
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը Պենտագոնին խնդրել է ուղարկել նոր զորքեր

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը դիմել է ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությանը՝ խնդրելով հատկացնել հավելյալ զորքեր ու ռազմական հանդերձանք՝ կապված ռուսական չդադարող ռազմական սպառնալիքի հետ:
Ամերիկացի գեներալն այսօր հայտարարել է, որ պահանջվում է ուժեղացնել դաշինքի ուժերը Բալթյան երկրներում, Լեհաստանում ու Ռումինիայում: Նա զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ն ու Մոսկվան շարժվում են դեպի ռազմավարական շրջադարձային կետ:
Բրիդլավն ընդգծել է, որ գործն ընթանում է դեպի ռուս-ուկրաինական ներկայիս սահմանի վերացում ու սառեցված հակամարտության ստեղծում: Բրիդլավն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը սահմանամերձ շրջաններում մշտապես փոխում է միանգամից 7 ռազմական բրիգադի վայրը, ինչի համար էլ դժվար է լինում հստակեցնել զինվորների ստույգ քանակը:
Սրանից առաջ էլ Բրիդլավը հայտարարել էր, որ ռուսական օդուժը սկսել է մեծ ակտիվություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային տիրույթի մոտ: