«Կա շատ ակտիվ աստղագիտություն, չկա ֆինանսավորում»

Հայկական աստղագիտական ընկերությունը հոկտեմբերին պատրաստվում է երեք միջոցառում իրականացնել Հայաստանում: Դրանք կլինեն և՛ ուսուցողական, և՛ գիտաժողովների տեսքով: Հոկտեմբերի 7-9-ը Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» թեմայով գիտաժողով: Դրան կհաջորդեն պրոֆեսիոնալ աստղագետների այցերը դպրոցներ, իսկ դպրոցական աշնանային արձակուրդներին` հոկտեմբերի 19-26-ը ընկած ժամանակահատվածում, կկազմակերպվի գիտաճամբար 12-15 տարեկան երեխաների համար: Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը մեզ հետ զրույցում պատմեց հոկտեմբերյան միջոցառումների, աստղագիտության, հայ գիտնականների ու Բյուրականի աստղադիտարանի մասին:

– Հայկական աստղագիտական ընկերությունը պատրաստվում է այցելել դպրոցներ և պրոֆեսիոնալ աստղագիտության դասեր տալ: Այսօր մեր դպրոցները դրա կարիքը շա՞տ ունեն, կպատմե՞ք այդ նախաձեռնության մասին:

– Դասախոսությունների ծրագիր է, պրոֆեսիոնալ աստղագետներով այցելելու ենք դպրոցներ: Ընդ որում, այնպես ենք անում, որ բոլոր մարզերից գոնե մեկ դպրոց ներառված լինի և նաև` Երևանի բոլոր վարչական շրջաններից: Ընդհանուր 30 դպրոց ի վիճակի կլինենք այցելել:

– Ի՞նչ սկզբունքով են ընտրվել դպրոցները:

– Նախարարության հետ ենք ընտրել դպրոցներն և այնպես ենք արել, որ ավագ դպրոցներ լինեն: Մենք մեկ անգամ էլ ենք նման նախաձեռնություն իրականացրել և փորձն ունենք, բացի այդ, դպրոցները միայն իրենք չեն լինելու. շատ դեպքերում մեծ դահլիճներում ենք կազմակերպում և հարևան, մոտակա դպրոցներից էլ ենք հրավիրում: Դրանք հանդիպումներ են, դա միայն դասախոսության նպատակով չի արվում: Երեխաներն առնչվում են գիտնականների հետ, ու դա շատ դեպքերում տպավորիչ հանդիպում կարող է լինել, մարդու ճակատագիրը կարող է որոշել: Նաև պարզ է, որ աշակերտներն ուսուցիչներից չեն կարող այդքան գիտելիք ստանալ, շատ դեպքերում ուսուցիչներն աստղագիտություն չեն պարապում, որովհետև չեն տիրապետում այդ գիտելիքներին: Ֆիզիկայի ուսուցիչներին է տրված դա, և ոչ բոլորն այդ գիտելիքներն ունեն: Ես ինքս հիշում եմ` իմ դպրոցական տարիներին մեր ֆիզիկայի ուսուցիչը հատուկ չէր անցնում աստղագիտություն: Զգում էի, որ ինքը չի կարողանում, խուսափում էր ու այդ ժամերը տրամադրում էր ֆիզիկային:

– Աստղագիտությունն ինչպիսի՞ վիճակում է մեր երկրում, այսօր ինչպիսի՞ նվաճումներ է Հայաստանը գրանցում աշխարհում:

– Հպարտությամբ պետք է ներկայացնեմ. մի քանի օր առաջ եմ եկել Սերբիայից, հերթական գիտաժողովն էր, որտեղ զեկուցեցի հայկական աստղագիտության նվաճումների մասին, ընդ որում` ժամանակակից նվաճումների: Զեկուցումից հետո, հարցերի ժամանակ մի սերբ աստղագետ պարզապես մի մեկնաբանություն արեց. «Շնորհավորում եմ, փոքր երկիր` մեծ գիտություն»:

Եվ դա ամենամեծ գնահատականն էր, զարմացան, որ Հայաստանն այդքան բան կարողանում է անել. թեկուզ այս հոկտեմբերի միջոցառումները, կամ մեր այս վերջին տարիների բոլոր աշխատանքները, բազմաթիվ համագործակցություններըգ Դա մեր նման երկրին «սազական» չէ, եթե կարելի է այդպես ասել, այսինքն`տիպիկ չէ, սովորաբար այսպիսի երկիրը չի կարողանում այդպիսի գիտություն զարգացնել, չի էլ կարող, ֆինանսապես դա անհնար է, պարզապես միակ հնարավորությունը համագործակցությունն է տարբեր երկրների հետ:

– Կմանրամասնե՞ք վերջին տարիների հայկական աստղագիտության գործունեությունն ու ձեռքբերումները:

– Մասնավորապես Բյուրականի աստղադիտարանում մենք հետազոտում ենք անկայուն երևույթները` և՛ աստղերի, և՛ գալակտիկաների աշխարհում: Մենք հայտնաբերել ենք բազմաթիվ ենթակարմիր, և ռենտգենյան ճառագայթում ունեցող գալակտիկաներ և հիմա ռադիոգալակտիկաների հատկություններն ենք ուսումնասիրում, և ընդհանրապես կատարում ենք դրանց բազմաալիքային ուսումնասիրությունները: Նպատակն է`պարզել դրանց ճառագայթման մեխանիզմները, էներգիայի աղբյուրները և էվոլյուցիան: Ամենամեծ հեռանկարային նպատակները դրանք են. դա բերում է, այսպես կոչված, աստղածնության, տիեզերածնության զարգացմանը, այսինքն` թե ինչպես են առաջացել և զարգանում տիեզերական մարմինները:

– Ինչպիսի՞ վիճակում է գտնվում այժմ Բյուրականի աստղադիտարանը: Դիտակներն այսօր լա՞վ վիճակում են, կարիք չկա՞ վերանորոգման:

– Աստղադիտարանը մինչև վերջերս` երկու տարի առաջ, շատ ցավալի վիճակում էր գտնվում, հատկապես` ենթակառուցվածքային իմաստով: Չնայած Հայաստանում աստղագիտությունը միշտ եղել է ակտիվ` սկսած հենց անկախացման առաջին տարվանից: Մեզ մոտ չի դադարել ակտիվությունը, անկախ նրանից` ֆինանսավորում եղել է կամ չի եղել, հիմա էլ առանձնապես բարձր չէ, բայց աստղագետներն իրենց կապերի միջոցով, գործունեության միջոցով շարունակել են աստղագիտությունը բարձր պահել: Բայց ենթակառուցվածքի իմաստով, իհարկե, շատ տխուր վիճակ էր, հիմա էլ այդքան բան չի փոխվել, սակայն երկու տարի առաջ ՀՀ կառավարությունը ճանաչեց Բյուրականը որպես ազգային արժեք, և մի քիչ ֆինանսավորում ավելացվեց:

Մի քիչ է, բայց մյուս կողմից` մեր բյուջեի համարյա կրկնապատիկն էր, այսինքն` եռապատկվեց բյուջեն, և դա հիմնականում ուղղվեց ենթակառուցվածքային աշխատանքներին, ոչ թե աշխատավարձերի բարձրացմանը: Շատ չնչին մասն աշխատավարձերին գնաց, հիմնականում` դիտակների վերակառուցմանը: Եվ դրա շնորհիվ մի փոքր վիճակը լավացավ. մի փոքր եմ ասում, որովհետև, իրոք, դա շատ քիչ է, քանի որ ես դա դիտարկում եմ միջազգային տեսանկյունից, թե այնտեղ ինչ ներդրումներ են արվում: Նույնիսկ, եթե հիմա մեզ մոտ որոշակի կարգավորվի, մենք պետք է շատ զգոն լինենք, քանի որ գիտությունը մեծ քայլերով առաջ է գնում: Այսինքն` մենք կարող ենք զարգանալ նաև, բայց հետ մնալ, եթե դանդաղ տեմպերով զարգանանք, որովհետև նրանք ավելի արագ են զարգանում, մենք` դանդաղ, ու աստիճանաբար մենք շատ ենք հետ մնում: Այս պրոցեսը հիմնական բնութագիրն է մեր գիտության, որը շատ ցավալի է:

Դա նշանակում է, որ 10 տարի հետո մենք ավելի վատ վիճակում կհայտնվենք միջազգային ասպարեզում, 20 տարի հետո է՛լ` ավելի վատ. այս տենդենցը պետք է դադարեցնել, գոնե համընթաց քայլերով փորձել հետ չմնալ: Ի դեպ, դա վերաբերում է ոչ միայն աստղագիտությանը, համատարած` մեր ամբողջ գիտության վիճակն է այսպիսին: Օբյեկտիվ պատկերը սա է` կա շատ ակտիվ աստղագիտություն, կան ակտիվ աստղագետներ, բայց մյուս կողմից` շատ դժվար աշխատանքային պայմաններ են և ցածր ֆինանսավորում:

– Այսինքն` ՀՀ կառավարության կողմից թեև գումարը փոխանցվեց, բայց այն չի բավարարում մեր Աստղադիտարանին:

– Դա շատ հեռու է դեռ բավարար լինելուց, բայց ինչ-որ չափով պետք է, իհարկե, շնորհակալ լինել մեր Կառավարությանը, մասնավորապես` Գիտությունների ակադեմիային, որովհետև Ակադեմիայի միջամտությամբ դա տեղի ունեցավ: Ակադեմիայի նախագահությունը կարևորեց Բյուրականը մյուս ինստիտուտների շարքում, այլապես այդպես չէին առանձնացնի: Բացի այդ, Աստղադիտարանն իրոք ազգային արժեք է. այն միայն գիտական կենտրոն չէ, դա ճարտարապետական մի ուրույն համալիր է, դա եզակի ծառատեսակներով, բուսաբանական այգի է, դա այցելությունների վայր է: Հայաստանի համար դա առանձնահատուկ մի երևույթ է:

– Կարիք կա՞ այսօր Հայաստանի մեկ այլ վայրում կառուցել նոր աստղադիտարան, կամ հինը տեղափոխել ավելի լավ վայր: Որքանո՞վ դա կնպաստի աստղագիտությանը:

– Այո, կարիքը կա. որքան ավելի բարձր լեռնային տեղերում և մի քիչ քաղաքից էլ հեռու լինի աստղադիտարանը, այնքան ավելի լավ: Երկու ուժեղ թերություն ունենք մենք այստեղ: Երբ Բյուրականը կառուցվեց` Երևանը շատ փոքր էր, այդ պատճառով, երբ 1946-ին կառուցվել է` չեն պատկերացրել, որ Երևանն այսքան արագ տեմպերով կզարգանա: Հիմա լուսավորությունն այնքան շատ է, որ խանգարում է. երկինքը մութ չէ և լրացուցիչ ֆոն է ստեղծում: Դա` մեկ, երկրորդ` տնտեսական պատճառներով, հնարավոր չէր ավելի բարձր կառուցել, ճանապարհ չկար, կոմունիկացիաներ չկային, աստղադիտարանը կառուցելիս պետք է այդ ամբողջն արվեր. դրա համար հազիվ կարողացան հասցնել ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա, որը քիչ է, որքան շատ` այնքան լավ: Օրինակ, Արագածի գագաթը 4090 մ է, որքան բարձր է` այնքան մթնոլորտը նոսր է:

– Հայաստանի կոնկրետ ո՞ր տարածքներն ավելի նախընտրելի կլինեն աստղադիտարանի համար:

– Արագածի գագաթը ես ինքս էլ խորհուրդ չէի տա, որովհետև այնտեղ փոքր-ինչ քամոտ է, քամիներն էլ են խանգարում: Հատուկ հասկացողություն կա, որը կոչվում է աստղակլիմա: Օրինակ` Հայաստանում ընտրել էին Սելիմի լեռնանցքը, դրա մոտ բավական բարձր է` ծովի մակարդակից 2800 մ բարձրության վրա: Այնտեղ էին ուզում տեղափոխել ԽՍՀՄ-ի վերջին տարիներին. կիսատ մնաց այդ նախաձեռնությունը: Եվ կզարմանաք, բայց ասեմ, որ Արցախը հիանալի պայմաններ է առաջարկում: Արցախում շատ լավ, մաքուր օդ է, այսինքն` աղտոտված չէ. մթնոլորտը որ աղտոտված է լինում` նույնպես խանգարում է դիտումներին: Աղավաղում է պատկերները, և չես կարողանում մաքուր ստանալ այն, ինչ որ տիեզերքից է գալիս: Իհարկե, դա շատ մեծ գումարների հետ է կապված:

– Ի՞նչ եք կարծում` ապագայում տեղափոխության կամ նորը կառուցելու մտքեր կլինե՞ն:

– Մտքեր նույնիսկ չկան, որովհետև նույնիսկ մեր աստղադիտարանում որևէ լուրջ ներդրում անելու, ավելացնելու խնդիր կա, ուր մնաց` մի հատ էլ զրոյից նոր տեղում աստղադիտարան կառուցելու մասին քննարկումներ լինեն: Հիմա աշխարհում կառուցվում են նոր աստղադիտարաններ, բայց ավելի հաճախ արդեն եղած աստղադիտարաններում դիտակներ են կառուցվում: Այսօր աշխարհում կան թվով մոտ 500 աստղադիտարաններ: Այդքան էլ շատ չէ. աստղագիտությունն ընդհանրապես հազվագյուտ մասնագիտություն է: Ընդ որում, աստղադիտարանների մեծ մասը կենտորնացած են զարգացած երկրներում: Աշխարհում 196 պետություններից 73-ն ունեն պրոֆեսիոնալ աստղագիտություն: Մենք այժմ միջազգային աստղագիտական միության անդամ ենք, մերը, ըստ տարբեր ցուցանիշների, մոտ 30-35-րդ տեղում է:

– Այսօր ինչպե՞ս են մեր հայ գիտնականներն ընդունվում աշխարհում:

– Գրկաբաց` եթե կարճ ասեմ: Իրոք, հայ աստղագետներին շատ են գնահատում, և ես հպարտ եմ դրանով: Ճիշտ է` կարծես մենք շատ ճնշված վիճակում ենք` ցածր են աշխատավարձերը, Հայաստանի գիտնականները բողոքում են, բայց ես հպարտ եմ, որ գիտնական եմ, և դա գալիս է հենց այդ արտասահմանյան մոտեցումներից, իրենց դրվածքից: Վերցրեք ցանկացած զարգացած երկիր և անմիջապես կտեսնեք, որ գիտությունը բարձր մակարդակի վրա է այնտեղ:

– Նշեցիք այսօրվա գիտնականի ցածր աշխատավարձի մասին: Ցածր աշխատավարձն այսօր մեծ խնդիր չէ՞ մեր երկրի համար և, արդյոք, չի՞ խթանում հայ գիտնականների արտագաղթը:

– Շատ ցածր է, դա ուղղակի ծիծաղելի ցածր է, դա նույնիսկ քննարկելու էլ չէ, երևի պետք է գոնե մի երեք անգամ ավելացնել, որ դրանից հետո կարողանայինք քննարկել մնացած հարցերը: Որովհետև գիտնականի աշխատավարձը չի կարող երկրի միջին աշխատավարձից ցածր լինել, առնվազն, գոնե, պիտի միջինից բարձր լինի. դա ամբողջ աշխարհում է այդպես: Այս դեպքում ես արտագաղթը կբաժանեի երկու մասի. այն, որ Հայաստանից են գնում` պահպանելով իրենց մասնագիտությունը, և մյուսը` որ մասնագիտությունից են գնում:

Դա էլ է արտագաղթ, այսինքն` արտագաղթ մասնագիտությունից դուրս, դե, ասենք` աստղագետը գնա մեկ ուրիշ գործով զբաղվի Հայաստանում, դա նշանակում է` աստղագիտության համար արտագաղթ տեղի ունեցավ: Այսինքն` իսկապես չգնաց Հայաստանից, բայց ինքն այլևս գիտնական չէ:

Յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում, ես չեմ կարող մեղադրել որևէ երիտասարդի, որը հարմարավետ պայմանների համար թողնում-հեռանում է. լավ առաջարկ է ստանում` հեռանում է: Առանձին անհատը չի կարող գլոբալ հարցեր լուծել, ասենք` եթե երկիրը կարիք ունի լավ կադրերի, ուրեմն ինքը պետք է մնա. մեկը կգիտակցի դա, տասը չեն գիտակցի:

– Այս դեպքում հայ գիտնականներին հիմնականում հրավիրո՞ւմ են:

– Հրավիրում են, առանց հրավերի իրենք չեն կարող գնալ: Կարող են գնալ, բայց պատահական ձևով: Շատերը պարզապես պատահական գնում են` մի բան գտնելու հույսով, բայց դա գիտնականին պատիվ չի բերի:

 

Տեսանյութեր

Լրահոս