Վերաքննիչ դատարանը մերժեց Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպանի բողոքը (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպանի բողոքը: Դատարանն օրինական ուժի մեջ թողեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Դավիթ Խաչատրյանը մեղավոր էր ճանաչվել սպանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ՝ դատապարտվելով 17 տարվա ազատազրկման:
Մինչ այդ դատարանը մերժեց ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ հարցաքննել գործով տուժող Հրաչյա Սարգսյանին: Պաշտպանը նշեց, որ առաջին ատյանի դատարանում իրենք օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունեցել հարցաքննելու տուժողին: «Ներկայումս մենք լսեցինք նրա դիրքորոշումը, բայց որպես այդպիսին՝ ցուցմունքը մենք չլսեցինք, և բավական հարցեր առաջացան նրա դիրքորոշումից հետո, պաշտպանական կողմը դրանք տալու ցանկություն ունի»,- ասաց փաստաբանը: Մեղադրող դատախազը, կարիք հայտնելով միջնորդության մասին, ասաց, որ եթե այն բավարարվի, ինքն էլ հարցեր կունենա տալու, բայց գտնում է, որ այս պահին տուժողին «հարցեր տալու խնդիր էլ չկա»: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն էլ նշեց, որ թողնում է դատարանի հայեցողությանը: Դատարանը մերժեց տուժողին հարցաքննելու միջնորդությունը՝ նշելով, որ Հրաչյա Սարգսյանի վերաքննիչ բողոքին պատասխան ներկայացնելու ընթացքում դատարանին հայտնեց այն ամենն, ինչ իրեն հայտնի էր, դատարանի հարցին ի պատասխան՝ հայտնեց, որ լրացնելու, ավելացնելու ոչինչ չունի: Միջնորդության մերժումից հետո Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանի կազմին: Նա վկայակոչեց դատական օրենսգրքի հոդվածներից մեկը, համաձայն որի՝ դատարանը պարտավոր է թույլ չտալ, որ իր վրա ներազդեն թաքնված շահերը, հասարակական դժգոհությունը կամ քննադատված լինելու վախը, ինչպես նաև իր պարտականությունը՝ իրականացնել անկողմնակալ, դատավորն ի պաշտոնե գործելիս պարտավոր է զերծ մնալ խոսքով կամ վարքով կողմնակալություն ցուցաբերելուց, ինչպես նաև նման տպավորություն ստեղծելուց: «Այսինքն՝ այս հարցն այնքան կարևոր է, որ օրենսդիրը նույնիսկ հստակ սահմանել է, որ դատարանն իր վարքագծով պետք է օբյեկտիվ տպավորություն թողնի, այլ ոչ թե կողմնակալ: Նշեմ հետևյալը, որ դատարանն իր կողմից դրսևորած վարքագծով ի սկզբանե, հենց առաջին իսկ դատական նիստից ցույց տվեց, որ այս գործով ունի կանխակալ վերաբերմունք և արդեն իսկ ամենաարագ ձևով փորձում է ավարտել այս դատական նիստը»,- ասաց փաստաբանը:
Փաստաբանն ասաց, որ այսօր դատարանում իր դիրքորոշումն արտահայտեց գործով տուժող Հրաչյա Սարգսյանը, ընդ որում, դիրքորոշում արտահայտելիս այնպիսի հանգամանքներ է հայտնել, որոնք պարզաբանման կարիք ունեին: Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատարանն առանց իր միջնորդության պետք է անձամբ հարցեր ուղղեր նրա կողմից նշված մի քանի հանգամանքների վերաբերյալ: «Բնականաբար, դատարանին դա չէր հետաքրքրում, քանի որ դատարանն արդեն որոշել էր իր անելիքը»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատարանին, ի թիվս այլ հանգամանքների՝չհետաքրքրեց՝ արդյոք հայհոյանքը կատա՞կ էր: «Այդ ինչո՞ւ էիք նախորդ դատական նիստին ամբաստանյալին այդպիսի կանխակալությամբ հարցեր տալիս՝ ինչպես է ստացվում, որ հայհոյանքը բանակում նորմալ բան է, այդ ինչո՞ւ չէիք վիրավորվել, ոչ մի լուրջ մարդ չի կարող դրանից չվիրավորվել: Ինչո՞ւ տուժողին չենք հարցնում և չենք պարզաբանում այդ հանգամանքը, գուցե նրանց մոտ դա նորմալ բան էր: Ինչո՞ւ տուժողից չհարցրինք՝ այդ հայհոյանքը ձեզ համար լուրջ չէ՞ր, ինչո՞ւ եք նման բան ասում, որ դա կատակ էր: Կրկին, դա բացարձակ կարևորություն չուներ դատարանի համար»,- նշեց Երեմ Սարգսյանը: Նա նշեց, որ չպարզաբանվեց նաև՝ ինչ էր նշանակում տուժողի կողմից նշված «անկապ շարժում» արտահայտությունը: Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը դատարանում, պատմելով դեպքի մասին, նշեց, որ Դավիթ Խաչատրյանն իջեցրել է զենքը. «Հիշումեմայդպահը: Միհատանկապշարժումեղավ,ուչեմհիշում: Վերջինբանը, որհիշումեմ, բժշկիխոսքերնէին, որգոռումէր, որաչքերսչփակեի, հանկարծչքնեի»: https://168.am/2014/09/30/411119.html«Գուցե անկապ շարժումը դիտավորյալ ձգանը սեղմելն էր, գուցե այդ անկապ շարժումը հենց այն գործողությունն էր, որը նկարագրում էր Դավիթ Խաչատրյանը, որ իջեցնելիս դիպչել է ենթապայուսակին: Դատարանին կրկին չի հետաքրքրում: Իսկ եթե դատարանին նման էական փաստական հանգամանքներ չեն հետաքրքրում, հետևաբար՝ դատարանն արդեն իսկ որոշել է իր անելիքը»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Նա նշեց նաև, որ ընդհանրապես ապացույցներից մեկը տուժողի ցուցմունքն է, սակայն այսօր Հրաչյա Սարգսյանը ցուցմունք չտվեց, ընդամենը դիրքորոշում հայտնեց: «Իսկ գուցե դատարանը, պահպանելով հարցաքննության կարգը, տուժողին նախազգուշացներ ակնհայտ սուտ ցուցմունք տալու, ցուցմունք տալուց հրաժարվելու համար, և գրավոր ստորագրելուց հետո գուցե տուժողն իրականում այլ ցուցմունք էր տալիս: Դատարանը կրկին անուշադրության է մատնում այդպիսի էական հանգամանքները: Հիմա պաշտպանության կողմն ինչպե՞ս կարող է տվյալ դիրքորոշման հիման վրա փորձել թեկուզ այլ դատական ատյաններում հետագայում հիմնավորել իր դիրքորոշումը, եթե դատարանը հնարավորություն չտեց, որպեսզի այդ դատարանը՝ որպես այդպիսին, ներառվի քրեական գործի մեջ, և դատարանն իր որոշումը կայացնելիս, իսկ պաշտպանական կողմը՝ պաշտպանություն իրականացնելիս, հետագայում հիմնվի այդ ապացույցի վրա: Դատարանը մեզ զրկեց այդպիսի հնարավորությունից»,- նշեց փաստաբանը:
«Ես նշում եմ, որ դատարանը շարունակում է պետական մարմինների որդեգրած քաղաքականությունը և շատ ակնհայտորեն փորձում է հնարավորինս շուտ ավարտել այս քրեական գործը, կայացնել իր որոշումը»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատարանն ակնհայտ կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում:
Մեղադրող դատախազը նշեց, որ միջնորդությունն անհիմն է, ինքն այն կարող է համարել ազդեցություն դատարանի վրա, կարծում է, որ այն պետք է մերժվի: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն էլ ասաց, որ միջնորդությունն անհիմն է և պետք է մերժվի: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը մերժեց միջնորդությունը: