Զոյա Թադևոսյան. «Ես առանձնակի ուշադրությամբ արտգործանախարարին չեմ լսում»

«Ես մեր արտգորնախարարին չեմ վստահում և չեմ էլ պատկերացնում, որ նա խորությամբ հասկանում է այն ամենը, ինչն ինքը խոսում է»,- խոսելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի երեկվա արած հայտարարության մասին՝ ասաց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ լրագրողնեի հետ հանդիպման ժամանակ արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու խնդրին ասել էր. «Բանակցությունները ընթանում են բնականոն հունով, և կարծում եմ, շատ շուտով կոնկրետ արդյունքներ կլինեն։ Իսկ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ եղել ամենաբարձր մակարդակով թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի կողմից, և հստակորեն ասվել է, որ խոսքն այն մասին չէ, որ Հայաստանը անդամակցում է Եվրասիական միությանը Ղարաբաղի հետ միասին, և այստեղ այդ հարցը չի կարող խոչընդոտ լինել մեր անդամակցությանը»:

Զ. Թադևոսյանն այսօր ասաց, որ շատ հաճախ մեր իշխանավորներն ավելի հակված են ինչ-որ մտքերի, բառերի շարանով անորոշության մեջ թողնել իրենց ունկնդրին. «Հետևաբար, ես առանձնակի ուշադրությամբ արտգործանախարարին չեմ լսում»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացին՝ Զ. Թադևոսյանն ասաց, որ Ռուսաստանում առկա տնտեսական իրավիճակը լավատեսական տրամադրության հիմքեր չի ստեղծում. «Ես վստահ եմ, որ ԵՏՄ-ին անդամակցության գործընթացն առայժմ կսառեցվի և՛ Հայաստանի, և՛ ընդհանրապես այդ մնացած երկրների ակտիվ գործունեության առումով, որովհետև իրականում կան բազմաթիվ չպարզեցված հարցեր, որոնց ուղղությամբ կարծես աշխատանքներ չեն իրականացվում, որովհետև խոչընդոտներն ավելի շատ են»:

Կարդացեք նաև

Զ. Թադևոսյանի խոսքով՝ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը երբեք չի կարող ԵՏՄ-ի շրջանակներում իրականացվել, որովհետև ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը ստորագրելու ժամանակ Հայաստանը Ղարաբաղի հետ միասին չի կարող մտնել.

«Հատկապես, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում երկրի առաջին դեմքը ստորագրեց մի փաստաթուղթ, որը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Հետևաբար, այդ տարածքային ամբողջականության արդեն ընդունված փաստաթղթի շրջանակներում հնարավոր չէ, որ Հայաստանը դառնա ԵՏՄ-ի անդամ Ղարաբաղի հետ միասին: Ուրեմն՝ Ղարաբաղն արդեն մնում է այս գործընթացից դուրս: Եթե Ղարաբաղը մնում է գործընթացից դուրս, նշանակում է՝ տնտեսական միությանը միանալուց հետո մենք ունենում ենք քաղաքական լուրջ կորուստ, պարտություն»:

Տեսանյութեր

Լրահոս