Բաժիններ՝

Ինչու են առևտրականները բողոքում շրջանառության հարկի նվազման դեմ

«Իրոք, կառավարությունը փորձեց դրական քայլ անել փոքր և միջին բիզնեսի համար, որովհետև 1.5 տարի առաջ բազմաթիվ ընկերություններ փակվեցին»,-168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ խոսելով «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի մասին, որի դեմ վերջին օրերին մի խումբ առևտրականներ բողոքի ակցիաներ են կազմակերպում:

Գ. Մակարյանը նկատեց, որ 1.5 տարի առաջ մի շարք ընկերություններ սկսեցին փակվել հետևյալ պատճառներով. «Առաջին պատճառն այն էր, որ գնորդների թիվը նվազեց, այսինքն՝ մարդիկ միգրացիայի արդյունքում նվազել էին, և առևտրի ծավալները ընկել էին: Երկրոդ պատճառն այն էր, որ աղքատությունը բարձր էր, և գնողունակությունն էր ընկել: Երրորդը՝ անհավասար մրցակցությունն է, որ իրենք իրենց ապրանքները ստիպված են էժան վաճառել և այդ դեպքում իրենք շատ քիչ շահույթ են ունենում, որի հետևանքով հազիվ գոյատևում են, ավելացնելու դեպքում էլ իրենք չեն կարողանում մրցակցությանը դիմանալ, մանավանդ, որ իրենց ապրանքներն ավելի էժան, հասարակ ապրանքներ են»:

Տնտեսագետի կարծիքով՝ պետությունը դրական քայլ արեց, որ շրջանառության հարկի դրույքաչափն՝ թույլ տալով, որ առևտրականները կարողանան գոյատևել՝ 1 տոկոս հարկ վճարելով։ Սակայն, ըստ Գ.Մակարյանի, պետությունը ցանկացավ 2 նապաստակ որսալ. «Մեկը՝ ՓՄՁ-ներին օգնելն էր, մյուսը՝ փորձեց այդ ճանապարհով փաստաթղթավորման պահանջը մտցնել, որպեսզի կարողանա վերահսկել խոշորներին, որ տեսնի, թե ստվերը որտեղ է թաքնված: Ինչպես վարչապետն էր ասում, մոտավորապես 25 միլիոն դոլարի հարկից իրենք հրաժարվեցին՝ 2.5 տոկոս իջեցնելու պատճառով: Դա նշանակում է, որ այդ ոլորտի փոքր ձեռնարկությունների տարեկան շրջանառությունը կազմում է մոտ մեկ միլիարդ: Այսինքն՝ պետությունն իրավունք ունի այդ մեկ միլիարդ դոլարն աչքաթող չանել, այսինքն՝ որոշակի վերահսկել: Եթե փոքր գումար լիներ, հնարավոր է՝ պետությունն աչք փակեր, բայց այդ առևտրի ծավալը շատ լուրջ թիվ է»:

Ըստ Գ.Մակարյանի՝ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որ առևտրականները բողոքում են այս օրենքի դեմ. «Օբյեկտիվ պատճառներն այն են, որ իրենք չենք կարողանալու փաստաթղթավորումն ապահովել, որովհետև իրենց մոտ կա խնդիր հին ապրանքների հետ կապված, կամ խոշոր բիզնեսը պարզապես չի տրամադրում իրենց փաստաթղթեր: Ու այդ դեպքում, քանի որ ուսումնասիրություններ հաճախակի պետք է կատարվեն այդ փաստաթղթավորման հարցը ճշտելու համար, իրենք վախենում են, որ այդ մուտքը ստուգումների անվան տակ կարող է այլ հետևանքներ ունենալ իրենց համար»:

Կարդացեք նաև

Սուբյեկտիվ պատճառն այն է, որ իրենք վախենում են խոշոր կազմակերպություններից, որովհետև երբ իրենք նշեն, թե ովքեր չեն տրամադրել այդ փաստաթղթերը, այդ ստուգող մարմիններում այնքան մարդիկ կան, որոնք ծախված են կամ ինտեգրված են այդ խոշորների հետ, որոնք կարող են իրենց մատնել. «Այսինքն՝ փոքր ձեռնարկությունները նաև վախ ունեն, որ կարող է գան իրենց ծեծեն, ջարդեն, վառեն, պատժեն»:

Օրենքին դեմ լինելու պատճառներից մեկն էլ այն է, որ առևտրականների մեծ մասն ունի գրագիտության խնդիր: Մեր զրուցակիցը կարծում է, որ նրանք չեն կարող այդքան կտրոններ հավաքել, հաշվել, դասավորել և փաթեթ պատրաստել. «Ես նրանց հետ հանդիպել եմ և տեսա, որ նրանք պարզապես առևտրականներ են, որոնք ուղղակի բերում ու վաճառում են: Այսինքն՝ իրենք իրենց գրագիտության պատճառով են նաև վախենում»:
Հաջորդը բարոյական խնդիրն է. «Իրենք չեն ուզում մատնիչի դերում լինել, ասեն՝ այս խոշորները մեզ թղթեր չտրամադրեցին: Իրենք վիրավորվում են այդ մտքից, որ իրենք նման իրավիճակում պետք է հայտնվեն»:

Գ.Մակարյանը նկատեց, որ խնդիրներից մեկն էլ այն է, որ առևտրականների մեծ մասը տները գրավ են դրել, վարկեր են վերցրել, որ այդ առևտրով զբաղվեն, այդ վարկերը դեռ չեն մարել ու հիմա երբ պետությունը այս փաստաթղթավորումը մտցնում է, իրենց մոտ իրավիճակի փոփոխություն կարող է առաջանալ. «Իրենք կարող են շատ արագ պատժվել, ընկնել 5 տոկոսի կամ ավելացված արժեքի տոկոսի տակ, որը կնշանակի, որ իրենց եկամուտի մի մասը պետք է մուծեն պետությանը, իրենց շահույթը նվազելու է շատ խիստ, և իրենք չեն կարողանալու իրենց վարկերը մարել, ու իրենք իրենց տունը կորցնելու վտանգ են տեսնում»:

Խոսելով ստեղծված իրավիճակի լուծումների մասին՝ Գ. Մակարյանը նշեց, որ առաջին լուծումն այն է, որ օրենքը 1 տարով հետաձգվի, մարդիկ հանգստանան. «Մանավանդ նոր տարի է գալիս, իրենց առևտուրն անեն, իրենց պլանները վերադասավորեն, կամ իրենց գրավները հանեն բանկերից և այլն: Հապճեպ ընդունված էր օրենքը, և դա բերեց խնդիրների: Թող պետությունը նորից ուսումնասիրի և առաջարկներ ներկայացնի»:

Առևտրականների՝ Ազգային ժողովի դիմաց անցկացրած բողոքի ակցիայի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» և Հայ ազգային կոնգրես խմբակցությունների ներկայացուցիչները ներկայացրեցին առևտրականներին իրենց մշակած օրենքի նախագծի 2 տարբերակ. «Մեկն այն է, որ եթե մարդ ուզում է փաստաթղթերով աշխատի, ինքն ընտրի կամավորության սկզբունքով՝ 1 տոկոս, ով ուզում է այսօրվա գործող տարբերակով՝ 3,5 տոկոս, մնա այս դաշտում: Երկրորդ տարբերակը՝ քանի որ փաստաթղթերով լիակատար աշխատելու դեպքում փոքր և միջինի մի մասը անպայման 58 միլիոնի շեմը գերազանցելու է, այդ շեմը ինչպես քառյակի 12 կետերում կա, առաջարկում են բարձրացնել 120 միլիոն»,- նշել էր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Խոսելով այս մասին՝ Գ. Մակարյանը նկատեց, որ այստեղ կա մի քանի մոդել. «Նախ, կարելի է թույլ տալ, որ եթե փաստաթղթավորումը դեռ չես ապահովում, գոնե մնաս էլի 3.5-ի տակ: Այսինքն՝ ինքը ոչ թե ընկնի 5 տոկոսի տակ, այլ մնա 3.5՝ կամավոր ձևով: Այսինքն՝ եթե ինքը վստահ է, որ փաստաթղթերը կունենա, ուրեմն ինքը պետք է մնա 1 տոկոսի տակ, 2.5 տոկոս հարկն իրեն օգուտ կմնա, եթե ոչ, թող մնա 3.5-ի տակ:
Երկրորդն այն է, որ շեմը բարձրացվի: Գոնե մինիմում 80 միլիոն դրամ պետք է լինի շեմը, լավագույնն, այո, 110-120 միլիոնն է: Ուղղակի պետությունն այստեղ արդեն եթե շեմը բարձրացնի, ավելի շատ հարկ կկորցնի: 25 միլիոնի փոխարեն ինքը կկորցնի 60, 70, 80 միլիոն դոլար: Մենք պետք է նայենք՝ մեր բյուջեն ի վիճակի՞ է միանգամից այդքան կորուստ ունենալ: Հիմա տարբեր կուսակցություններ փորձում են առաջարկներ անել, որովհետև իրենք դրանով դիվիդենտ են նաև ուզում աշխատել, ուզում են ցույց տալ, որ իրենք մտահոգված են, բայց ոչ բոլոր դեպքերում կարող է լուծումն օպտիմալ լինել, դրա համար սառեցնել գործընթացը և հանգիստ մտածելը լավագույն լուծումը կլինի»,-նշեց տնտեսագետը:

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս