Հրաչյա Սարգսյանը հիշում է դեպքի մանրամասները. Դավիթը զենքը իջեցրեց, մի հատ անկապ շարժում եղավ ու չեմ հիշում
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպանի բողոքի քննությանը վիրավորված Հրաչյա Սարգսյանը պատմեց իր հիշած մանրամասները:
Պատասխանելով դատավորի հարցին՝ արդյոք պե՞տք է բավարարել վերաքննիչ բողոքը, Հրաչյա Սարգսյանն ասաց. «Իմ կարծիքով՝ այո»: Հ. Սարգսյանն ասաց, որ երկար ժամանակ շատ բաներ չի հիշել. «Օրինակ՝ իմ հոր ձայնը ես որ լսում էի, ես չէի կարողանում հիշել իր դեմքը: Բայց հետո լուրերը նայելով ինտերնետից՝ ես արդեն իմացա՝ ինչ է եղել: Առաջին բանը, որ մտածեցի, դա այն էր, թե ես ու Լյուքսը ինչ պիտի արած լինեինք, որ Դավոն սենց վարվեր: Ու այնտեղ գրված էր՝ զինծառայող Դավիթ Խաչատրյանը զենքով վիրավորել է Հրաչյա Սարգսյանին և դիտավորյալ սպանել Լյուքսին: Որ դա կարդացի, իմ մեջ արդեն շատ բաներ կային, որ պատասխանը չունեի շատ պարզ պատճառով՝ չէի հիշում:
Շատ ժամանակ անցավ, արդեն սկսեցի քայլել, ու ընթացքից ոնց որ աղոտ պատկերներ եմ սկսել հիշել այդ դեպքի վերաբերյալ: Հիշում եմ, որ նստած ենք եղել ամառանոցում, պարտականություններն էինք կրկնում, Լյուքսն էլ ինձ օգնում էր: Դավոն էլ ժամապահ էր կանգնած: Մեզանից ժամ էր հարցնում, ժամ չկար, որ պատասխան տայինք: Այդ ժամանակ Ջանազյան Միշան էր դուրս եկել լվացվելու: Իրենից էլ հարցրեց, ինքն էլ նույն պատասխանը տվեց, որ ժամ չունի, ու այդ ընթացքում ոնց որ սկսեցին Լյուքսի հետ կատակ անել: Ոչ մեկս դրան լուրջ չէինք վերաբերում, ասենք բոլորս էլ ծառայող ենք եղել, իրար հետ կատակ ենք անում, իրար հետ նստում ենք նույն սեղանից հաց ենք ուտում: Այնպես էր անցնում օրը, արդեն մի տանից էինք զգում»:
Հրաչյա Սարգսյանն ասաց, որ իրենք թշնամական հարաբերություններ չեն ունեցել:
«Հետո հիշեցի, որ այդ կատակի ժամանակ Դավիթը զենքը պահեց դեպի մեր ուղղությամբ, ու հիշեցի, որ այդ ժամանակ ասեցինք, որ զենքը իջեցնի: Զենքը իջեցրեց, էլի տենց կատակը շարունակվում էր: Երկրորդ անգամ, որ զենքը պահեց, նորից ասեցի, որ իջեցնի, այդ ժամանակ զենքը իջեցրեց: Հիշում եմ այդ պահը: Մի հատ անկապ շարժում եղավ ու չեմ հիշում: Վերջին բանը, որ հիշում եմ, բժշկի խոսքերն էին, որ գոռում էր, որ աչքերս չփակեի, հանկարծ չքնեի»,- պատմեց Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ շատ բաներ չի հիշում:
Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ ինքը «շատ ծանր է տարել» այն հանգամանքը, որ կրակոցի արդյունքում Լյուքս Ստեփանյանը մահացել է, շատ ցավալի է, որ նա այսօր չկա. «Մենք զինծառայող ընկեր ենք կորցրել»: Նա նշեց, որ հիշում է՝ Դավիթ Խաչատրյանը զենքը իջեցրել է. «Ու մի հատ անկապ շարժում…»:
Դատավորի հարցին՝ արդյոք գտնո՞ւմ է, որ անզգույշ է կրակել, Հրաչյա Սարգսյանը պատասպխանեց. «Ինձ հազար կներեք, որ այս բանը ուզում եմ ասել, բայց չեմ կարող չասել: Խնդրում եմ՝ ինձ ներեք, բայց եթե Դավոյի տեղը նստած լիներ Լյուքսը, ես էլի չէի հավատա ու չէի մտածի, որ կարող է այդպես մտածված իրենցից որևէ մեկը մեզանից որևէ մեկին ցանկանար վնասել»: