Բռնաբարության մեջ մեղադրվող նախկին ոստիկանը դատարանում հանեց վերնազգեստը. «Ամբաստանյալ, Ձեզ ո՞վ է թույլ տալիս այստեղ հանվել»

Նոյեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի բռնաբարության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, մարդու առևանգման, ավազակության, ավտոմեքենային տիրանալու մեջ մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վարագյանի գործով վճիռը:

Մինչև խորհրդակցական սենյակ անցնելը դատարանը լսեց ամբաստանյալի պաշտպանական ճառն ու վերջին խոսքը: Էդգար Վարագյանը դատարանում ասաց, որ ինքը հանցագործություն չի կատարել, դեպքի օրը գտնվել է իր տանը՝ իր ընկերուհու հետ:

«Հարգելի դատարան, նույնպես վստահ եմ, որ ձեր և բոլորի համար պարզ դարձավ այն ճշմարտությունը, որ իմ դեմ կարված քր. գործն ամբողջովին շինծու է»,- ասաց նախկին ոստիկանը:

Ամբաստանյալն ասաց, որ դատախազը փորձագետների եզրակացությունները հիմք ընդունելու փոխարեն՝ հիմք է ընդունում «իր սիրելի, ամեն տարի բռնաբարվող» տուժողի «մեկը մյուսին հակասող» ցուցմունքները:

Կարդացեք նաև

«Հասկանում եմ, որ դատախազն էլ է մարդ, որը կարող է 1-2 անգամ սխալվել, բայց ցավոք սրտի, ինչպես իմ ճառից և քրեական գործի ապացույցներից երևում է, որ հարգարժան դատախազն ունի մեկ նպատակ, որը ցանկանում է ցանկացած գնով դատապարտել ինձ»,- ասաց ամբաստանյալը:

Դիմելով դատարանին՝ նա ասաց, որ եթե դատարանը համաձայն չէ իր հետ, ապա ինչու դատախազը դատարանին չի միջնորդել «իր վրայից հանել թեկուզ բռնաբարության հոդվածը»:

Նա նաև հարց հնչեցրեց, թե ինչու դատախազը գործով տուժողին չի պատժել «անմեղ անձին ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար»:

Ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ քրեական գործից և իր կողմից դատարան ներկայացված ապացույցներից ակնհայտ է, որ գործով տուժողը «հորինված մեղադրանքները ներկայացրել է զուտ շահադիտական նպատակներով»:

Էդգար Վարագյանի խոսքով՝ մեկ այլ գործով կայացրած դատարանի վճռով՝ գործով տուժողի ունեցվածքը գտնվում է կալանքի տակ, և եթե նա չմուծի «ահռելի գումարը», ապա Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի կհանի նրա ունեցվածքը:

Ամբաստանյալի խոսքով՝ ինքը և ծնողները նախաքննության ժամանակ նշել են, որ ոստիկանությունում տուժողը, նկատելով իր ծնողներին, մոտեցել է նրանց և պահանջել է մեծ գումար կամ իրենց առանաձնատունը, որպեսզի ցուցմունքը փոխի և սլաքն ուղղի այլ անձի դեմ: Բացի դրանից, ըստ ամբաստանյալի՝ գործով տուժողը զանգահարել է իր հորը՝ ներկայացնելով նույն պահանջները:

Մեղադրող դատախազն էլ ասաց, որ ամբաստանյալը որպես իր անմեղությունը հաստատող ապացույց նշել է որոշակի անձանց ցուցմունքներ, փորձագետների եզրակացություններ, սակայն դրանք ներկայացրել է խեղաթյուրված, յուրովի մեկնաբանություններով: Մեղադրողի խոսքով՝ որպես իր ալիբի ամբաստանյալը նշել է, թե դեպքի օրն ինքը գտնվել է իր տանը՝ ընկերուհու հետ, սակայն նրա ընկերուհու հեռախոսային խոսակցությունների վերծանումների ուսումնասիրությունից պարզվել է, որ նա չի գտնվել ամբաստանյալի բնակության վայրում, և որքան հիշում է՝ նա գտնվել է Շենգավիթում:

«Առաջադրված մեղադրանքներով լրիվ հիմնավորված է ամբաստանյալի մեղավորությունը մեղսագրվող արարքներում»,- ասաց մեղադրողը:

Իր վերջին խոսքում ամբաստանյալն ասաց, որ տուժողը նշել է, թե հանցագործը եղել է կապույտ աչքերով, սակայն ինքը կապույտ աչքեր չունի, չունի շագանակագույն մազեր, դեղին ատամներ չունի: Ըստ ամբաստանյալի՝ տուժողը հանցագործին նկարագրել է կլոր քթով, սակայն ինքը սուր քիթ ունի:

«Ինչպես ասել է՝ սափրած է եղել մարմինը: Էս էլ նայեք իմ մարմինը»,- ասաց ամբաստանյալն ու դատարանում հանեց իր վերնազգեստը:

Դատավոր Մեսրոպ Մակյանն արձանքեց. «Ամբաստանյալ, Ձեզ ո՞վ է թույլ տալիս այստեղ հանվել»:

Իր վերջին խոսքում ամբաստանյալը դատավորին խնդրեց մտաբերել երեխաների նկարները, երեկոյան տուն գնալիս նայել երեխաների աչքերի մեջ և արդարացի դատավճիռ կայացնել: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն էլ արձագանքեց. «Չկասկածեք, որ այդպես էլ լինելու է»:

 

Տեսանյութեր

Լրահոս