Բաժիններ՝

Զոյա Թադևոսյան. Հայաստանում սպառողը ավելի արագ է բացակայում շուկայից, քան ապրանքները

«Ժամանակակից աշխարհն այնքան գլոբալ է, որ առանձնացնել որևէ երկրի առավելությունը կամ կորուստը շատ դժվար է, որովհետև հնարավոր չէ մեկ երկրում տեղի ունենա ինչ-որ արմատական փոփոխություն և դա մեր երկրի վրա չազդի»,- այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ ասաց ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանը՝ խոսելով Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանվող պատժամիջոցների մասին:

Ըստ նրա՝ այդ ազդեցությունն ապագայում ավելի ծանր է լինելու, քան այսօր է, քանի որ այսօր մենք դեռևս կարողանում ենք ներսում կարգավորել մեր տնտեսական հարաբերությունները, քանի դեռ Ռուսաստանի տնտեսական անկումն էական չէ:

«Բայց փորձագետները հաշվարկել են՝ այս տարի Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի ընդամենը 0.5 տոկոսով, իսկ եկող տարի 1 տոկոսով: Ռուսաստանում գնաճն արդեն կազմում է 15 տոկոս, և այդ գործընթացը դեռ կխորանա: Ռուսաստանն արդեն առևտուր չի անում եվրոպական շատ երկրներից՝ հատկապես կապված գյուղատնտեսական մթերքների հետ»:

Զ. Թադևոսյանի խոսքով՝ մեր տնտեսությունը կապված է ռուսական տնտեսության հետ. «Օրինակ, անցյալ տարվա՝ 2013 թվականի հունվար-հուլիս ամիսների համեմատությամբ այս տարվա հունվար-հուլիսին ներմուծը Ռուսաստանից աճել է 7.4 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը նվազել է 6.3 տոկոսով:

Կարդացեք նաև

Այսինքն՝ Ռուսաստանում ձևավորված այն իրավիճակը, որտեղ կա բարձր գնաճ, որտեղ տնտեսությունը համարյա գտնվում է կոլապսի վիճակում (որովհետև այն տնտեսական սանկցիաները, որոնք դրվել են Եվրամիության կողմից էականորեն ազդում են Ռուսաստանի տնտեսության վրա), այս պարագայում Հայաստանը չի կարողանում համապատասխան արտահանում իրականացնել: Դա նշանակում է, որ Ռուսաստանի հետ ինչպես միշտ կար և կմնա Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը՝ բացասական մնացորդով: Սա նաև նշանակում է, որ մենք չունենք այն տնտեսական ներուժը, որ կարողանանք ռուսական շուկա արտահանել այնքան ապրանքներ, որ նշածս ցուցանիշը գնա դրական ուղղությամբ»,- ասաց նա:

Զ. Թադևոսյանը կարծում է՝ Հայաստանում գյուղատնտեսությունը գտնվում է մոռացված, լքված վիճակում. «Եթե Ռուսաստանը էմբարգո է դրել եվրոպական մթերքների առջև, ապա Հայաստանը, եթե ունենար համապատասխան ներուժ, կարող էր ինչ-որ չափով լրացնել այն պակասը, որը չի մտնում Եվրոպայից Ռուսաստան: Գյուղացիները չեն զբաղվում անասնապահությամբ՝ բառիս իսկական իմաստով: Եթե գյուղացին պահում է մեկ կով, դա չի նշանակում, որ նա զբաղվում է անասնապահությամբ:

Նա ընդամենը իր ընտանիքի կարիքների համար է պահում: Օրինակ, Շիրակի մարզում գյուղացիները չեն կարողանում ավելի մեծածավալ դարձնել անասնապահության զբաղվածությունը, որովհետև արոտավայրեր չկան: Իսկ անասունի կաթնատվությունը կախված է այն խոտից, ինչով նա սնվում է: Բայց գյուղերում անասունը պահվում է գոմում, նրանք արոտավայրեր դուրս չեն գալիս: Արոտավայրերն ամբողջովին ցանկապատված են և ինչ-որ իշխանավորների սեփականությունն են, ինչ-որ իշխանավորներ են դրանք յուրացել»:

Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավո՞ր է, որ Ռուսական շուկան լցնելու համար Հայաստանում պտուղ-բանջարեղենի դեֆիցիտ առաջանա, Զ.Թադևոսյանն այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հնարավոր չէ, որովհետև Հայաստանում սպառողը ավելի արագ է բացակայում շուկայից քան, ապրանքները: Մեզ մոտ արտագաղթի ծավալներն այնքան մեծ են, որ այդպիսի դեֆիցիտ չի առաջանա: Մեր տնտեսության հետամնացության, տնտեսական աճի տեմեպրի դանդաղեցման հիմնական պատճառը հենց արտագաղթն է, չնայած մեր իշխանությունները արտագաղթի խնդրին նայում են շատ պարզունակ տեսքով, կարծես թե դա լուրջ խնդրի չէ տնտեսական առումով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս