Առաջարկվում է ավտոտրանսպորտային իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները հանձնել անձամբ հասցեատիրոջը

Ազգային ժողովն այսօր շարունակում է ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկումը, որով առաջարկվում է ավտոտրանսպորտային իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները հանձնել անձամբ հասցեատիրոջը: Ընդ որում, ըստ Ա.Հովհաննիսյանի, որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը որոշումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է որոշումը ստանալուց հրաժարվելու մասին, իսկ եթե հասցեատերը հրաժարվել է ստանալ ուղարկված (հանձնվող) որոշումը և ստորագրել հրաժարվելու մասին, ապա որոշումը ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև տեղադրվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ եթե վարչական տուգանքի նշանակումից 3 ամիս անց ծանուցումը չի հանձնվում հասցեատիրոջը, վարչական տուգանքի ենթարկելու որոշումը կորցնում է ուժը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարևորեց նախագիծը, բայց նշեց, որ քննարկվում է վարչական տուգանքի մասին ծանուցումը անձին տեղ հասցնելու հարցը, բայց չի պաշտպանվում անձի լսվելու իրավունքը և չի քննարկվում վարչական տուգանքի ենթարկել-չենթակելու հարցը, այդպիսով վարչական մարմինը չի կարող հաշվի առնել, թե որքանով է ճիշտ տուգանքի ենթարկելը: Ըստ Մինասյանի՝ սա աչքաթող է արված, փորձ է արվում լուծել, թե ինչպես հանձնել ծանուցումը:

Է. Մարուքյանի կարծիքով՝ վարչական իրավախախտումների հետ կապված չկա միասնական իրավակիրառ պրակտիկա: Նա համաձայնեց, որ լսված լինելու իրավունքը վարորդը կարող է իրացնել այն դեպքում, երբ ոստիկանն է ակտ գրում, բայց արագաչափերի դեպքում լսված լինելու իրավունքը չի պահպանվում:

Տեսանյութեր

Լրահոս