Ի՞նչ փոխհատուցում կուզեն իշխանությունները Կրեմլից. Հայաստանը Վրաստանի հետ ծագած խնդիրները լուծելու է Ռուսաստանի ցանկությամբ. medialab.am

Հայաստանը պետք է հաշվի նստեր այն իրողության հետ, որ Ռուսաստանի հետ էլ ավելի սերտ հարաբերությունների գնալով ու ինտեգրվելով ռուսական աշխարհաքաղաքական պրոյեկտին, կարող է խնդիրներ ունենալ հարեւան երկրների հետ փոխհարաբերություններում: Անդրադառնալով Վրաստանում վիզայի ռեժիմի փոփոխություններին եւ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը «Մեդիալաբին» ասում է քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

«Փաստացի երկու հարեւան պետություններ աշխարհաքաղաքական ընտրության տեսանկյունից տարբեր բեւեռների հետ են ինտեգրվում, ինչը չի կարող խնդիրներ չառաջացնել: Հնարավոր է, որ սա են ուզում հնչեցնել վրացական լրատվամիջոցները` անդրադառնալով այդ խնդրին եւ ցանկանում են շոշափել հանրային կարծիքը»,-ասում է նա:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Վրաստանի Կառավարության վերջերս ընդունած «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքով, Վրաստանում սեպտեմբերի մեկից արտասահմանյան բոլոր երկրների քաղաքացիների համար կսահմանվի վիզային ռեժիմի նոր կարգ:

Համաձայն նոր կարգի, երկար ժամանակով Վրաստան այցելող քաղաքացիները, օրինակ բիզնես գործունեություն ծավալելու կամ ուսման նպատակով մեկնողները, պետք է վիզա ստանալու հայտ ներկայացնեն: Այն երկրների քաղաքացիները, որոնց հետ Վրաստանն ուներ ազատ վիզային ռեժիմ, առանց մուտքի արտոնագրի Վրաստանում կարող են անցկացնել 90 օր` 180 օրվա ընթացքում:

Նշված փոփոխությունները կատարվում են Վրաստանի եվրաասոցացման գործընթացի եւ Արեւելյան գործընկերության ծրագրի տրամաբանության շրջանակում: Հիշեցնենք, որ Վրաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիրը կսկսի գործել սեպտեմբերից: Վրաստանի արտգործնախարարությանը տեղեկացվել է, որ միգրացիոն քաղաքականության համապատասխանեցումը եվրոպական չափանիշերին Եվրոպական միության պահանջն է:

«Վրաստանը 2016 թվական հունվարից պատրաստվում է նաեւ Շենգենյան երկրներին միանալ, այսինքն, ամբողջ այդ համակարգը փոխվում է: Սա սովորական գործընթաց է, որն ընդունված է ԵՄ երկրներում: Թեեւ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե մենք ունենք համաձայնագրեր մեղմելու այդ խնդիրը, բայց դժվար է ասել, թե ինչ վիճակում են դրանք գտնվում` կապված նաեւ ռուս-ուկրաինական զարգացումների հետ, որովհետեւ այն երկրների նկատմամբ , որոնք ցանկանում են իրենց տնտեսական ինտեգրումը դեպի Ռուսաստան եւ Մաքսային Միություն տանել, խստացումն ավելի մեծ է»,-«Մեդիալաբին» ասում է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Ցավոք, Վրաստանի հետ մեր հարաբերությունները գնալով վատանալու են: Նույնը վերաբերելու է ոչ միայն սովորական այցելություններին կամ ընդհանրապես վիզայի խնդրին, այլեւ առեւտրատնտեսական գործունեությանը: Դրա մասին խոսել են եւ վրացական կողմը եւ ԵՄ ներկայացուցիչները: Հայաստանի իշխանությունները փորձում են խուսափել, բայց սա իրականությունն է, որովհետեւ մեր հարեւան երկիրը բոլորովին այլ տնտեսական համակարգում է աշխատելու եւ բոլորովին այլ հարաբերություններ կունենա Հայաստանի նման երկրի հետ»,-կարծում է Վահագն Խաչատրյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս