Պուտինին «ոչ» ասել հնարավոր էր. Արմեն Աղայան

«Հայազն» կուսակցության վարչության անդամները կարծում են, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելը ԽՍՀՄ-ը վերականգնելու պուտինյան երազանքին Հայաստանի ինքնիշխանությունը, հետագայում նաև անկախությունը զոհելու առաջին քայլն էր: Այսօր՝ կուսակցության համագումարի ժամանակ այս մասին ասաց կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը, որը շեշտեց, որ «Հայազնը» դատապարտում է «երկիրը զավթած կառավարիչների» այս քայլը, միշտ ընդդիմանալու է դրան և առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջապես չեղյալ է հայտարարելու ԵՏՄ-ին ադամակցելուն վերաբերվող բոլոր համաձայնագրերը.

«Իշխանության դավաճանությունն էլ լայն աջակցություն, կարելի է ասել՝ հանցակցություն գտավ, այսպես կոչված, ոչ իշխանական խորհրդարանական եռյակի կողմից: Բոլորովին կարևոր չէ, թե արդարանալու ինչ փաստարկներ են բերում նրանք, եռյակը կիսում է այդ պատասխանատվությունը»,- նշեց նա:

Նա նկատեց, որ շատերը ԵՏՄ-ին դեմ են հանդես գալիս, քանի որ նախընտրում են միանալ Եվրոպական միությանը. «Իհարկե, տարբերությունները շատ են, սակայն Հայաստանի անվտանգությունը, ժողովրդագրական վիճակը, տնտեսությունը, վերջապես ինքնիշխանությունը, դրանց ուղղված սպառնալիքները գրեթե նույնն են: Պետք է նկատել, որ Պուտինի վերջնագրային պահանջները հնարավոր դարձան միայն այն բանից հետո, երբ Հայաստանը երկար ժամանակ ձգտում էր Եվրոպական ինտեգրացիային»:

Ա. Աղայանի խսքով՝ Պուտինին «ոչ» ասել հնարավոր էր, դրա համար անհրաժեշտ էր չփնտրել օտար հովանավորներ, հենվել սեփական ժողովրդի վրա և միաժամանակ «ոչ» ասել նաև Եվրոպական կողմնորոշմանը.

«Իրականում, ԽՍՀՄ-2 նախագիծը հեռանկար չունի, նաև այն պատճառով, որ դրան դեմ են գրեթե բոլորը, ում փորձում են խցկել այդ նոր Խորհրդային կազմավորման մեջ, առաջիններից մեկը հայ ժողովուրդը»:

Ըստ նրա՝ սեփական երկիրը թալանող, ժողովրդական աջակցությունից և լեգիտիմությունից զուրկ վարչախումբը ստիպված է արտաքին աջակցություն փնտրել՝ դառնալով օտարահաճ և ստորաքարշ.

«Նույնը կարելի է ասել այն ընդդիմության մասին, որն իշխանության է ձգտում արտաքին աջակցությամբ: Հաջողության դեպքում այն կլինի նույնքան թալանչի և օտարահաճ: Մենք գիտակցում ենք, որ ազգային հեղափոխության կարևորագույն բաղադրիչը պետք է լինի սեփականության կառուցվածքի այնպիսի փոփոխությունը, որն այլևս կբացառի օլիգարխիկ վերնախավի՝ մասնավոր մենաշնորհների գոյությունը»:

Տեսանյութեր

Լրահոս