Բաժիններ՝

Եվրասիական միություն մտնելով` Եվրոպային չենք ուրանում

Հարցազրույց Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

– Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների առաջին փուլի մասին հայտարարությունից հետո Դուք տեսակետ էիք հայտնել, որ դա Հայաստանի վրա առանձնապես ազդեցություն չի ունենա: Այժմ պատժամիջոցների երկրորդ փուլի հետ կապված ի՞նչ կարծիքի եք:

– Այս գործընթացը դեռ շարունակական է: Եվրոպայի և ԱՄՆ-ի պատժամիջոցները ՌԴ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ և դրա հետևանքների հետ կապված` առաջինը պետք է հասկանանք, թե ինչ հետևանք կունենա ռուսական շուկայի վրա: Այսօր՝ մեկ ամիս անց, պարզ դարձավ, որ դրամավարկային քաղաքականությունն է խաթարվում, բանկերի վիճակն է վատանում, դրա օրինակ է նաև ՌԴ ռուբլու կտրուկ արժեզրկումը, որն աննախադեպ չափերի է հասել: Ռուսական բանկերը չեն կարողանում պատժամիջոցների պատճառով վարկային միջոցներ ներգրավել միջազգային ֆինանսական ինստիտուտներից, իսկ դա շատ կարևոր է տնտեսությունը վերավարկավորելու համար:

Արդյունքում՝ որքան էլ ՌԴ քաղաքական ղեկավարությունը համոզված է, որ վնասները հաղթահարելի են, բայց այնուհանդերձ շուկան կորցնում է իր ճկունությունը, գնողունակությունը, ՀՆԱ աճն է կանխատեսվածից նվազում, շատ կարևոր գործոն է վառելիքի բորսայական գները, որ նույնպես իջնում են: Շատ լավ գիտեք, թե 2014թ. ՌԴ բյուջեն 1 բարելը ինչ թվի վրա է հաշվարկված, և արդեն այդ թվից ներքև է իջնում գինը, ու եթե մի քանի ամիս շարունակ այս միտումները պահպանվեն, էլ չեմ ասում` խորանան, ռուսական տնտեսությունը ստագնացիայի վիճակում կլինի: Իսկ ի՞նչ կլինի մեզ հետ:

Կարդացեք նաև

Քանի որ ՌԴ-ն ոչ միայն ռազմավարական ու գեոպոլիտիկ, այլև՝ տնտեսական խոշորագույն գործընկեր է, մեզ համար շատ կարևոր է նրա առողջ վիճակը: Այսօր շատ արտահանող ձեռնարկություններ տարիներ շարունակ աշխատած իրենց գործընկերների հետ նկատում են, որ նրանց մոտ կա գնումների պասիվություն, երբ պետք է հակառակը լիներ, և տարին տարվա վրա աճ ցուցաբերեին, որոշակի նվազում կա: Այսօր նկատում ենք, որ աստիճանաբար նվազում են անհատական տրանսֆերտները: Իսկ մեր բյուջեում դա էական է, և մենք միշտ նշել ենք, որ արտագնա աշխատանքը կարևոր է, լավ է, քանի որ տրանսֆերտները գալիս են և հայկական շուկայում են իրացվում` ապրանքների և ծառայությունների ակտիվ իրացման տեսքով:

Հիմա, եթե այս պրոցեսները խորանան, բնական է, ՀՀ-ն չի կարող դուրս մնալ և կզգա ազդեցությունը, ինչպես եղավ համաշխարհային ճգնաժամի ժամանակ, երբ այդ ալիքը դանդաղ, բայց եկավ-հասավ մեզ, և 2 տարի պահանջվեց, որ դուրս գանք: Հիմա սա մեզնից չկախված, ֆորսմաժորային գործոնների նման է, որ ալիքը կրկին կարող է գալ և մեր ծրագրած զարգացումներին խաթարել: Ի՞նչ կարող ենք անել` ուղղակի ճկուն լինենք և պակասը լրացնենք, օրինակ՝ քանի որ սանկցիաները վերաբերում են նաև եվրոպական խմիչքների արտահանմանը Ռուսաստան, փորձել այդ նիշաները նույնիսկ վատ շուկայի պայմաններում լրացնել:

Իմ կարծիքով՝ գլոբալ բացասական գործոնների առկայության պայմաններում մեր այսօրվա գերխնդիրը տնտեսության մեջ մենեջմենթի որակի բարձրացումն է, որ կարողանանք ճկունորեն դուրս գալ: Օրինակ՝ անցած օրը մեզ հետ կապի մեջ էր մտել ռուսական խոշոր ընկերություն, որը «Ջերմուկ» է ներկրում ՌԴ, և 1 շաբաթ է` բանակցում է տրանսպորտի գինը իջեցնել, որ կարողանան մրցել:

Եվ, ուզենք-չուզենք, լուծումներ պետք է գտնենք, որովհետև մեր խոշորագույն պատվիրատուներից է: Այսինքն, ելնելով շուկայի այսօրվա փոխկապակցված շղթաներից, ՀՀ գործարարները պետք է ոչ ավանդական լուծումների գնան, մեծացնեն իրենց ապրանքային վարկավորումը ռուսական գործընկերներին, հասկանան, որ ժամանակավորապես շահութաբերության աստիճան պետք է նվազեցնեն, որ այդ շուկան իրենց ծավալներ ապահովի, փորձեն արտահանման խթանման մեխանիզմներ գտնել այս պարագայում:

Ինչքան շուտ մտնենք Եվրասիական տնտեսական միություն, այնքան այս գործոնները մեզ վրա ավելի դրական կազդեն, և կճկունանանք, քանի որ այս սպասողական վիճակը խիստ խանգարում է: Եվ ամփոփելով՝ ինչքան էլ հայկական շուկան փոքր է, ինչքան էլ շրջափակված, փակուղային երկիր ենք, այնուհանդերձ, կյանքը ցույց է տալիս, որ մենք համաշխարհային շուկայի մասնիկ ենք, և տարբեր տեղեր իրականացվող գործընթացները՝ դրական կամ բացասական, ուղղակի ազդեցություն են թողնում մեզ վրա:

Սա գլոբալիզացիայի արդյունք է: Եվ նաև փորձենք, ինչքան էլ արտառոց կթվա միտքս, այս պայմաններում, երբ ռուսական բանկային համակարգը խեղճանում է, մենք ռուսական կապիտալի համար դառնանք հարթակ, որտեղ նրանք շնչելով կկարողանան աշխատել: ՀՀ-ն պետք է փորձի իր դերը բարի իմաստով շահարկել, ծառայություն մատուցել, օրինակ՝ գյուղմթերք շատ տանենք, ինչպես թուրքերն են դա անում: Հունվարի 1-ից, հույս ունենք, լինելու ենք միասնական տնտեսական համակարգի մեջ, և նրանց օգնելով` օգնենք մեզ:

– Չխոսեցիք Եվրոպայի վրա պատժամիջոցների ազդեցության մասին, քանի որ գրեթե բոլոր վերլուծաբաններն էլ նշում են, որ սուրը երկսայր է: Եվ, ըստ էության, Հայաստանը հայտնվում է երկու մուրճի արանքում:

– Իհարկե, Եվրոպան ինքն էլ տուժում է: Այսօր եվրոպական արդյունաբերությունը՝ թե՛ մեքենաշինությունը, թե՛ ծանր արդյունաբերությունը, թե՛ գյուղմթերքի վերամշակումը, տուժում է, որովհետև իրենց հսկայական շուկան իրենց իսկ պատժամիջոցների պատճառով փակվեց: Եվրոպայում էլ կսկսվեն ներքին բունտեր, բողոքներն արդեն կան, այսինքն` եվրոպական սանկցիաները երկուստեք են վնասելու, և դա կրկին ազդելու է մեզ վրա:

– Դա նոր խորը ճգնաժամի սկի՞զբ է:

– Նոր ճգնաժամի նախադուռ է: Իմ կարծիքով՝ քանի որ, ինչպես տեսնում ենք, այս ակտիվ ռազմական գործողությունները սառեցվեցին, և բանակցային գործընթացներ են սկսվում Մոսկվայի ու Կիևի միջև միջնորդների մասնակցությամբ, կգա ժամանակ, որ պատժամիջոցները կհանեն, քանի որ դրանք շաղկապված են ուկրաինական վիճակի հետ: Եվ, վերջին հաշվով, ինչքան էլ ուկրաինական բանակի համար գնում են սովետական ժամանակների տիպի վատնիկներ, որ զինվորները ձմեռը չսառեն, բայց ձմեռը 2-3 ամսից սկսվելու է, և գազի կտրուկ նվազումը Եվրոպայում բոլորին է սթափեցնելու:

Ինձ թվում է, որ մինչև Ծննդյան տոներ այս պատժամիջոցների մի զգալի մասը կհանվի, որովհետև նրանք էլ են շաղկապված: Մեր գնալը ԵՏՄ պատահական չէ, որովհետև այդ նույն շուկայի համար ամբողջ Եվրոպան է կռվում:

– Քաղաքական առումով, այս դեպքում, երբ ՌԴ նախագահ Պուտինի վարկանիշը մի կողմից` անկում է, մյուս կողմից՝ ոմանց մոտ բարձրանում, ինչքանո՞վ է հավանական, որ ԵՏՄ-ն ի վերջո կկայանա, և ՀՀ-ի մտնելն այս պայմաններում ինչքանո՞վ է ճիշտ:

– Ակնհայտ է, որ ՀՀ անդամակցությամբ շահագրգռված են ՀՀ-ն և ՌԴ-ն:

– Բայց արդյոք Ռուսաստանն իսկապե՞ս շահագրգռված է:

– Դա ակնհայտ է, իր բոլոր քաղաքական հարթակներով՝ նախագահից մինչև վարչապետ, ստորագրված ու համաձայնությունը տրված է, բայց քանի որ սա միություն է, մենք պետք է ունենանք ևս 2 հնարավոր դաշնակցի համաձայնություն: Տեսնենք` հոկտեմբերի 10-ին ի՞նչ կլինի: Մի ժամանակ ես շատ համարձակ էի ասում՝ շուտով կանդամակցենք, բայց հիմա սպասենք-տեսնենք: Մեզ ինտեգրվել համակարգում պետք է, ՀՀ-ն առանց ինտեգրման չի կարող զարգանալ, և շատ ճիշտ է մեր քաղաքական ղեկավարությունը, որ փորձում և կարողանում է «և-և»-ի քաղաքականությունը: Եվրասիական միություն մտնելով` Եվրոպային չենք ուրանում, եվրոպական ինտեգրումը նոր բանաձևով ենք փորձում խորացնել: Եվ դա ճիշտ է: ՆԱՏՕ-ում էլ ՀՀ նախագահի ելույթը շատ հստակ դրա մասին էր: Ոչ միայն մեր ռազմաքաղաքական խնդրի՝ Արցախի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ կապված, այլև տնտեսական իմաստով: Մեր փրկությունն ամուր լինելն է, մեր փրկությունը կոմպլեմենտար քաղաքականությունն է, և սա է մեր կոչումը: Եվ այսօր ռուսական կապիտալը խելոք լինի` կլցվի Հայաստան:

– Մինչ օրս ռուսական կապիտալն այնքան էլ չի ձգտել դեպի Հայաստան: Ուղիղ ներդրումները շատ քիչ են:

– Մեր լուրջ, խոշոր ճյուղերը, որտեղ կարելի էր ներդրումներ անել՝ էներգակիրներն են, հեռահաղորդակցությունը, ատոմակայանը, որտեղ ռուսական կապիտալն է:

– Իսկ «Գույք` պարտքի դիմա՞ցը»:

– «Գույք` պարտքի դիմացով» տրվել են 100 ձեռնարկություններ, որոնց մեջ ո՛չ գազը, ո՛չ էլցանցերը չէին մտնում: Ցավոք, «Գույք` պարտքի դիմացից» միայն մի քանիսն են սկսել աշխատել:

– Պատժամիջոցների հետ կապված տեսակետ կա, որ Եվրոպա-Ռուսաստան հակամարտությունն ավելի շատ սրում է ԱՄՆ-ը՝ միաբևեռ կառավարման գաղափարից, ֆինանսական շահից ելնելով: Ձեր տեսակետը ո՞րն է:

– Ես չեմ ուզում նացիոնալ շովինիզմից պրոբոլշևիզմի մեջ ընկնել, որովհետև բոլորս էլ այդ սրված պայքարի ժառանգներն ենք եղել, տեսել ենք` ինչ բան է սառը պատերազմը, ինչ բան է քաղաքականացված «Время»-ն և ինչ բան է քաղաքականացված «CNN»-ը, որտեղ օբյեկտիվ ինֆորմացիա չկա: Այն հանգամանքը, որ գլոբալ քաղաքականությունում ԱՄՆ-ը աշխարհի խոշորագույն ներդրողը և բոլոր միջազգային կառույցների հիմնադիրն ու հիմնական դոնորն է, բնական է, որ այնտեղից է գալիս: Բայց Եվրոպան էլ պետք է այնքան խելոք լինի, որ իր շահերը հասկանա:

– Հիմա, եթե Հայաստանը ՌԴ-ի համար դառնա հարթակ, միջնորդ կամ աջակից, ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ի հանդեպ վտանգ չե՞ք տեսնում:

– Հայաստանն այն խաղացողը չէ, որ փորձեն «պատժել» կամ խտրական մոտենան, որովհետև մենք ՌԴ-ի հետ ենք: Մենք վաղուց ենք ՌԴ-ի հետ, վաղուց հիմնադիր անդամ ենք ՀԱՊԿ-ում:

– Այդ դեպքում ԱՄՆ դեսպանի զգուշացումներն ինչի՞ն էին վերաբերում:

