Ովքե՞ր են պատասխան տալու դպրոցաշինական ծրագիրը ձախողելու եւ 3 մլրդ. դրամը փոշիացնելու համար. ԳԱԼԱ
Վերջերս ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հերթական անգամ մտահոգություն էր հայտնել պետական բյուջեի անարդյունավետ ծախսման վերաբերյալ: Կառավարության սեպտեմբերի 18-ի նիստում, հիշեցնենք, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն առաջարկել էր այս տարվա պետական բյուջեով նախատեսված 13 դպրոցների վերակառուցման աշխատանքների ժամկետը երկարաձգել մինչեւ 2016-17 թվականները: Այդ ժամանակ էլ Իշխան Զաքարյանը հայտարարել էր, որ ՎՊ-ն ստուգել է իրականացվող ծրագիրը եւ պարզել, որ նախորդ տարվա դրությամբ 2006-2013 թվականների ծրագրով նախատեսված 74 դպրոցներից ոչ մեկի շինարարությունն ավարտված չէ, թեև ծախսվել է նախատեսված գումարի շուրջ 70 տոկոսը։ Ավելին, ըստ Վերահսկիչ պալատի նախագահի՝ ծրագիրն իրականացնելիս կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել սեյսմակայունության խնդիրներին:
Ովքե՞ր են «լափել» պետական բյուջեի միջոցները (նման որակում դեռեւս անցած տարի տվել էր ԱԺ նախագահ, ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ ՎՊ նախագահը, ներկայացնելով 2013 թվականի իր զեկույցը, հայտարարել էր, որ պետբյուջեի միջոցների շուրջ 70 տոկոսը ծախսվել է անարդյունավետ), ո՞ր շինկազմակերպություններն են ծրագիրն իրականացնողները եւ կրելո՞ւ են արդյոք պատասխանատվություն:
ԳԱԼԱ-ի լրագրողը սույն հարցերն ուղղել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին: Վերջինս նախ հայտարարեց. «ՎՊ-ի տեղեկությունները հետեւյալն են, որ 74 դպրոցաշինության ծրագրեր իրականացվել են մասնակի, եւ որեւիցե մեկը չի ավարտվել: Այո, եղել է այդպիսի բան՝ 2012 եւ 2013 թվականի ուսումնասիրության արդյունքներով: Բայց 2013 թվականին այդ հարցը քննարկվել է նաեւ ԱԺ-ում, անկախ նրանից, որ ես ստանձնել եմ ապրիլ ամսից այս աշխատանքը (նկատի ունի քաղաքաշինության նախարարի պաշտոնը. Փ. Ֆ), բայց մանրամասն տիրապետում եմ»: «Մանրամասն» ասելով էլ Նարեկ Սարգսյանը նկատի ուներ այն, որ ՎՊ-ի ուսումնասիրություններով քաղաքաշինության նախարարությունը դեռեւս 2013 թվականին զգալի աշխատանքներ է իրականացրել, որպեսզի նման խնդիրներ չառաջանան: Սակայն ստացվում է, որ իր գործառույթը քաղաքաշինության նախարարությունում պատշաճ չեն իրականացրել, եւ հետեւաբար առաջացել են խնդիրներ:
«Տեղի են ունեցել դպրոցների վերանորոգում, հիմնանորոգում, եւ կան դպրոցներ, որտեղ անհրաժեշտ է լուրջ կապիտալ վերակառուցում իրականացնել: Այսինքն սեյսմիկ վերլուծությունները ցույց են տալիս, որ շենքերն ունեն տարբեր աստիճանի վթարայնություններ»,- ասել է Ն. Սարգսյանը:
Ըստ Նարեկ Սարգսյանի՝ ինքն է առաջարկել թվով 13 դպրոցների ծրագիրը հետաձգել: «Հետաձգման արդյունքում առաջացած բյուջեն վերաբաշխել ենք մնացած դպրոցների վրա, որպեսզի նրանք կառուցվեն, ավարտվեն առաջիկա մեկից երկու տարվա ընթացքում: Այսինքն մեր որոշումներն այդպիսին են, որ դպրոցը չի կարելի կառուցել 5, 6, 7 տարվա ընթացքում, պետք է կառուցել ավելի արագ»,- նշեց քաղաքաշինության նախարարը: Ըստ Նարեկ Սարգսյանի՝ 2014 թվականի պետական բյուջեով հենց այդպես էլ նախատեսված է, որ դպրոցները պետք է կառուցել արագ:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: