Բաժիններ՝

Առևտրականները պայքարում են «շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ. «Դեպուտատներին մենք ենք ընտրել, պարտավոր են մեզ օգնել» (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ի դիմաց հավաքվել էին մի խումբ առևտրականներ՝ բողոքելու հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ: Առևտրականների մեծամասնությունը հիմնականում պահանջում էր վերացնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքն ամբողջությամբ: Նրանք պնդում էին, որ այդ օրենքն ուղղակիորեն վնասելու է իրենց, և չէին ընդունում, որ դրա միջոցով իշխանությունները պայքարում են ստվերի դեմ: Առևտրականները նշում էին, որ այդ օրենքի պատճառով ամեն ինչ թանկանալու է:

168.am-իհարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն իրենք, կլսե՞ն իշխանույթյուներն իրենց, առևտրականներից մեկն այսպես պատասխանեց. «Հիմա եկել ենք իշխանության մոտ, մենք ոչ մեկս ոչ մի ցույցի չենք մասնակցել, հիմա մեր հացի համար ենք պայքարում: Եթե ուզում են ընդդիմադիրենրի շարքերը չավելանա, թող չանեն»:

Մեզ հետ զրույցում մի մեծահասակ առևտրական կին էլ նշեց, որ ինքը 81 տարեկան է և եկել է այստեղ, որպեսզի խնդրի կառավարությանը՝ թույլ տան իրենց աշխատել այնպես, ինչպես նախկինում. «Այս տարիքիս ես աշխատում եմ 12 ժամ մի կտոր հացի համար, բայց ես նենց ազգից եմ, որ ինձ թույլ չեմ տա հաց մուրալ: Խնդրում եմ օրենքին՝ հաշվի առնել մեր այս տարիքը, մեր այս վատ ապրելաձևը, մեզ կյանք տան, որ մենք ապրենք: Եթե մարդիկ են, եթե ծնողներ ունեն, զավակներ ունեն, պետք է հաշվի առնեն: Այս րոպեին ես 5 զինվոր եմ պահում, որ ժամանակին եթե պետք լինի, հայրենիքս պաշտպանեն»:

Մի առևտրական կին էլ նշեց, որ իրենք հույս ունեն, որ պատգամավորները իրենց կլսեն ու մի ելք կգտնեն. «Դեպուտատներին մենք ենք ընտրել, պարտավոր են մեզ օգնել, մեր կողքին կանգնել: Հաջորդ քայլը արդեն ժողովուրդը կորոշի, բայց կշարունակվի այս պայքարը, ո՞նց կարող է չշարունակվել: Ցանկացած անհատ ձեռներեց ո՞նց կարող է 100 հազար վճարի, հաշվապահ պահի»:

Կարդացեք նաև

Առևտրականները բողոքում էին, որ նրանցից գրեթե բոլորն այսօր վարկերի տակ են, ոչ ոք իր սեփական փողով ապրանք չունի. «Եթե ասեք՝ այս կողմում կանգնեն տոկոսով աշխատողները, այն կողմում իրենց փողով աշխատողները, այն կողմում 3 հոգուց ավել չի լինի: Հայաստանի բանկերն այսօր առևտրականների հաշվին են աշխատում»,- հայտարարեց առևտրականներից մեկը:

Այնուհետև առևտրակակները Բաղրամյան փողոցից շարժվեցին դեպի Կ. Դեմիրճյան փողոց՝ ԱԺ մուտքի մոտ, քանի որ այսօր սկսվում էր ԱԺ քառօրյան, և նրանք ուզում էին պատգամավորներին կոչ անել՝ լսել իրենց բողոքը:

Առևտրականների հետ հանդիպելու եկան «Բարգավաճ Հայաստան» և ՀԱԿ խմբակցությունների մի քանի պատգամավորներ, և ներկայացրեցին իրենց առաջարկը:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք օրենքի նախագիծ են մշակել, և հյուս ունեն, որ մյուս կուսակցություններն էլ կմիանան իրենց. «Մենք նախապատրաստել ենք օրենքի նախագծի 2 տարբերակ, մեկն այն է, որ եթե մարդ ուզում է փաստաթղթերով աշխատի, ինքն ընտրի կամավորության սկզբունքով՝ 1 տոկոս, ով ուզում է այսօրվա գործող տարբերակով՝ 3,5 տոկոս, մնա այս դաշտում:

Երկրորդ տարբերակը՝ քանի որ փաստաթղթերով լիակատար աշխատելու դեպքում փոքր և միջինի մի մասը անպայման 58 միլիոնի շեմը գերազանցելու է, այդ շեմը ինչպես քառյակի 12 կետերում կա, առաջարկում են բարձրացնել 120 միլիոն: Հենց ունենանք վերջանական տարբերակը, կխորհրդակցենք ձեզ հետ և կներկայացնենք կառավարությանը, որպեսզի ԱԺ-ում դա քննարկվի»:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ ասաց, որ իրենք կդիմեն մյուս երկու քաղաքական ուժերին, որ նրանք էլ միանան իրենց. «Դա չի նշանակում, որ դուք պետք է հանգստանաք և մտածեք, որ այս հարցը լուծված է, եթե այս ճնշումը դուք չապահովեք, այդ օրենքը չի ընդունվելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս