Սոցիոլոգը՝ թեժ աշնան մասին. «Տեսա՞ք Հայրիկյանի հանրահավաքը. բացի ժուռնալիստներից՝ ոչ ոք չկար»
«Ի սկզբանե պետք է ընդունենք, որ քառյակի մեջ ընդգրկված կուսակցությունները գաղափարական տարբեր դաշտերում գործող կուսակցություններ են, և կան հարցեր, որոնց շուրջ նրանք համատեղել են իրենց ուժերը, ինչը շատ բնական եմ համարում»,- ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ խոսելով քառյակի հնարավոր պառակտման մասին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարծիք հայտնեց, որ առանձին հարցերի շուրջ նրանք դեռևս փորձելու են համատեղել իրենց ջանքերը և միասին գործել, իսկ այնպիսի կարևորագույն հարցը, ինչպիսին, ասենք, սահմանադրական բարեփոխումներն են, արդեն տեսնում ենք, որ տարաձայնություններ և տարբեր մեկնաբանություններ կան.
«Չեմ կարծում, որ թշնամանք կառաջանա նրանց մեջ, բայց միաժամանակ նաև չեմ գտնում, որ բոլոր հարցերում նրանք կհամատեղեն իրենց ջանքերը»:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով էլ՝ սա ընդդիմության համար միավորվելու հերթական առիթ է. «Նրանք միասնական հանդես գալու շանսը կորցրեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ: Նույնը տեղի ունեցավ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, էլ չեմ ասում, որ նախորդ ընտրություններն ընդհանրապես խայտառակ էր: Կար մի դեմք, որը կարող էր նրանց միավորել, բայց ամբիցիաներն իրենց այնքան կերան, որ իրենք թամաշա արեցին, ծափ տվեցին դրսից: Եթե կուսակցությունները հանդես գային համատեղ ճակատով, կարող է ընտրությունների ելքը մի քիչ այլ լիներ: Հիմա հերթական տարբերակն է, որ նրանք կարողանան միասին պարզեն՝ Հայաստանի հիմնական օրենսդրական հիմքերը ինչպիսին պետք է լինեն, որ աջակցեն մեր հետագա զարգացմանը»:
Սոցիոլոգը նկատեց, որ և՛ ԲՀԿ-ի, և՛ ՀՅԴ-ի շարքերում կան իշխանամետ, այսինքն՝ կենտրոնամետ հատվածներ. «Մոտ 50-ից ավելի ՏԻՄ-երի ղեկավարները ԲՀԿ-ական են, կան դաշնակներ, ՕԵԿ-ականներ: Նրանք աշխատում են իշխանական կառույցների հետ ու խնդիր ունեն այդ իրենց կուսակցական պատկանելության: Եթե նրանք ունեն կոալիցիա, խնդիրներն ավելի հեշտ ու ավելի արդյունավետ է լուծվում: Այդ հատվածը միշտ կողմ է համագործակցել իշխանության հետ, որովհետև գործի բերումով նրանք իրար հետ կապած են»:
Հարցին, վերջին հաշվով թեժ աշուն չենք ունենալո՞ւ, սոցիոլոգը պատասխանեց. «Տեսա՞ք Հայրիկյանի հանրահավաքը. բացի ժուռնալիստներից՝ ոչ ոք չկար: Հիմա տեսնենք՝ քառյակի հանրահավաքին քանի հոգի կլինեն: Վերջին հարցումների արդյունքում, որը մենք կատարել ենք, հասկացանք, որ մենք հեղափոխական չենք, ամեն 6-րդն է կողմ ուժի միջոցով լուծել քաղաքական հարցը: Հիմնականում խաղաղ մեթոդներն են ընտրում և հիմնականում հանրահավաքները, բայց հասկանում են, որ դա ոչինչ չի տալիս»: