«Այնքան շատ եմ տեսել այդ սպիտակ հարսի զգեստներն ու ժապավենները, որ դա ինձ արդեն չի հետաքրքրում»

Հարցազրույց դիզայներ Ֆաինա Հարությունյանի հետ

– Ֆաինա, որպես Ձեր ստեղծագործությունների կամ բրենդի խորհրդանիշ` Դուք ընտրել եք փոքրիկ-հպարտ թռչնակի կերպարը: Ի՞նչ է այն խորհրդանշում:

– Առհասարակ շատ երկար չեմ մտածել` այդ թռչնակին «ի հայտ բերելու» համար: Այն միանգամից ի հայտ եկավ: Պարզապես կարծում եմ, որ յուրաքանչյուր կին իր ներաշխարհով թռչնակ է: Պարզապես թռչնակները տարբեր են լինում` հպարտ, ազատատենչ, վանդակին ձգտող, վանդակ չհանդուրժողգ Կանայք տարբեր են` թռչնակների պես:

– Աշնանային դեպրեսիա ասվածն ազդո՞ւմ է Ձեր հոգեվիճակի վրա:

Կարդացեք նաև

– Իհարկե:

– Ունե՞ք դեպրեսիվ հագուստ:

– Հագիս է իմ դեպրեսիվ հագուստը: Ոտքից գլուխ սև եմ հագնված: Իրականում մենք չունենք դեպրեսիվ հագուստ: Մենք ունենք զուսպ հագուստ:

– Միգուցե սուբյեկտիվ է կարծիքս, սակայն կարծում եմ, որ Ձեր ստեղծած հագուստներին հատուկ է զսպվածությունը. չկան ճչան գույներ, կտրուկ գծերգ Զսպվածությունը հատո՞ւկ է Ձեր էությանը, տեսակին:

– Երբ դիզայները հագուստ է ստեղծում, նա առաջնահերթ մտածում է` կհագնի՞ ինքն արդյոք այդ հագուստը, թե՞ ոչ: Խոսքս կոմերցիոն հագուստի մասին չէ:

Faina5

– Ի՞նչ են պատկերացնում այդ դեպքում տղամարդ դիզայներները:

– Հիմնականում տղամարդ դիզայներն իրեն կին է պատկերացնում: Կարծում եմ, որ նա չի պատկերացնում այդ հագուստը մեկ այլ կնոջ համար: Նա իրեն է կին պատկերացնում:

– Ի՞նչն է Ձեզ համար մտահղացման աղբյուր հանդիսանում` բացասակա՞ն, թե՞ դրական էմոցիաները, ապրումները, տեսարաններըգ

– Երբ ես տրամադրություն չունեմ` ընդհանրապես չեմ ուզում աշխատել: Չեմ ուզում, որ իմ բացասական էներգիան վերածվի հագուստիգ Ես գիտեմ, որ ժամանակ է պետք, որպեսզի այդ բացասական էներգիան անցնի: Եվ պարզապես սպասում եմ: Ես նման պահերին անգամ մարդկանց հետ շփվելու ցանկություն չունեմ, ուր մնաց թե` ինչ-որ բան ստեղծեմ:

– Սովորաբար ասում են, որ պետք է մարդ մի լավ «գժվի»` լավ կտավ, գիրք կամ թե արվեստի այլ գործ ստեղծելու համար:

– Իմ կարծիքով` ինչ-որ լավ բան ստեղծելու համար հատուկ պայմաններ պետք չեն: Ես չեմ հավատում, որ արվեստագետը պետք է լինի «ցնորված ու խենթ»: Մարդիկ տարբեր են և ամեն ինչ տարբեր կերպ են ընկալում: Սովորաբար այն ամեն հետաքրքիրը, ինչ ես ստեղծել եմ` ստացվել է շատ պատահաբար: Հատուկ չեմ նստել, տրամադրվելգ Չեն եղել գիշերներ, երբ ես հանկարծ վեր եմ թռչել անկողնուց և սկսել նկարել նոր մոդելներ:

Faina6

– Դուք հասել եք այն մակարդակին, երբ Ձեզ դիմում են մարդիկ, ովքեր ուզում են կրել հենց Ձեր առաջարկած ոճը: Սակայն սկզբնական շրջանում եղե՞լ են պահեր, երբ Ձեզ դիմել են և ընկալել` միայն իբրև դերձակի:

– Իհարկե: Երբ քեզ չեն ճանաչում, այդպես էլ պետք է լիներ: Դա նորմալ է, բոլորն էլ սկզբնական քայլերը հենց այդ կերպ են անցկացնում: Ոչ ոք չի գա` դուռդ թակի ու ասի, որ լսել է, թե ինչ լավն եմ ես և ինչ հրաշալի մտքեր են սավառնում իմ գլխում: Դու պետք է քեզ ցույց տաս, որ մարդիկ քեզ հավանեն:

– Ձեր կարծիքով` ունե՞ք բիզնես կնոջ հոտառություն: Եվ ո՞րն է այդ հոտառությունը:

– Վստահ եմ, որ ունեմ այդ հոտառությունը, քանի որ ինձ մոտ ստացվում է: Այն, ինչ ես հիմա ունեմ, հենց այդ հոտառության արդյունքն է: Նորաձևությունը բիզնես է: Նորաձևությանը պետք չէ վերաբերվել` որպես արվեստի: Ամբողջ աշխարհում է դա բիզնես: Դրա համար է, որ հայտնի նորաձևության տները տարին մի քանի անգամ ցուցադրություններ են կազմակերպում, առաջարկում նոր հավաքածուներ, որպեսզի հետո այդ ամենը հայտնվի շուկայում և հասնի մեզ, և մենք գնենք այդ ամենը: Դա բիզնես է:

Faina

– Դուք Ձեզ նկարիչ համարո՞ւմ եք:

– Ո՛չ իհարկե: Ես նկարիչ չեմ: Եվ հիմա ձևական համեստություն չեմ անում:

– Բայց չէ՞ որ Դուք նկարում եք, նոր մտքեր եք ստեղծում, իրականություն եք դարձնում այդ ամենը` հագուստի տեսքով:

– Ոչ բոլոր նկարողներն իրավունք ունեն նկարիչ կոչվելու: Ես անգամ երկար ժամանակ չէի ուզում ներկայանալ` որպես դիզայներ: Ոչ ոք ինձ չէր ճանաչում, ես դեռ չէի ներկայացել` ինչպես հարկն էգ Չեմ սիրում տերմիններ առհասարակ: Ես վախենում եմ ինքս ինձ որակավորումներ վերագրելուց: Եվ շատ զարմանում եմ, թե ինչ համարձակությամբ, ինչ հեշտությամբ են դեռ չսովորած, ոչինչ չներկայացրած երիտասարդներն իրենք իրենց դիզայներ կոչում: Այդ կոչումները պետք է վաստակել: Պետք է ինքդ քեզ համար հասկանաս` իրավունք ունե՞ս արդյոք այդպիսին կոչվելու:

– Նշում եք, որ Ձեզ Հայաստան բերեց կարոտը, գիտակցումը, որ Դուք պետք է ապրեք Հայաստանում: Ձեզ նման` հայրենիքի մասին մեծ գաղափարներով ընկերներիցս մեկն ամեն անգամ «վերջնականապես» Հայաստանում բնակվելու մեծ ցանկությամբ գալիս է հայրենիք, սակայն բախվելով այստեղի դժվար ու բարդ իրականությանը` իսկույն ետ վերադառնալու ցանկություն է ունենում:

– Նա հավանաբար արդեն հասուն տարիքի է: Իսկ երբ ես եկա Հայաստան` ընդամենը 18 տարեկան էի` մաքսիմալիստական տրամադրությամբ, և այլնգ Եթե այս տարիքում լինեի, միգուցե այլ որոշում կայացնեի: Սովորելու համար երևի թե կմեկնեի այլ երկիր, սակայն միշտ երազել եմ, որ ամուսնանալու եմ հայ տղամարդու հետ, իմ երեխաները պետք է հայ լինեն:

Faina1

– Հնարավո՞ր է լինել հաջողակ և՛ կարիերայում, և՛ անձնական կյանքում: Մեկը մյուսին չե՞ն խանգարում:

– Իհա՛րկե ոչ, եթե դու հստակ գիտես, թե ինչ ես ուզում, և եթե քո տղամարդը հասկանում է քեզ:

– «Եթե»-ն լավ էր ասված, իհարկե:

– Դրա համար պետք է մի քիչ մտածել երևի:

– Արդյոք հնարավո՞ր է սիրել մեկին` «մտածելով»:

– Սիրահարվելուց հետո, երբ տեսնում ես, որ հայտնվում են որոշակի արգելքներ, որոնք անհամատեղելի են քո տեսակի հետ, երբ քեզ շարունակ փորձում են «ձևափոխել»` դարձնել սեփականըգ Այստեղ խնդիրն անձնականն ու կարիերան համատեղելու մեջ չէ:

Ամբողջ հարցը կայանում է կնոջ ինքնագնահատականի մեջ, և, թե որքանով է կինը գիտակցում` ինչպիսի տղամարդու հետ է իր կյանքը կապում: Խելք ասելով` նկատի ունեմ յուրաքանչյուր մարդու գիտակցված որոշումը` ամեն հարցում: Տղամարդը, ում հետ ես պատրաստվում եմ կապել իմ հետագա կյանքը, շատ լավ գիտի, թե ինչով եմ ես զբաղված, և ամեն հարցում աջակցում է ինձ:

Faina3

– Կարծում եք` կարևո՞ր է, որ նա ևս լինի նույն բնագավառից կամ գոնե քիչ թե շատ պատկերացում կազմի այն աշխարհից, որտեղ իր ապագա կինն է աշխատում:

– Նա օպերատոր և ռեժիսոր է: Բայց եթե նա անգամ բանկի աշխատակից լիներ, ոչինչ չէր փոխվի: Իրականում դա կապ չունի մասնագիտության հետ, դա կապ ունի միայն և միայն մարդու տեսակի և նրա ընդունած որոշումների հետ:

– Ձեզ մոտ գալիս են կանայք, ովքեր գիտեն, որ անվանի դիզայների մոտ հագնվելու համար պետք է որոշակի գումար ունենալ: Եվ շատ հաճախ այդ գումարները տնօրինում են տվյալ կանանց տղամարդիկ, ովքեր և վճարում են իրենց կանանց կամ դուստրերի ցանկությունների դիմաց: Ըստ Ձեզ` մեր հայ կանայք ունե՞ն ինքնագնահատականի խնդիր:

– Քանի որ իմ գները մատչելի են` համեմատաբար այլ դիզայներների կամ էլ խանութներում գտնվող բրենդային հագուստների համեմատ, շատ տղամարդիկ անկեղծորեն ուրախանում են, երբ գալիս են այստեղ: Նրանք ստիպված չեն ժամերով շրջել խանութներում իրենց կանանց հետ: Ինձ մոտ շատ քիչ կան հարուստ կանայք, որոնց ծախսերը հոգում են իրենց տղամարդիկ: Շատ հաճախ ինձ մոտ գալիս են կայացած, ինքնուրույն կանայք, ովքեր իրենց բնագավառում քիչ թե շատ հասել են արդյունքների: Եվ նրանք ի վիճակի են հոգալու սեփական ծախսերն ինքնուրույն: Կայացած լինելը` առաջին հերթին, հոգեվիճակ է: Եվ ես ուրախ եմ, որ իմ հաճախորդները հենց այդպիսիք են:

– Նմանը նմանի՞ն է ձգտում:

– Երևի կա նման միտում: Ես այն կերպարը չեմ, ում մոտ կարելի է գալ, ժամերով զրուցել` չգիտես ինչից, սուրճ խմել և արանքում էլի մի շորիկ պատվիրել` քմահաճույքի համար, հետո հեռանալ` այդպես էլ չհասկանալով, թե ինչո՞ւ եկավ հենց ինձ մոտ: Նման բան անում են այն կանայք, ովքեր անելիք չունեն և գալիս են գեղեցիկ ատելյե` ժամանակ անցկացնելու: Հատկապես, որ իմ ատելյեն առանձնապես գեղեցիկ չէ: Այն պրակտիկ է և հարմարավետ: Ի վերջո, սա իմ աշխատատեղն է: Հագուստի հետ ես նաև տրամադրություն եմ վաճառում:

– Ինչպիսի՞ն է լինում զգեստի ընտրության ընթացքը, երբ նաև ամուսինն է ներկա լինում:

– Կան ամուսիններ, ովքեր ընտրում են կտորի որակից մինչև զգեստի երկարությունը: Կան ամուսիններ, որոնք պարզապես հայացքով հավանություն են տալիս այն ամենին, ինչ ընտրում է կինըգ Շատ հետաքրքիր է, երբ տղամարդը երկար, շատ երկար շոշափում է կտորի որակը` այդպես էլ չհասկանալով, թե ի՞նչ հարցի պատասխան է ուզում ստանալ այդ շոշափումովգ

– Վաղուց արդեն VIP արտահայտությունը կարծես թե կորցրել է իր նշանակությունը: Ձեզ համար կա՞ն VIP հաճախորդներ, և ինչո՞վ է VIP այցելուն տարբերվում ոչ VIP-ից:

– Ոչնչով: Ինձ մոտ չկա նման մոտեցում առհասարակ: Իմ բոլոր հաճախորդներն էլ ինձ համար VIP են: Ես բոլորին ցուցաբերում եմ նույն մոտեցումը: Չկան առանձնահատուկ հաճախորդներ, որոնց համար ես յուրահատուկ պայմաններ եմ ստեղծում: Պայմաններ ստեղծում եմ բոլորի համար` անխտիր:

Faina4

– Հետաքրքիր և հանրային սեր վայելող Ձեր նախաձեռնություններից է «Տիգրան Մեծի» պատկերով արված «սվիտերները», որոնք բավականին հաջող են ոչ միայն գաղափարային, այլև կոմերցիոն առումով:

– Թող սա լինի իմ ամենաանհամեստ հարցազրույցը, սակայն ես պետք է նշեմ, որ այն բանից հետո, երբ ես իրականացրեցի այդ մտահղացումը, շատ դիզայներներ գլխի ընկան, որ` այո՛, կարելի է անդրադառնալ հայկական թեմատիկային, զարդանախշերին, տառերինգ Այդ ժամանակ ողջ աշխարհում նորաձև էր switshot-երը` երկարաթև սվիտերները, որոնց վրա արվում էր տարբեր թեմատիկ պրինտեր: Ես որոշեցի, որ հայկական տարբերակում պետք է պատկերված լինի մեր պատմության ամենահզոր արքան` Տիգրան Մեծը:

Ես այդպես էլ արեցի, հագա արդեն պատրաստի սվիտերն ու լուսանկարվեցի: Երբ լուսանկարը հայտնվեց համացանցում, ինձ սկսեցին գրել, զանգել, հետաքրքրվելգ Մինչ օրս այն մեծ հաջողություն է վայելում: Այն լավ են գնում: Ես չգիտեմ, թե ի՞նչ կարող եմ ստեղծել, որ լինի դրան հավասարազոր` հետաքրքրության և վաճառքի առումով:

– Դուք բազում հարսիկների համար հարսանեկան զգեստներ եք կարել և կարում եք: Ե՞րբ է Ձեր հերթը հասնելու, սակայն, արդեն կրելու իմաստով` այդ զգեստը:

– Երևի երբեք: Չեմ սիրում, ավելի ճիշտ կլիներ ասել` չեմ պատկերացնում ինձ հարսի զգեստով: Այնքան շատ եմ տեսել այդ սպիտակ զգեստներն ու ժապավենները, որ դա ինձ արդեն չի էլ հետաքրքրում: Ես և իմ ընտրյալն այլ կերպ ենք նայում նման հարցերին: Նախ` մենք չափազանց զբաղված ենք: Կարծում եմ` մենք մաքսիմում փոքր-ինչ երկար ժամանակ տրամադրենք մատանիների ընտրությանը, բայց ոչ` ավելի:

– Դուք արդեն երկու տարի ապրում եք միասին և Ձեզ արդեն իսկ ամուսիններ եք համարում: Հաշվի առնելով Ձեր ժամանակակից հայացքներն այդ հարցին, «ինչների՞դ» է պետք կնիքն անձնագրում և այդ պաշտոնական «տաշի-տուշին»:

– Տաշի-տուշի հաստատ չի լինի: Ասեմ ավելին, երբ ինձ հարսանիքների են հրավիրում, ես հազվադեպ եմ ներկա լինում ռեստորանում: Մեծ հաճույքով գնում եմ եկեղեցի, մասնակցում այդ գեղեցիկ և շատ կարևոր արարողակարգին: Ամեն անգամ անկեղծորեն հուզվում եմ, սակայն ռեստորան չեմ գնում: Ինչ վերաբերում է անձնագրում առկա կնիքին, ասեմ, որ դա երևի թե պետք է հետագայի համար: Ի վերջո, մենք ուզում ենք նաև երեխաներ ունենալ:

– Իսկ եթե Ձեր ընտրյալը կամենա, որ Դուք, ի վերջո, կրեք այդ զգեստը:

– Դե, եթե կամենա… Նրա համար կկրեմ: Ես կարևորում եմ պսակադրությունը եկեղեցում: Այն խորհուրդ ունի իր մեջ: Չեմ ընդունում ցուցադրական, հսկայական ծախսերով արված ճոխ ու թիթիզ հարսանիքները: Երբ տեսնում ենք, թե ինչպես են շախով-շուխով ամուսնացողները, նույն շախով էլ` ամուսնալուծվում, շատ ավելի անիմաստ է թվում այդ ամենը: Կարծում եմ` սխալ է կյանքի համար շատ կարևոր քայլերում ձևականության և ցուցամոլության հետևից ընկնելը: Այդ ընթացքում մի տեսակ երկրորդ-երրորդ պլան է մղվում ամենակարևորը` սերը, ամուսնանալու նպատակը: Իմ բախտն այդ հարցում բերել է. իմ ընտրյալը համամիտ է ինձ հետ: Եվ շատ կարևոր մի հանգամանք ևս` մենք ունենք շատ ժամանակակից մտածելակերպով ծնողներ, ովքեր աջակցում են մեզ ամեն հարցում` մեր ծանոթության առաջին իսկ օրից:

Տեսանյութեր

Լրահոս