Նիկոլ Փաշինյան. Հայաստանի «սուպեր լիդերների» համակարգն ունի իր առանձնահատկությունը (տեսանյութ)
«Մենք կարծում ենք, որ այսօր Հայաստանում օրախնդիր է քաղաքական նոր հարթակը, նոր օրակարգը, քաղաքական նոր ընդդիմությունը, որն արդյունքում կվերածվի քաղաքական նոր իշխանության: Այդ առումով մենք հետաքրքրված ենք խոսակցությամբ բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ում այս օրակարգը թվում է հետաքրքիր, ում համար ընդունելի է այս օրակարգը»,- այսօր տեղի ունեցած «Հայազն» կուսակցության համագումարի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ պայքարելով որոշակի քաղաքական համակարգի դեմ՝ պետք գիտակցել մի պարզ իրողություն, որ այն քաղաքկան համակարգը, որ Հայաստանի Հանրապետությունը հասցրել է այս վիճակին, ունի իր առանձնահատկությունը. «Մենք դա անվանում ենք սուպեր լիդերների համակարգ, այդ համակարգում գործում են սուպեր լիդերներ, որոնք ոչ թե քննարկում, այլ, ըստ էության, կայացնում են որոշումներ, իսկ մյուսներն այդ որոշումներին ենթարկվում են և դրանով ամեն ինչ ավարտվում է:
Այսպիսի քաղաքացիական միտումներ ունեցող ուժերում նման պրոցեսներ չկան: Այնտեղ հավաքված են քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող մարդիկ և այնտեղ գտնվող մարդկանց հնարավոր չէ կառավարել, ինչպես ընդունված է ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում»:
Ն. Փաշինյանը կարծում է, որ այս դաշտում խոսակցություններն անիմաստ են, եթե ի սկզբանե հակված չեն որոշակի կոմպրոմիսների. «Ընդ որում՝ կոմպրոմիս չի նշանակում կապիտուլյացիա, այլ նշանակում է քննարկում: Հայաստանն այս օրին հասել է, քանի որ շատերը իրենց յուրաքանչյուր ասած համարել են վերջնական և անբեկանելի ճշմարտություն»:
Ամփոփելով իր խոսքը՝ Ն. Փաշինյանը «Հայազն» կուսակցությանը հանագործակցելու կոչ արեց «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության հետ: