Էթյեն Մահչուփյանի առաջին հարցազրույցը հայկական մամուլին

«…Կարող է սկսվել հայկական հարցի շուրջ լուծման գործընթաց, և մի քանի տարվա ընթացքում այս խնդիրը կարող է ընդհանրապես վերջանալ: Բայց անհրաժեշտ է ունենալ գործակից, զրուցակից, որի հետ միասին հնարավոր կլինի նայել դեպի ապագա, միասին կարելի է մտածել և միասին ստեղծել մի աշխարհ: Եթե չունեք ապագային ուղղված տեսլական,ապա անցյալի մասին ոչինչ մի ակնկալեք»,-Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետի նորանշանակ խորհրդական Էթյեն Մահչուփյանը:

Նա նշել է, որ 2015 թվականի մթնոլորտը խրախուսական չի լինելու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի տեսակետից. «Թուրքիան խուսափելու է 2015-ի մթնոլորտում որևէ քայլ առնելուց, հակառակ իր ցանկության։ Որովհետեւ չի կարող կանխատեսել, թե այդ քայլը ինչպես է օգտագործվելու, չի կարողանալու հաշվարկել նրա հավանական վտանգներն ու ռիսկերը: 2015-ը լինելու է լիցքաթափման տարի, իսկ երկու երկրների հարաբերությունների բնականոն կարգավորման տեսակետից հետաքրքիր կարող է լինել 2016-ը»,-ասել է Էթյեն Մահչուփյանը:

Թուրքիայի վարչապետի նորանշանակ խորհրդականը նշել է, որ Թուրքիայի հասարակության մեջ նկատվում են տեղաշարժեր.

«Թուրքիայի հասարակությունը պատրաստ է անցյալի հայի հետ հաշտվելուն, սակայն դա չի կարող տեղի ունենալ առանց այսօրվա հայի հետ հաշտության, մի բան, որ մեծ կախում ունի նաև հայերից։ Թուրքիան ուզում է ճանապարհ անցնել Հայաստանի հետ, համոզված է, որ դա է ճիշտը, բնականոնը, սակայն նա այդ քայլը չի առնելու այնքան ժամանակ, մինչև պայմաններ չստեղծվեն»:

Ստամբուլի հնագույն հայկական օրաթերթին տված հարցազրույցում Էթյեն Մահչուփյանը նաև նշել է, որ եթե հայերը կարողանան սաստող քաղաքականությունից դուրս գալ և այլ քաղաքականություն ձևակերպել, ապա Թուրքիան թերևս մտածի հայկական հարցի ուղղությամբ քայլ առնել, որը նաև բարենպաստ կլինի երկրի վիճակի փոփոխության համար.

«Հայերը պատմականորեն կարող են արդար լինել, կարող են տուժած լինել, սակայն պարտավոր են ճիշտ քաղաքականություն որդեգրել, որպեսզի այսօրվա Թուրքիային առաջնորդեն մի որոշ կետի: Հակառակ դեպքում, առանց քաղաքականության, միայն արդար ու տուժած լինելու հանգամանքն անընդհատ կրկնելով՝ հեշտ չէ Թուրքիայից քայլ ակնկալելը»,-ասել է Մահչուփյանը, նշելով, որ իր կարծիքով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը 2015-ին, ի պատասխան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերի, չի այցելելու Հայաստան, սակայն չի բացառել իրավիճակի փոփոխություն, նշելով. «Ամեն ինչ ապրիլի սկզբին հայտնի կլինի: Ես չեմ կարծում, որ միանշանակորեն մերժում է լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս