Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպանը դիմել է Եվրոպական դատարան

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպանները նրա կալանքի հարցով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մեզ հետ զրույցում Դ. Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ ներկայացրել են կալանքի հետ կապված մի քանի խախտումներ: «Առանց օրինական հիմքերի է կալանավորվել և նախաքննության փուլում այդքան ժամանակ պահվել կալանքի տակ: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նախաքննության փուլում, երբ նախաքննական մարմինը դիմում էր դատարան՝ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու համար, չէր ներկայացնում որևէ հստակ հիմք, թե ինչու նա պետք է կալանավորվի:

Երբ բարձրացնում էինք այդ հարցը, հիմնական շեշտադրումն հենց այն էր, որ նա մեղադրվում է այսպիսի ծանր հանցագործության կատարման մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց Դ. Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նրա խոսքով՝ Դ. Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնելիս նախաքննական մարմինը դատարանին նյութեր չէր ներկայացնում: Փաստաբանի խոսքով՝ դատարանում իրենք նշել են, որ օրենքի պահաջով նախաքննական մարմինը պետք է դատարան նյութեր ներկայացներ, որպեսզի դատարանը գնահատեր՝ արդյոք կարիք կա՞ կալանքի տակ պահելու, թե՞ ոչ: «Այսիքն՝ դա բոլորի համար այնքան սովորական էր ու միանշանակ, որ պետք է կալանավորվի, որ ոչ նախաքննական մարմինը ներկայացնում էր, ոչ էլ դատարանը պահանջում էր: Նույնիսկ մեր ասելուց հետո՝ պահանջեք, որ նյութ տրամադրեն ձեզ, որ կարողանաք որոշում կայացնել, դատարանների համար սա սովորական երևույթ էր, ընդհուպ վերաքննիչի, վճռաբեկի համար»,- ասաց փաստաբանը: Նրա խոսքով՝ դատավորը, ով քննել է Դ. Խաչատրյանի կալանքը երկարացնելու միջնորդությունները, իրավունք չուներ գործով դատավոր լինել:

Ե. Սարգսյանի խոսքով՝ ավելի ուշ, երբ քրեական գործը մակագրվել էր այդ նույն դատավորին, նա ինքնաբացարկ էր հայտնել՝ նշելով, որ Լյուքս Ստեփանյանն իր ազգականն է.

«Բավական մոտ ազգական էր: Ինքը գտավ, որ ինքը չի կարող այս գործով անաչառ դատավոր լինել, իսկ այն ժամանակ, երբ ինքն այդ մասին գիտեր, ինքնաբացարկ չէր հայտնում, և որևէ կերպ չէր անդրադարձել այդ հարցին, ինչը մեկ այլ խախտում է»: Փաստաբանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Դ. Խաչատրյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելիս այդ նույն դատավորը որպես հիմք նշել էր քրեական գործի հնչեղությունը:

«Քրեական դատավարության օրենսգրքով նման հիմք չունենք, բայց մեզ համար միանշանակ հասկանալի է, որ այս գործի հնչեղությունը որոշումների կայացման փուլերում դարձել էր այս գործի ուղեկիցը,- ասաց փաստաբանը՝ հավելելով,- Դա ևս մեկ անգամ վկայում է, որ դատավորը լավ տեղյակ էր այս գործի հնչեղությունից, գիտեր, թե ում հետ է կատարվել դեպքը և չէր կարող այն ժամանակ չիմանալ, որ իր ազգականի հետ կապված գործ է սա»:

Դավիթ Խաչատրյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ մեղավոր էր ճանաչվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և դիտավորությամբ Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ և 112-րդ հոդվածի 1-ին մաս)՝ դատապարտվելով 17 տարվա ազատազրկման: Առաջին հոդվածով նա դատապարտվել է` 13, երկրորդով` 4 տարի ժամկետով ազատազրկման: Դատավորը նշել էր.

«Գործով տուժողի և ամբաստանյալի միջև տեղի ունեցած վիճաբանությունը, ականատեսների վկայությունները` վիճաբանության ընթացքում Դ. Խաչատրյանի կողմից լարվելու, տուժողի հայհոյանքներից վիրավորվելու մասին, և դրա պատճառով նրա կատարած այնպիսի գործողությունները, ինչպիսիք են` զենքը լիցքավորելը, անձանց ուղղությամբ պահելը, կրակելու սպառնալիքը, որոշակի ուժգնությամբ ձգանը քաշելը, խոսում են միայն նրա կատարած դիտավորության մասին: Ինչ մնում է արարքի հետևանքներին, ապա դատարանի մոտ ձևավորվել է համոզմունք, որ նա նման ծանր հետևանք չէր ցանկանա իր ընկերների համար, որի մասին են վկայում ինչպես ծառայակից ընկերների և հրամանատարության կողմից նրան տրված դրական բնութագիրը, այնպես էլ կրակոցի պահին զենքն իջեցնելը, հանցանքը կատարելուց անմիջապես հետո նրա դրսևորած վարքագիծը և արարքի հետևանքը տեսնելուց հետո ծանր հոգեվիճակի մեջ հայտնվելը»:

Դավիթ Խաչատրյանն, ինչպես հայտնի է, պնդում էր, որ արձակված կրակոցը պատահականության արդյունք է, ընդունում է, որ իր կատարածը հանցագործություն է, սակայն նշում է, որ սպանություն չի կատարել: Նշենք նաև, որ պաշտպանական կողմը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս վճիռը բողոքարկել էր վերաքննիչ քրեական դատարանում:

Տեսանյութեր

Լրահոս