– Դեսպանի զգուշացումները խորհուրդ էին տալիս հայկական ձեռնարկություններին` չաշխատել այս-այս ռուսական ձեռնարկությունների հետ: Բայց խորհուրդ տալով` չէին ասում՝ մենք գազ որտեղի՞ց վերցնենք, էլեկտրականություն որտե՞ղ արտադրենք: Եթե ռուսական 3 խոշոր բանկերը ՀՀ-ում արդյունաբերություն են ֆինանսավորում, օրինակ՝ ՎՏԲ-ն Թեղուտի հսկայածավալ ծրագիրն է վարկավորում, և հանքարդյունաբերության գիգանտ ենք ունենում, տեղն ի՞նչ են առաջարկում: Դեսպանի ասածն ի՞նչ իմաստ ունի մեզ ուղղելու, եթե այլընտրանք չունենք: Ընդհակառակը՝ պետք է հասկանան, որ մենք թշնամական հարևաններով շրջապատված երկիր ենք, մի հարևանը ՌԴ-ի հետ է թշնամանքի մեջ, մի այլ հարևանը՝ ԱՄՆ-ի, և ՀՀ-ին ուղերձ են հղում: Այն ժամանակ էլ ասում էին՝ Իրանի հետ մի աշխատեք, Իրանին ուրացեք: Փառք Աստծո, այնքան խելոք գտնվեցինք, որ մեր հարևանի հետ պահպանեցինք հարգալից համագործակցային հարաբերությունները, և Իրանը դա գնահատեց: Մենք հո չե՞նք կարող այս 3 մլն ժողովրդին վերցնել և գնալ Մոզամբիկում (մի ժամանակ ասում էին` նման ծրագիր կա) Հայաստան ստեղծել:

– Նաև խոսք կա, որ քանի որ ԵՏՄ-ն Պուտինի նախագիծն է, նրանից հետո ամեն ինչ կարող է քանդվել, Նազարբաևն էլ դրա հիմքերն արդեն դնում է:

– Դու երիտասարդ ես, չես հիշի, ես մի քիչ ավելի ավագ սերունդ եմ: 80-ականների կեսից, երբ ԽՍՀՄ-ը սկսեց վերակառուցման գորբաչովյան քաղաքականությունը, և կապիտալիզմի ծիլեր երևացին, մեզնից ոչ ոք իր ոչ մի մարգարեական երազում, ես վստահ եմ՝ մեր մարգարեներից նույնիսկ Պարույր Հայրիկյանը, այդ ժամանակ՝ 86-88 թվականներին, չէր կարող երևակայել, որ ԽՍՀՄ-ը կարող է քանդվել՝ շատ թեթև մի գրչի հարվածով: Այսինքն՝ այսօր մարգարեական եզրակացություններ անել, թե Պուտինից հետո ինչ կլինիգ նախ՝ Պուտինը երիտասարդ, առույգ, առողջ կենսաձևով ապրող ծրագրային մարդ է, դեռ երկար կմնա քաղաքականությունում: Հետո` սա անձի հետ չի կապված:

Արևմուտքն Արևելքի հետ նորից սկսել է համակարգային հակադրություն, որի ենթատեքստերում, իմ կարծիքով, չինական կայսրության մեծացումն է համաշխարհային տնտեսության մեջ, որ այսօր երկրորդն է դարձել, իսկ 2025-ին դառնալու է առաջինը: Այդ ամեն ինչի մեջ ՌԴ-ն է՝ ԵՏՄ-ով: Ինչ-որ մի բան գլոբալ աշխարհում փոխվում է, 2009 թ. սեպտեմբերի 11-ից հետո խառնվել է, շահերի, սահմանների ու տնտեսական հետաքրքրությունների վերադասավորումներ են գնում: Ծերուկ Եվրոպան էլ, որի հետ մենք էլ ենք կապված, մի ընտանիք ենք, պարոն Ֆյուլեն հանկարծ հիշեց՝ այսպես չի լինի, պետք է Ատլանտիկ օվկիանոսից մինչև Վլադիվոստոկ մի տնտեսական համակարգ ստեղծեն, ԵՄ-ն և ԵՏՄ-ն պետք է ունենան ազատ առևտրի ռեժիմ: Դրա համար ուկրաինական ժողովրդին պետք էր հասցնել ողբերգությա՞ն: Այսքան մարդկանց, որ արդեն զոհվածների քանակը չգիտեն, դիակները չեն նույնականացնում, թաղում են հազարներով: Այսօրվա համաշխարհային տնտեսության կառուցվածքը, շաղկապվածությունը և ինֆորմատիկան, որ ամեն ինչ գիտեն իրար մասին, կառավարելիությունը, այս աշխարհը չի կարող առաջվա պես հակադրվել, ստալինյան երկաթյա այս վարագույրներն այսօր ինչ-որ նոր ոճով գործի դնել չի լինի, բացառվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս