Գևորգ Դանիելյան. Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկները շատ ընդհանրացված էին

2013 թ. սեպտեմբերի 4-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության և նպատակահարմարության մասին քննարկումները, որոնք ընթանում են գլխավորապես քաղաքական մակարդակում, շարունակվում են մինչ օրս: Ի տարբերություն իշխանությունների և սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակմամբ զբաղվող ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` ընդդիմադիր մի շարք ուժեր համոզված են, որ այդ նախաձեռնության նպատակը իշխանության վերարտադրությունն և այն ժամանակավրեպ է:

Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի վերջին նիստում անդրադարձավ ընդդիմության մեղադրանքներին` ասելով, թե բարեփոխումների հակառակորդները չեն բերում որևէ փաստարկ` միայն ասելով, որ «հիմա ժամանակը չէ»:

Այսօրվա ասուլիսում նախագահի այս միտքը կրկնեց նաև հանձնաժողովի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

Այդուհանդերձ, հանուն արդարության պետք է նկատել, որ ընդդիմադիրների կողմից հնչել են բազմաթիվ փաստարկներ: Օրինակ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին իր հոդվածում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության խնդրին, հարց էր հնչեցրել. «գործող Սահմանադրությո՞ւնն է խանգարում, որ սոցիալ-տնտեսական վերելք ապահովվի, կայուն ժողովրդավարական համակարգ հաստատվի և իրավական պետություն կերտվի, գործող Սահմանադրությո՞ւնն է թույլ տալիս անխնա կողոպտել սեփական ժողովրդին, նրան մղել զանգվածաբար բռնելու գաղթի ճանապարհը, վայրագաբար կեղծել անխտիր բոլոր ընտրությունները, սառնասրտորեն գնդակոծել խաղաղ ցուցարարներին, զնդանները նետել քաղաքական հակառակորդներին։ Հետևաբար, ի՞նչ երաշխիք կա, որ բարեփոխված Սահմանադրության պարագայում Սերժ Սարգսյանը կամ իր նմանակները նույնը չեն անելու։ Ո՞ւմ է նա հիմարի տեղ դրել, որպեսզի հավատացնի, թե սահմանադրական բաեփոխումները ձեռնարկում է բարի նպատակներով՝ պետության և ժողովրդի շահերից դրդված»։

Այս համատեքստում 168.am-ը հետաքրքրվեց Գևորգ Դանիելյանից` ի վերջո, խնդիրն ընդունված օրենքնե՞րն են, թե՞ ավելի շատ դրանց կիրառումը:

Պատասխանելով հարցադրմանը` Գևորգ Դանիելյանն ասաց հետևյալը. «Մի կողմից, գուցե շատ պարզունակ թվացող հարց եք տալիս, բայց նաև չափազանց բարդ հարց եք տալիս, որովհետև այս խնդիրն այստեղ էլ կքննարկենք, և դա մշտապես կդառնա քննարկման նյութ, թե ինչի՞ն պետք է տանք նախապատվությունը, լավ, գրագետ, հիմնավորված իրավական ակտին, թե՞ դրա կիրառմանը: Եվ, իհարկե, ես Ձեզ հետ համամիտ եմ, որ մեծ նշանակություն ունի իրավակիրառ պրատկիկան, բայց ես, որպես մասնագետ, ելակետ եմ ընդունում այն, որ եթե ինքը` իրավական ակտը, լավագույնը չէ, ապա մենք չենք կարող ակնկալել նաև այդպիսի իրավակիրառ պրակտիկա:

Իմ խորին համոզմամբ` գործող Սահմանադրությունը, իհարկե, թույլ է տալիս լուծելու բազմաթիվ խնդիրներ, որոնք այսօր դեռևս լուծված չեն, բայց սա չի նշանակում` եթե ուզենայինք բոլոր խնդիրները լուծել, այս Սահմանադրությունը դրան նպաստում է, ընդհակառակը`ինչ-որ մի տեղ խոչընդոտում է: Դրա համար էլ ասում եմ, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են և´ քաղաքական կտրվածքով, և´ տնտեսական խնդիրների լուծման, և´ նաև մարդկանց հոգեբանությունը վերանայելու կտրվածքով: Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկները շատ ընդհանրացված էին, շատ քաղաքական բնույթի փաստարկներ էին և այդ փաստարկները չեն կարող ընկալվել` որպես մասնագիտական փաստարկ»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս