«Մենք ունենք իշխանություն և ընդդիմություն, որը Կրեմլի պատերի տակ սպասում է Պուտինի պահակի բարեհաճ ժպիտին»

«Նոր ազատական» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե Հայաստանում իրական քաղաքականության դեֆիցիտ է նկատվում և ինքը՝ որպես քաղաքագետ հիմա 2 առանձին մանկական խաղերի է ականատես. «Մեկը կոչվում է սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը ես առայժմ չեմ հասկացել, չնայած ունեմ հստակ ենթադրություններ, թե ինչի համար է արվում: Մի մասը պնդում է, որ սա Սերժ Սարգսյանի վերարտադրության համար է արվում: Վերարտադրության համար բացարձակապես պետք չէ Սահմանադրություն փոփոխել, վերարտադրության բազմաթիվ այլ մեխանիզմներ կան»:

Երկրորդ մանկական խաղը, որին ականատես է Սուրենյանցը՝ կոչվում է 12 պահանջ. «Այս 2 խաղերն էլ որևէ առնչություն չունեն հասարակության իրական խնդրիների հետ: Ինչքան մոտենում է հոկտեմբեր ամիսը, այնքան իշխանությունն է քիչ խոսում սահմանադրական փոփոխություններից, և որքան մոտենում էր սեպտեմբերի 30-ը՝ այնքան հայտնի քառյակն էր քիչ խոսում՝ ինչ գործողություններ են անելու: Երկուսի մոտ էլ տհաճություն կա, որ արձակուրդները վերջացան: Նման իրավիճակում մեր քաղաքական համակարգից շատ մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ»,- ասում է նա:

Ս. Սուրենյանցի խոսքով՝ մենք ունենք իներցիայով գործող քաղաքական համակարգ. «Մեր քաղաքական համակարգը հիմա գործում է իմպոտենտային կոնսենսուսի տրամաբանությամբ: Դա տեղի է ունեցել անցյալ տարի սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո, երբ նախագահը հայտարարեց՝ մյուսները ծափահարեցին:

Եվ ընդդիմությունն էլ նույնիսկ տխուր էր, ոչ թե այն պատճառով, որ Մաքսային միությանն ենք միանում, այլ այն պատճառով, որ Ռուսաստանի հնարավոր աջակցությունից զրկվեցին: Այսինքն՝ հնարավորություն չունեցան Ռուսաստանի միջոցով Հայաստանում ինչ-որ իշխանափոխություն անել և այլն: Այսինքն՝ մենք ունենք իշխանություն և ընդդիմություն, որը Կրեմլի պատերի տակ սպասում է Պուտինի պահակի բարեհաճ ժպիտին: Թեժ աշունը դարձել է ավելի շատ եղանակային, քան թե քաղաքական»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս