ՀՀ կառավարությունը փորձում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական դոտացիաները համահարթեցնել
ՀՀ կառավարությունը փորձում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական դոտացիաները համահարթեցնել: Ինչպես այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրինագծի քննարկման ժամանակ տեցեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը չպետք է պակաս լինի հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի փաստացի մուտքերի հանրագումարի 25 տոկոսից:
Պ.Սաֆարյանը վստահեցրեց, որ օրենքի փոփոխությունը պայմանավորված չէ համայնքների խոշորացմամբ կամ այլ գործոններով:
Նա նկատեց, որ, հաշվի առնելով մեր համայնքների մակարդակը, ցանկացած համայնքապետ կարող է նստել, հաշվարկել, թե իր դոտացիան ինչքան է կազմելու: