտեն՝ նա իր ձիուն կարգեց սենատոր: Եվ հարյուրավոր տարիներ այս օրինակը բերվում է՝ իբրև կամայականության աննախադեպ օրինակ, մարդու դեմ ուղղված արհամարհանքի դրսևորում:

Բայց դատենք այսօրվա չափանիշերով. ձին ուղղակի հրաշալի սենատոր էր: Ելույթ ունենալու, քվեարկելու համար նա կաշառք չէր վերցնում, քաղաքական կամ տնտեսական խմբերի իրավունքները պաշտպանող օրինագծերի լոբբի չէր անում, չէր քվեարկում իր երկրի ինքնիշխանությունը մեկ այլ երկրի հանձնելու օգտին: Եթե՜ մեր խորհրդարանում ունենայինք գոնե 100 նման ձիեր…

Նույն հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ մեկ այլ՝ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքը: Ըստ այդմ՝ պետությունը նպատակահարմար է գտել բարձրացնել նաև նվազագույն աշխատավարձը՝ 45 000-ից դարձնելով ամբողջ 50 000: Ինչո՞ւ խորհրդարանն այդքան շռայլ է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի և սեփական բարեկեցության հարցերում, սակայն գտնում է, որ 50 000 դրամն այնքան էլ քիչ չէ աստիճան չունեցող մարդկանց համար: Ա՜, ըստ սոցապ նախարարության պաշտոնյայի, աշխատավարձերը սահմանելիս հաշվի են առնվում ծառայողների պատասխանատվությունը, ծանրաբեռնվածությունը, տվյալ աշխատանքի պատասխանատվության աստիճանը:

Ի վերջո, որքան էլ պետական բյուջեից, օրենքով բարձրացվում են պետական ծառայողների ու հատկապես` բարձրաստիճան ծառայողների աշխատավարձերը, նրանք, միևնույն է, այդ աշխատավարձով չէ, որ ապրում են:

Մարդը կա՛մ ազնիվ է, կա՛մ անազնիվ: Եթե նա լրացուցիչ վարձատրության անհրաժեշտություն է տեսնում՝ սրիկա չլինելու համար, սա այլ պատմություն է:

Հիշո՞ւմ եք, երբ ԲՀԿ-ն դեռևս կոալիցիայում էր, ԲՀԿ առաջնորդը հրապարակայնորեն նկատեց, թե լրացուցիչ վարձրատրում է իր նախարարներին, որպեսզի վերջիններս պետական գանձարանի վրա աչք չունենան:

Լրագրողները գրեթե ամեն օր գրում են, թե պետական միջոցների ինչպիսի վատնումներ են տեղի ունենում, երբ գերատեսչությունները կառուցում են ուսումնական կենտրոններ Հայաստանի գեղատեսիլ վայրերում: Շինարարական կազմակերպություններն «ընկերաբար», այսինքն՝ վախից, տրամադրում են շինանյութ, իսկ այդ գումարները դուրս են գրվում պետբյուջեից: Սակայն որևէ մեկը պետական բյուջեն մսխելու մեղադրանքով մինչ օրս (Խաչիկյանից բացի) չի մեղադրվել: Լրագրողներն այդքան գրում են:

Ընդ որում, գրում են հասկանալի: Ամեն դեպքում, ընթերցողները հասկանում են: Այդ ինչպե՞ս է, որ երկրի նախագահին, կառավարության ղեկավարին այնքան անհասկանալի են մնում պետական բյուջեի մսխման մասին բազմաթիվ հայտարարությունները: Երբ լրագրողները կոռուպցիոն ռիսկերի մասին հարցեր են ուղղում պետական բարձրաստիճան ծառայողներին, վերջիններս զարմանքից կլորացած աչքերով նայում են լրագրողներին՝ ո՞ւմ մասին է խոսքը, գլխի չենք ընկնում:
Հիմա՝ 12 տարի ազատազրկման է դատապարտված Վազգեն Խաչիկյանը: Հանցանք է կատարել, պետք է պատժվի:

Սակայն կա՞ Հայաստանում մի պաշտոնյա, ով իրեն թույլ տա առանց երկրի ղեկավարի (կամ կուսակցության առաջնորդի) գիտության՝ յուրացնել այդ միլիոնները: Ինչ-որ մեկը դրան հավատո՞ւմ է: Թերևս կա այլ հանգամանք. բարձրաստիճան պաշտոնյաները կոռումպացված են ոտքից գլուխ, նախարարական պորտֆելներն անգամ աճուրդի են դրված: Վազգեն Խաչիկյանի ազատազրկման, պատժի ամենահավանական պատճառը, թերևս, այն է, որ նա միայնակ է ինչ-որ գումարներ յուրացրել՝ առանց «ընդհանուր կասսա» մուծելու:

Վազգեն Խաչիկյանը 12 տարվա ազատազրկման է դատապարտված: Հրապարակային այս դատավարությունը հեռուստադիտողների կամ քաղաքացիների համար չէր, որոնց պետք լիներ համոզել, թե պետական չինովնիկների յուրաքանչյուր հայացք բյուջեի ուղղությամբ պատժվում է:

Այս դատավարությունը, թույլ եմ տալիս ինձ ենթադրել, յուրայիններին ուղղված կոչ էր՝ չզբաղվել ինքնագործունեությամբ՝ պետական բյուջեն թալանելիս: Դա խմբակային, համաձայնեցված գործողություն է՝ հանուն խմբակային շահերի: Իսկ խմբակի անունը հապավումով հնչում է այսպես՝ Հ Հ Կ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս