
Ադրբեջանի փոխվարչապետը դատապարտել է Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալութայն փոխանցմամբ` այսօր տեղի է ունեցել ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը նախագահել են երկու երկրների փոխվարչապետներ Դմիտրի Ռոգոզինն ու Յաղուբ Էյուբովը:
Ռոգոզինը հայտարարել է, որ 2013 թվականի արդյունքներով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է պատմական առավելագույն մակարդակի` 3.6 միլիարդ դոլարի, ինչը 5 տոկոսով ավելին է` համեմատած 2012 թվականի հետ:
Ռոգոզինի խոսքերով` Ռուսաստանը հուսով է, որ Ադրբեջանը գյուղատնտեսական արտադրանք կմատակարարի երկրին, որի դեմ Արևմուտքի երկրները սահմանել են պատժամիջոցներ: Դրա հետ կապված` Ռոգոզինն ընդգծել է, որ շահագրգռված է ադրբեջանական գյուղմթերքը ռուսական շուկաներ ուղարկելում:
Էյուբովն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել պատժամիջոցների լեզվով` մենաբանելով Ռուսաստանի դեմ Արևմուտքի վերջին պատժամիջոցները: Նա վստահություն է հայտնել, որ նոր պատժամիջոցները չեն կարող կոտրել Ռուսաստանին, և կլինի ընդհակառակը` կամրապնդեն նրան: