«Ինչո՞ւ է Թրամփն այսքան ակտիվ. ԱՄՆ-ն անհանգստացած է, որ ՌԴ-ն չգրավի Օդեսան, Խարկովը և Ուկրաինային կտրի Սև ծովից». Գարիկ Քեռյան
ԱՄՆ նախագաը տևական ժամանակ է՝ միջնորդի դեր է ստանձնել, որպեսզի հանգուցալուծվի ռուս-ուկրաինական պատերազմը։
Նա այս կարգավորման համար առաջարկել էր 28 կետանոց համաձայնագիր, սակայն վերջերս հայտարարեց, որ այժմ 28-ի փոխարեն՝ կա 22-ը։
ՌԻԱ Նովոստին էլ այսօր փոխանցել է, որ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան վարչակազմի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները ներկայում աշխատում են պարզելու ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունը։
«Մենք փորձում ենք լուծել այս հարցը։ Ես ավարտել եմ ութ պատերազմ, սա կլինի իններորդը, և մեր մարդիկ հիմա Ռուսաստանում են՝ տեսնելու, թե կարո՞ղ ենք հասնել կարգավորման։ Սա դժվարին իրավիճակ է»,- ասել է Թրամփը Սպիտակ տան կաբինետի նիստում։
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը դեկտեմբերի 2-ին բանակցություններ են վարել Մոսկվայում։ Նշվում է, որ սա Ուիթքոֆի վեցերորդ այցն է ընթացիկ տարում։
Կհաջողվի՞ Թրամփի միջնորդությամբ վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին։
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի խոսքով՝ ի սկզբանե Թրամփը խնդրի հանգուցալուծման համար հրապարակել էր իր հաշտության նախագիծը, որի 28 կետերից 3-ն են հանգուցային։
Ըստ դրանց, Ռուսաստանի տարածքային պահանջներն ամբողջությամբ բավարարվում է՝ Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը ՌԴ-ի նախանշած սահմաններում է լինելու, փոխարենը՝ Ռուսաստանը փոքր զիջումների էր գնալու Զապարոժիեի և Խերսոնի մարզերում, տարածքային վերջնական սահմանային գիծ այդ հատվածում չի արձանագրվելու։
«Միացյալ Նահանգները խոստանում է, որ խաղաղության հաստատումից հետո վերացվելու են պատժամիջոցները, հանվելու են ՌԴ ակտիվների վրա դրված պատժամիջոցները։ Մենք գիտենք, որ Ռուսաստանի մի քանի միլիարդ գումար սառեցված է Արևմտյան բանկերում։
Բայց ԵՄ-ն ըստ էության այս պլանը չընդունեց և Ժնևում ձեռնարկեց հանդիպումներ, որոնց արդյունքում 28 կետը դարձավ 19։ Թե այս կետերում որքանո՞վ է մնացել նշածս հոդվածներով նախատեսված դրույթները, ցավոք, չի հանրայնացվել։ Պարզապես արձագանքներից հասկացանք, որ այս կետերը ոչ բարենպաստ են դարձել Ռուսաստանի համար, և դրանք ուղղված են ավելի շատ ուկրաինական շահերի պաշտպանությանը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գարիկ Քեռյանը։
Թե ինչպես պետք է լուծվեն տարածքային խնդիրները, որևէ բան չեն բացահայտել, սակայն ԵՄ-ի դիրքորոշումն այն է, որ ուկրաինական այն տարածքները, որոնք միավորվել են ՌԴ-ի հետ, չեն կարող ճանաչվել ՌԴ-ի տարածք, սակայն պահանջում են, որ հիմա կանգնեցվի ռազմաճակատի գիծը, որից հետո շարունակեն բանակցությունները։
«Սա բավականին պայթյունավտանգ մոտեցում է, որովհետև Ռուսաստանը երբեք նման մոտեցումներով հաշտության չի գնա։
Համաձայնագրում եղած կետերի հիման վրա ԱՄՆ-ում տեղի ունեցավ ուկրաինական պատվիրակության և Միացյալ Նահանգների պատվիրակությունների հանդիպումը։ Միացյալ Նահանգներից ներկա էր Թրամփի փեսան, պետքարտուղարը և Թրամփի հատուկ ներկայացուցիչը։
Մի ամբողջ օր բանակցություններից հետո հանրությունը սպասում էր, որ պետք է լինի պատասխան՝ դրական կամ բացասական, բայց եղավ անորոշ հայտարարություն։ Նշվեց, որ եղել են արդյունավետ բանակցություններ, բայց արդյունքը չկա։ Կարելի է ենթադրել, որ տարածքային հարցում Ուկրաինան կանգնել է անզիջում դիրքերի վրա, կարող են լինել նաև այլ հարցեր՝ Ռուսաստանի կողմից փոխհատուցում պատճառված վնասների համար, և այլն»,- հավելեց Գարիկ Քեռյանը։
Քաղաքագետը համոզված է՝ այդ ամենը չի հրապարակվում, քանի որ Ուկրաինան կրկին գրավոր փաստաթուղթ, պայմանավորվածություն և միջազգային որևէ պարտավորություն չի ցանկացել ստանձնել, որտեղ կարձանագրվի, որ Ուկրաինայի տարածքները նաև Ղրիմով անցնում են Ռուսաստանին։
«Այս օրերին հնչում է մեկ հարցադրում՝ ինչո՞ւ է Թրամփն այսքան ակտիվ, ինչո՞ւ է ձգտում օր առաջ դադարեցնել պատերազմը։
Հիմա ռազմաճակատն այնպիսին է, որ օրական 17-20 կմ ռուսական զորքերն առաջ են գնում, և ինչքան ուշացնեն պայմանագրի կնքումը, այնքան ՌԴ-ն մեծ տարածքներ կվերցնի։ Միացյալ Նահանգներն այլևս մտադիր չէ միլիարդներ ներդնել և պատերազմը շարունակել։
Միացյալ Նահանգները շատ լավ հասկանում է, որ ԵՄ լիդերները, որոնք այսօր խիստ մարտաշունչ են և անզիջողական դիրքորոշում ունեն՝ պաշտպանելով Զելենսկուն, երբեք չեն կարող ֆինանսավորել Ուկրաինային։ Միացյալ Նահանգները հիմա անհանգստացած է, որ ՌԴ-ն չգրավի Օդեսան, Խարկովը և Ուկրաինային առհասարակ կտրի Սև ծովից, այս պարագայում արդեն ՌԴ-ի ուժեղացումը կլինի շատ նշանակից, հաղթանակն էլ՝ փառավոր։
Սա կմեծացնի Ռուսաստանի ազդեցությունը և Արևելյան Եվրոպայում, և Մերձբալթիկայում։ Որքան շուտ հնարավոր լինի կանգնեցնել պատերազմը, թեկուզ Ուկրաինայի տարածքների կորստի գնով, այնքան շուտ հնարավոր կլինի կասեցնել ՌԴ ներթափանցումն Արևելյան Եվրոպա»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Գարիկ Քեռյանը հիշեցրեց, որ «սառը պատերազմի» 70 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները 70 տարի շարունակ հսկայական ռեսուրսներ էր ծախսում Արևելյան Եվրոպայից Ռուսաստանին դուրս մղելու համար, և այդ ջանքերն իրենց արդյունքը տվեցին։
«Արևելյան Եվրոպան այս ժամանակ պոկվեց ՌԴ ազդեցությունից։ Հիմա, եթե հաշտությունն Ուկրաինայում շուտ չլինի, Միացյալ Նահանգները կարող է կանգնել նույն խնդրի առաջ, քանի որ Արևելյան Եվրոպան իր ազդեցության գոտում պահելն ԱՄՆ-ը համարում է սեփական անվտանգության և կենսական շահերի կարևորագույն խնդիր։ Այլ բան է, որ եվրոլիդերները համաձայն չեն Թրամփի հետ, բայց համաձայն չլինելով՝ հստակ հաշվարկ չեն ներկայացնում՝ եթե պատերազմը շարունակվում է, դրա վերջը որտե՞ղ է»,- ընդգծեց Գարիկ Քեռյանը։
