«Եթե ունես ռազմավարություն, ապա ցույց տուր, որ ցանկանում ես այն իրագործել, ոչ թե պարզապես խոսիր դրա մասին»
Օրեր առաջ Դիլիջանում կայացավ Բիզնես ինովացիոն երկրորդ համաժողովը, որն անցնում էր «Հայաստանը` 2018թ. աշխարհի 20 ամենանորարարական երկրների շարքում» խորագրի ներքո։ Արտերկրից հրավիրված մասնակիցների թվում էր նաև Յիգալ Էրլիխը (Yigal Erlich)` մարդ, ում համարում են Իսրայելի վենչուրային ինդուստրիայի հիմնադիրը։
Նա հանդիսանում է Yozma Group վենչուրային ընկերության հիմնադիրն ու կառավարիչ-գործընկերը։ Պրն Էրլիխը համարվում է նաև Իսրայելի ՏՏ ոլորտի ամենաառանցքային դեմքերից մեկը, ղեկավարել և ներկայումս ղեկավարում է Իսրայելի ՏՏ ոլորտի մի քանի լուրջ ընկերություններ։ Եղել է նաև ռուսաստանյան Russian Venture Company ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Յ. Էրլիխը հայաստանյան կարճատև այցի ընթացքում հասցրել է այցելել «Թումո» կենտրոն, Դիլիջանի միջազգային դպրոց, Armenia-Granatus Ventures ընկերություն։ Հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների և գործարար շրջանակների հետ։ Յ. Էրլիխը հանդիսանում է Իսրայելի խոշորագույն վենչուրային ընկերությունների հիմնադիրը (Pitango` կառավարում է ավելի քան 1.3 միլիարդ դոլար, Star Ventures` 1մլրդ դոլար, Gemini` 700մլն դոլար, և այլն): Չնայած ծանրաբեռնված գրաֆիկին` Յ.Էրլիխը ժամանակ գտավ պատասխանելու «168 Ժամի» հարցերին։
– Պրն Էրլիխ, գիտեմ, որ ընդամենը 2 օր եք Հայաստանում, սակայն հասցրել եք հանդիպումներ ունենալ և որոշակի պատկերացում կազմել։ Կարո՞ղ եք գնահատել` Հայաստանում վենչուրային հիմնադրամների ու ՏՏ ոլորտի կայացածությունը։
– Սա իմ առաջին այցն է Հայաստան և, ինչպես նշեցիք, երկրորդ օրն եմ Հայաստանում։ Այնպես որ, չեմ հավակնում, որ շատ բան գիտեմ այդ ոլորտի մասին, և, որ կարող եմ որոշ խորհուրդներ տալ։ Առաջին տպավորությունն այն է, որ չնայած Հայաստանը փոքր երկիր է (ինչպես Իսրայելը), սակայն ունի մեծ պոտենցիալ ՏՏ ոլորտում։ Կան շատ տաղանդավոր հայեր ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս, որոնք կարող են մեծ ձեռքբերումներ ունենալ ՏՏ ոլորտում։ Այսինքն, երբ խոսում եք պոտենցիալի մասին, պետք է դիտարկել ոչ միայն Հայաստանը, այլև բոլոր հայերին։ Եթե երկրում բնակվող 3 միլիոն հայերին գումարեք նաև դրսում ապրող 7-8 միլիոնին, ապա` դուք մեծ երկիր ունեք։ Զարգանալու, ավելի մեծանալու համար պետք է օգտագործել Սփյուռքի ներուժը։
Կարևոր դեր են խաղում, իհարկե, նաև կրթությունը, գործարար մշակույթը, երկրի զարգացման մակարդակը։ Բացի պաշտոնական հանդիպումներից` ես հասցրել եմ խոսել մարդկանց հետ։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ ենթակառուցվածքները բավարար չափով զարգացած չեն։ Գործարար մշակույթի ձևավորման առումով անելիքներ շատ կան։ Իմ կարծիքով, Հայաստանում շատ մարդիկ կարող են ձեռնարկատիրությամբ զբաղվել, սակայն նրանց չեն ուղղորդում։ Չկա հստակ պլանավորում, եղանակներ` ինչպես բացահայտել նման ունակություններ ունեցող մարդկանցգ Չկան կրթական հատուկ ծրագրեր։
– Դուք խոսեցիք Սփյուռքի հնարավորությունների մասին։ Մեզանում հաճախ օրինակ են բերում Իսրայելը։ Այն առումով, որ աշխարհում կայացած հրեաների կողմից մեծ ֆինանսական հոսքեր են ուղղվում դեպի Իսրայելի տնտեսություն։ Մեզ մոտ դա կարծես այնքան էլ լավ չի ստացվում, որքան ձեզ մոտ։ Ո՞րն է գաղտնիքը։
– Չէի ասի, որ մեզ մոտ դա իդեալական է ստացվում։ Խնդիրն այլ է։ Տեսեք, Իսրայելը` որպես անկախ պետություն, հիմնադրվել է 6 տասնամյակ առաջ։ Սկզբնական շրջանում մենք էլ լուրջ դժվարություններ և օգնության կարիք ունեինք։ Սակայն աշխարհի տարբեր երկրներում, հատկապես` ԱՄՆ-ում ապրող հրեաները միշտ ասում էին` մենք պատրաստ ենք օգնել, գումարներ նվիրաբերել դպրոցների կամ ճանապարհների կառուցման համար, սակայն բիզնեսի մեջ ներդրում չենք անի Իսրայելում։ Չէին անում որովհետև բիզնեսմենը ներդրում անում է` շահույթ ունենալու համար։ Իսկ նրանք համոզված չէին, որ Իսրայելում կկարողանան շահավետ ու նորմալ պայմաններում բիզնեսով զբաղվել։
1990-ականներից բիզնես մթնոլորտը երկրում սկսվեց փոխվել` հիմնականում բարձր տեխնոլոգիաների շնորհիվ։ Սակայն դա միակ պատճառը չէր։ Այդ ժամանակ նաև հրեաների մեծ ներհոսք եղավ Ռուսաստանից։ Հրեական սփյուռքը հասկացավ, որ հնարավորություն կա նաև փող աշխատել։ Նրանք սկսեցին բիզնեսներ հիմնել Իսրայելում։ Ունեցան շահույթգ Իրավիճակը փոխվում էր։ Սկսեցին խոսել բիզնեսով զբաղվելու մասին։
Այդ նույն հրեաները միևնույն ժամանակ առանցքային պաշտոններ էին զբաղեցնում միջազգային տարբեր կառույցներում, ունեին ազդեցություն և նպաստեցին, որ այդ կառույցներն ու տարբեր ընկերություններն ավելի ակտիվ լինեն Իսրայելում։ Այնպես որ, եթե համեմատականներ ենք անցկացնում այն ժամանակվա և այսօրվա հրեական համայնքի միջև, այսօր առավել կարևոր տեղ ունի հենց բիզնեսը։ Իհարկե, այսօր էլ շարունակվում է տարբեր տեսակի օգնությունը հրեաների կողմից, սակայն առաջին տեղում բիզնեսն է և գործարար շահը։
– Այսինքն` Սփյուռքի ներուժի օգտագործման բանալին գործարար շահի ապահովո՞ւմն է։
– Այո։ Սակայն Հայաստանը դեռ այդ անհրաժեշտ վիճակին չի հասել։ Պետք է փոխել վիճակը, փոխել գործարար միջավայրը, կապել մարդկանց միմյանց հետ։ Այս 2 օրվա ընթացքում ես հասկացա, որ նման հարցերում կառավարությունն իրականում ներգրավվածություն չունի։ Մարդկանց հարցնում էի` այսինչ բանը ո՞վ է կազմակերպել, այնինչ բանը ո՞վ է նախաձեռնելգ Կառավարությունը պատասխանների մեջ չէր նշվում։ Այնպիսի տպավորություն է, որ կառավարությանը դա չի հետաքրքրում։ Սա պետք է փոխվի, քանի որ, եթե կառավարությունը պատասխանատվություն չստանձնի ու քայլեր չձեռնարկի ճիշտ միջավայրի ձևավորման համար, ապա միայն առանձին հայերը ոչինչ չեն կարող փոխել։ Ես այս մասին խոսեցի նաև էկոնոմիկայի նախարարի հետ։ Նա ընդունեց իմ տեսակետը և ասաց, որ` այո, պետք է ավելի ակտիվ լինել։
– ՏՏ ոլորտը Հայաստանում հայտարարված է գերակա ճյուղ։ Մյուս կողմից` Հայաստանում գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 0.3%-ը։ Օրինակ, Ձեր երկրում այդ թիվը մոտենում է 5%-ին, եվրոպական շատ երկրներում տատանվում է 2-3%-ի սահմաններում։ Գիտության ֆինանսավորման այսպիսի մակարդակով կարո՞ղ ենք հաջողության հասնել ՏՏ ոլորտում և մրցակցել աշխարհի մյուս երկրների, հետ։
– Իհարկե պատասխանը «ոչ» է։ 21-րդ ՏՏ դարում դուք պետք է լինեք նորարար և մրցակցային, հակառակ պարագայում ետ կմնաք։ Իսկ նորարար և մրցունակ լինելու համար պետք է ավելի շատ ներդրում անել գիտության և նորարարության մեջ։ Չափանիշերից մեկը, իհարկե, հենց դա է` որքան է պետությունը ներդնում գիտության և զարգացման, նոր գաղափարների մեջ։ Սա ցուցանիշ է` հասկանալու համար, թե երկիրը որտեղ է գտնվում։ Եթե դա ընդամենը 0.3 տոկոս է, ապա լուրջ առաջընթացի մասին չի կարելի խոսել։ Սակայն պակաս կարևոր հարց չէ նաև` ինչո՞ւ է 0.3 տոկոս։
– Կառավարությունն այս հարցին ի պատասխան` նշում է, որ հնարավորություններն այդքան են։ Ռեսուրսները սուղ են, թոշակներ ու աշխատավարձեր վճարելուց, այլ ծախսեր կատարելուց հետո բան չի մնում։
– Բոլոր երկրներում նույն բանն են ասում։ Սակայն այդպես չի լինում, որ կառավարությունը ռեսուրսներ չունենա։ Այլ բաների համար ռեսուրսներ ունեն, չէ՞։ Ռեսուրսը կա. հարցն այն է, թե որոնք են առաջնահերթությունները` ի՞նչն է ավելի կարևոր, որտե՞ղ եք ցանկանում ավելի շատ ներդրում կատարել։ Եթե կառավարության համար տվյալ ուղղությունն առաջնահերթություն չէ, ապա, իհարկե` փող չի լինի։
– Դուք եղել եք «Թումո» կենտրոնում, եղել եք նաև Դիլիջանի միջազգային դպրոցում։ Նման կառույցները կարո՞ղ են նպաստել Ձեր նշած խնդիրների լուծմանը, թե՞ դա բավարար չէ։
– Այո, դրանք կարող են շատ կարևոր դեր խաղալ։ Իհարկե, դրանք 2 տարբեր դպրոցներ են։ Օրինակ, կարծում եմ, որ «Թումոն» կարող է ավելի մեծ ուշադրություն դարձնել նաև պատանիների կամ երիտասարդների մոտ գործարար ունակությունների զարգացմանը, բացահայտել մարդկանց, որոնք կարող են գործարարությամբ զբաղվել` չնայած երիտասարդ տարիքին։ Ես այդ մասին ասել եմ նաև դպրոցի տնօրենին։ Դիլիջանն ավելի շատ միջազգային դպրոց է, որտեղ սովորողների մեծ մասը լինելու են այլ երկրներից։ Այս դեպքում էլ այժմվանից պետք է մտածել կապերը սերտացնելու մասին, հետագա համագործակցության։ Այն երեխաները, որոնք այսօր սովորում են, հետագայում պետք է նրանց հետ կապը պահպանել, համագործակցության ցանց ստեղծել։
– Դուք համարվում եք Իսրայելի վենչուրային ինդուստրիայի հիմնադիրը։ Հայաստանում նույնպես բավական շատ է խոսվում վենչուրային հիմնադրամների անհրաժեշտության մասին, սակայն լուրջ տեղաշարժ չկա։ Փոքր ու նորաբաց ընկերությունները, անհատ ձեռնարկատերերը, ունենալով բավականին հետաքրքիր գաղափարներ, կանգնում են ֆինանսավորում գտնելու դժվարության առաջ։ Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց` հանձնվե՞լ, փորձել ինքնադրսևորվել այլ երկրներո՞ւմ, թե՞ շարունակել այստեղ միջոցներ որոնել։
– Նրանք, իհարկե, չեն հանձնվի, սակայն իրոք կարող են հեռանալ, ինչը մեծ խնդիր է զարգացման ճանապարհին։ Եթե դուք խնդիր ունեք և ցանկանում եք լուծում գտնել, ապա կգտնեք։ Այստեղ կրկին պետք է շեշտեմ կառավարության դերը։ Կառավարությունը պետք է առաջարկի գործարարներին` եթե կան հետաքրքիր գաղափարներ, պատրաստ ենք ֆինանսավորել։ Առաջին հերթին` կառավարությունը պետք է հետևողական լինի` ցույց տա, որ պատրաստ է օգնել նման գործարարներին։ Նոր միայն դրանից հետո կարելի է խոսել վենչուրային հիմնադրամների ստեղծման մասին։
Ես այստեղ հանդիպեցի միայն մեկ վենչուրային ընկերություն` Armenia-Granatus, որի ֆոնդը շատ քիչ է։ Դրանով շատ քիչ բան է հնարավոր անել։ Պետք է լինեն ավելի շատ վենչուրային հիմնադրամներ։ Իսկ դրանք իրենց հերթին` կախված են այն հանգամանքից, թե քանի լավ, նոր գաղափարներ ունեցող ընկերություններ կան։ Այսինքն` մեկը մյուսից կախված են, ինչը նման է հավի և ձվի հայտնի հարցին։ Պետք է տարբեր լծակներով խթանել այս գործընթացը, այլապես տեմպերը շատ դանդաղ կլինեն։
– Հայաստանում ռեսուրսներ ունեցողները չեն սիրում ռիսկի դիմել և ցանկանում են գումարը ներդնել այնտեղ, որտեղ հնարավոր է այն արագ ետ վերադարձնել։
– Մտածելակերպը փոխելը դժվար է, դրա համար ժամանակ է պետք։ Սակայն ես վստահ չեմ, որ գլխավոր խնդիրը դա է։ Մարդիկ կան, որ, այսպես ասած, «դրայվ» ունեն ինչ-որ բան անելու համար։ Նրանց պարզապես պետք է աջակցություն, պետք է զգան, որ պետությունն իրենց մեջքին կանգնած է։ Իսրայելում այդ աջակցությունը ցույց տվեց պետությունը։ Սա ավելի շատ առաջնորդության խնդիրն է` ի՞նչ են իրականում ուզում ղեկավարները։
– Եթե լսենք մեր պաշտոնյաներին, ապա նրանց խոսքերից ստացվում է, որ ուզում են հենց այն, ինչի մասին Դուք խոսում եք։ Այսինքն` ցանկանում են խթանել նորարարությունը, աջակցել փոքր, սակայն հետաքրքիր գաղափարներ ունեցող գործարարներին, զարգացնել ՏՏ ոլորտը։ Սակայն իրականության մեջ դա կարծես չի երևում։
– Գիտեք, իրավիճակը հասկանալու ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մարդկանց պարզապես հարցեր տալն է։ Ես այստեղ որոշ մարդկանց տվեցի նույն հարցը` ի՞նչ եք կարծում` Հայաստանն ունի՞ ռազմավարական զարգացման պլան։ Դուք ունե՞ք դա, թե՞ ոչ։ Ի՞նչ է իրականում ցանկանում կառավարությունը` օրինակ դուք գիտե՞ք։
– Անձամբ ես չգիտեմ։
– Բայց գոնե լրագրողները պետք է իմանան` ինչ է ուզում կառավարությունը…
– Մեզ մոտ ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Անորոշ է։ Օրինակ` 1 տարի առաջ մենք գիտեինք, թե գնում ենք դեպի Եվրամիություն, այսօր գնում ենք Եվրասիական միություն ու վստահ չենք` մեկ տարի հետո ուր կգնանք։
– Եվրամիություն կամ Եվրասիական միություն գնալը ռազմավարություն չէ։ Դա պարզապես միջոց է` ճանապարհ` ձեր ռազմավարական նպատակին հասնելու համար։ Ունեք նպատակ և ցանկանում եք ձեր նպատակին հասնել` ԵՄ-ի միջոցով, ԵՏՄ-ի միջոցով կամ մեկ այլ ճանապարհով… Ավելի կարևոր է` ո՞րն է ձեր նպատակը` զուտ տնտեսական հարթության մեջ դուք ի՞նչ եք պատկերացնում ունենալ։
– Այդ նույն հարցը լրագրողները տալիս են տարիներ շարունակ։ Իսկ պատասխանը կարծես ոչ ոք չգիտի։ Չնայած որ, ըստ մշակված ռազմավարությունների և հայեցակարգերի` Հայաստանը պետք է ունենա գիտելիքահենք տնտեսություն, զարգացած ՏՏ ոլորտ, արդյունաբերություն…
– Դա շատ վատ է։ Այո, Հայաստանը խնդիրներ ունի, սակայն բոլորն էլ ունեն։ Նույն Իսրայելը շատ խնդիրներ ունի, թեկուզ հենց իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Սակայն այդ ամենը մի կողմ դրած` հարկավոր է հստակ պատկերացում ունենալ` զուտ տնտեսական առումով ո՞րն է ձեր նպատակն ու ի՞նչ տնտեսություն եք պլանավորում կառուցել։ Սա է մեկնակետը։
– Երկար տարիներ եղել եք նաև Ռուսական վենչուրային հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ և ծանոթ եք այնտեղի իրավիճակին։ ԵՏՄ-ին անդամակցելով` Հայաստանը հնարավորություն կունենա՞ կայացնել վենչուրային հիմնադրամները, թե՞ ՌԴ-ում էլ նույն խնդիրները կան։
– Ռուսաստանը մեծ երկիր է, ավելի մեծ բնակչությամբ, հարուստ (համենայնդեպս, մինչ այս պահ այդպես էր)։ Եվ չնայած դրան` նրանք շատ հեռու են հաջողված կոչվելուց վենչուրային հիմնադրամների կայացածության տեսանկյունից։ Պատճառը կարգավորումներն են, ՏՏ ոլորտում շատ խնդիրներ կան, և այլն։ Ես համեմատականներ չէի անցկացնի և ըստ դրա` եզրակացություններ չէի անի ազդեցության առումով։ Փոխարենը, կարծում եմ, որ դուք կկարողանաք օգտվել ռուսական վենչուրային հիմնադրամների ռեսուրսներից, մուտք ստանալ դեպի այդ ռեսուրսները։ Օրինակ, որքանով ինձ հայտնի է, ղազախները բավականին ակտիվ են այդ հարցում և աշխատում են նույն RVC-ի հետ։
Դուք նույնպես կարող եք փորձել լավ գաղափարների ֆինանսավորում գտնել այդտեղից` մանավանդ հաշվի առնելով, որ այդ հիմնադրամի ղեկավար կազմում հայեր կան։ Սակայն նորից եմ շեշտում` կարիք չկա համեմատություններ անցկացնել Ռուսաստանի հետ։ Առաջինը, որ պետք է անեք, ձեր կառավարությանը տեղից շարժելն է, հստակեցնել` որն է ձեր ռազմավարական պլանը, հստակ որոշել` որ ոլորտների վրա պետք է շեշտը դնել և քայլեր ձեռնարկել դրանց զարգացման համար։ Օրինակ, ես Դիլիջանում էի, որտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Սակայն զբոսաշրջիկներ ներգրավելու համար հարկավոր է աշխատանքներ տանել։
– Խնդիրն այն է, որ թղթի վրա մենք այդ բոլոր ռազմավարություններն ունենք։ Նույն զբոսաշրջության առումով` ունենք Դիլիջանը կամ Ջերմուկը զբոսաշրջային կենտրոններ դարձնելու ծրագրեր, որոնց մշակման համար մեծ գումարներ են ծախսվել։
– Ամենակարևոր բաներից մեկը վստահությունն է։ Եթե դու ունես ռազմավարություն, ապա ցույց տուր, որ ցանկանում ես այն իրագործել, քայլեր ես ձեռնարկում, ոչ թե պարզապես խոսիր դրա մասին։