Ըստ Գագիկ Մելիքյանի՝ «Ժառանգությունը» պատվերով հայրենասիրություն է խաղում
ԱԺ-ն այս շաբաթ բավականին հագեցած էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Նա առանձնացրեց «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկումը, որը, ինչպես հայտնի է՝ չընդունվեց:
Գ. Մելիքյանը նկատեց, որ հարցը բազմիցս արծարծվել է, և Հանարապետականը իր հստակ դիրքորոշումը հայտնել է այդ հարցի կապակցությամբ: Ըստ նրա՝ «Ժառանգությունը» խմբակցությունը նույն ձևով անընդհատ փորձում է հարցը շահարկել. «Մեզ համար անընդունելի է այն փաստը, որ պատվերով հայրենասիրություն են խաղում: Մենք չենք ընդունում հարցի քննարկումը այս պարագայում, քանի որ դա ժամանակավրեպ է, և որևէ առավելություն կողմերին դա չի բերի՝ բացի հակասությունների ավելացումից»:
ՀՀԿ խմբակցության քարտուղարը բերեց մի շարք երկրների օրինակներ, որոնց ինքնորոշումը ճանաչված չէ շատ պետությունների կողմից, բայց որոնք ակտիվությամբ ամբողջ աշխարհում իրենց ներքին և արտաքին քաղաքականությունն են իրականացնում.
«Իսրաելն էլ Արաբական երկրների կողմից չի ճանաչվել, Վատիկանի կողմից չի ճանաչվել նաև Չինաստանը, Պակիստանի կողմից չի ճանաչվել նաև Հայաստանը և այլն, ի՞նչ է փոխվել դրանից: Իրեն ազատ, անկախ հռչակած Լեռնային Ղարաբաղը այսօր լուրջ քաղաքական և տնտեսական գործունեություն է իրականացնում: Տարբեր միջազգային կառույցների կողմից արդեն ճանաչվել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը, ԱՄՆ-ի 5 նահանգների կողմից ճանաչվել է:
Ես կարծում եմ՝ այս գործընթացը կշարունակվի և մեզ համար ձեռնտու է: Ես կհորդորեմ մեր ընդդիմադիր գործընկերներին, որ իրենք հարցն անընդհատ շահարկելու փոխարեն՝ պահանջեն Ադրբեջանին առաջինը ճանաչելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստը: Այ դա ես կհամարեմ հայրենասիրություն և ոչ պատվիրված»:
168.am-ի հարցին՝ ինչո՞ւ է հարցը ժամանակավրեպ, և բացի ժամանակավրեպ լինելուց՝ ուրիշ պատաճառաբանություն չունե՞ք հարցի մերժման համար, Գ. Մելիքյանն այսպես պատասխանեց.
«Դա միակ պատճառաբանումը չէ: Հարցը Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում է լուծվելու՝ Մինսկի խմբի միջնորդությամբ, և այս պահին մեր կողմից ճանաչումը, կարծում եմ՝ խիստ բացասական կանդրադառնա բանակցային պրոցեսի վրա, և այդ բացասական անդրադարձը հղի է նաև ռազմական լուրջ վտանգներով»: