ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այլևս ԱՄՆ-ի դաշնակիցը չէ. The Wall Street Journal

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` ամերիկյան մամուլն արձագանքել է «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի ու միջազգային կոալիցիայի առաջիկա ռազմական գործողությանը մասնակցելուց Թուրքիայի հրաժարվելը: Ամերիկյան The Wall Street Journal (WSJ) պարբերականը մասնավորապես գրել է, որ Թուրքիան թեպետ ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն այլևս ԱՄՆ-ի դաշնակիցը չէ:

WSJ-ը հիշեցնում է, որ Սիրիայի սահմանից 160 կիլոմետր հեռավորության վրա` Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիքում (շուրջ 60 տարի) գտնվում է ամերիկյան ավիաբազան, սակայն Թուրքիան չի թույլատրում ավիահարձակումներ ձեռնարկել այնտեղից «Իսլամական պետության» դեմ:

Թուրքիայի այդ քայլը Պենտագոնի համար խնդիրներ է հարուցում նաև լոգիստիկ ու հետախուզական տեսանկյուններից: Բացի այդ, Թուրքիան Սիրիայի ու Իրաքի հետ ունի մոտ 1200 կիլոմետր երկարությամբ ցամաքային սահման:

WSJ-ն ուշադրություն է հրավիրում նաև նրան, որ Էրդողանի կառավարությունը երկար ժամանակ աջակցում է ՀԱՄԱՍ-ին ու Մուսուլման եղբայրներին, իսկ «Իսլամական պետության» հարցում իր դիրքորոշումը բացատրում է Մոսուլում թուրք դիվանագետների ու նրանց ընտանիքների գերեվարմամբ:

Սակայն չպետք է մոռանալ, որ Թուրքիան չի հանդիսանում միակ երկիրը, որի քաղաքացիները պատանդ են պահվում զինյալների մոտ: Անկարան մտահոգություն է հայտնել նաև այն կապակցությամբ, որ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար Իրաքի քրդերին ուղարկված զենքերը վերջին հաշվով կհայտնվեն «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ձեռքում:

Տեսանյութեր

Լրահոս