Բաժիններ՝

Գազային կրքեր Հայաստանում

Համաշխարհային նավթային կրքերը` որքան տարօրինակ, նույնքան բնականոն զարգացում ստացան Հայաստանում: Դրանք ոտքի տակ առան ազգային դրամի փոխարժեքը: Առան ու մի լավ տրորեցին: Ավելի ճիշտ՝ տրորում են: Փոխարժեքի սրտաճմլիկ տատանումների գործընթացը դեռ չի դադարել: Սա դեռ բավական չէ` ձմեռն է սկսվել: Ձմռան գալն ինքնին տարօրինակ չէ:

Տոմարի համաձայն` այն միշտ սկսվում է դեկտեմբերի մեկին, և արդեն երկրորդ ձմեռն է, որ բնակչությանը գազ է մատակարարվում 1խմ-ն` 156 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` 2013թ. հուլիսի 1-ից գազը թանկացավ 18 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիան՝ 27 տոկոսով:

Նոր սակագների խորհրդարանական քննարկումների ժամանակ գործադիր իշխանության ու պառլամենտական մեծամասնության անդամները լրջագույն ձեռքբերում էրն ներկայացնում հետևյալ փաստը: Պարզվում է` ռուսական «Գազպրոմի» հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ առաջիկա 5 տարում Հայաստանին մատակարարվող սակագինը փոփոխության չի ենթարկվելու:

Կառավարության անդամներն ու նրանց գործընկեր պատգամավորները, հարկավ, մոռացած կլինեն իրենց ելույթները: Բայց «Խոսքից հետք չի մնում» իսպանական միջնադարյան ասացվածքը կորցրել է իր այժմեականությունը: Նոր տեխնոլոգիաներն ու համացանցն այդ հետք կոչվածն արձանագրում ու պահում են: Օրինակ, սակագնի պաշտոնական թանկացումից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կարծեմ` ԵԿՄ համագումարում, այս թեմային անդրադառնալիս` ասաց. «Գազի գինը հինգ տարով կապվում է ռուսական ներքին գնային համակարգին, և եթե այնտեղ թանկացումներ չլինեն, իսկ դուք տեսել եք Ռուսաստանի կառավարության որոշումը, որ գները չեն թանկանալու, մենք հինգ տարի ունենալու ենք կայուն գին»: Սա նախագահն էր ասում:

Իսկ նրա կուսակցական գործընկերները պնդում էին, որ բնակչությունն ու գործարարները պիտի ուրախանան: Հատկապես՝ գործարարները, որովհետև իրենց բիզնես պլանները կազմելիս կարող են վստահ լինել՝ գազի սակագինը հինգ տարի կայուն է լինելու: Կայուն ու անհողդողդ: Բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ մեկուկես տարի հետո տարօրինակ իրավիճակում ենք հայտնվելու: Ո՞վ կենթադրեր, որ էներգակիրների գները գահավիժելու են: Որևէ մեկը կարո՞ղ էր կանխատեսել, որ ՌԴ նախագահն այս շաբաթ կգնա Թուրքիա: Ոչ միայն կգնա, այլև սիրով ընդառաջ կգնա թուրքական իշխանության խնդրանքին ու գազի մատակարարման գինը կհամաձայնի նվազեցնել վեց տոկոսով:

Բառացիորեն հաջորդ օրը Թուրքիայի վարչապետը հայտարարեց, որ վեց տոկոսը բավարար զիջում չի համարում, ու հասկանալի դարձավ, որ սակագնային նվազումները դեռ կարող են շարունակվել: Մինչդեռ Թուրքիան Մաքսային միության անդամ չէ: Այս երկիրը պարզապես փորձում է օգտվել Ռուսաստանի տնտեսական առկա վիճակից: Փոխարենը` պարզ չէ, թե սակագնային ի՞նչ սպասումներ ունենանք մենք: Մենք, որ արդեն Մաքսային միության անդամ ենք: Մի կողմից` առկա է առաջիկա երեք ու կես տարում սակագինը կայուն պահելու խոստում: Պայմանագրով արձանագրված խոստում: Մյուս կողմից` էներգակիրներն ամբողջ աշխարհում էժանանալու են, իսկ մեր պարագային «կայուն» են մնալու: Կայուն ու թանկ:

Լավագույն դեպքում, իհարկե: Որովհետև այդ պայմանագիրը գնի իջեցման որևէ տարբերակ չի նախատեսել: Փոխարենը՝ թանկացման բավական ճկուն տարբերակ է մտածված: Վերընթերցեք ՀՀ նախագահի խոսքի մեջբերումը: Մեզ վաճառվող ռուսական գազի սակագինը «կապված է ռուսական ներքին գնային համակարգին»: Պինդ է կապված: Այսինքն, եթե ՌԴ ներքին շուկայում այն թանկանա, ապա ինքնաբերաբար կթանկանա մեր մոտ ևս: Տխուր է, բայց ամենալավատես տնտեսագետն անգամ չի կարող բացառել, որ գազը ՌԴ ներքին շուկայում չի թանկանա: Թեկուզ միայն այն պատճառով, որ ՌԴ ռուբլին տարվա սկզբի համեմատ համարյա 70 տոկոսով արժեզրկվել է: Աշխարհում ամենամեծ ծավալով գազ արդյունահանող «Գազպրոմը» չի կարող վնասով աշխատել: Օտարերկրյա սպառողները նրան պարտադրում են նվազեցնել մատակարարման գները:

Առաջինը Թուրքիան սկսեց ու հաջողեց: Հիմա հերթը մյուսներինն է: Բայց մենք դժվար թե հայտնվենք այդ երկրների շարքում: Արդեն կնքված պայմանագիրը թույլ չի տա: Փոխարենը, պարզ է, թե ի՞նչ է լինելու, եթե ռուբլու արժեզրկման հետևանքով ՌԴ-ն գազի սակագները բարձրացնի իր ներքին շուկայում: Հույսը, որ երեք ու կես տարին բավարար ժամկետ չի ՌԴ և ՀՀ օրենսդրական ու բյուրոկրատական համակարգերի միջոցով սակագնի բարձրացման համար՝ չի կարելի հիմնավոր համարել: Սակագնի վերջին բարձրացումը դա ապացուցել է: Մի քանի տարի ՌԴ-ն բարձրացրել էր գազի գինը, իսկ մենք` սպառողներս, այդ մասին չգիտեինք: Իշխանությունները հրապարակային ելույթներում հրաժարվում էին ընդունել այդ փաստը: Չնայած, որ այն պաշտոնապես հրապարակվում էր ՀՀ Մաքսային և Ազգային վիճակագրական վարչությունների հաշվետվություններում: ՌԴ-ն հանգիստ սպասեց մինչև այն պահը, երբ թերավճարումների պատճառով մեր պարտքը դարձավ 300 մլն դոլար:

Հետո մենք «Գազպրոմին» պարտքը մարելու համար զիջեցինք «ՀայՌուսգազարդի» մեր վերջին մասնաբաժին 20 տոկոսը: Նման մի բան միշտ էլ հնարավոր է մոգոնել: Այնպես որ, լավատեսության համար հիմքերը շատ չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս