Օմբուդսմենի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը Պաշտպանի գրասենյակում հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին:

Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները բանակում զոհված իրենց որդիների վերաբերյալ քրեական գործերի քննության կապակցությամբ, կարծիք հայտնել քննության միակողմանի և ոչ օբյեկտիվ լինելու մասին: Քննարկման արդյունքում ծնողները բարձրացրել են զինծառայողների վերաբերյալ քրեական գործերի ուսումնասիրության նպատակով մասնագիտական հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտության հարցը՝ միաժամանակ նշելով քրեական գործերը հանձնաժողովի գնահատականին հանձնելու իրենց պատրաստակամության մասին: Զոհված զինծառայողների հարազատների համոզմամբ՝ հանձնաժողովի ձևավորումը կարող է երաշխիք լինել քրեական գործերի մանրակրկիտ քննության և իրենց կասկածների փարատման համար:

Պաշտպանի տեղակալ Ա. Գրիգորյանը նշեց. «Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ նախկինում ևս առաջադրվել է զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ քրեական գործերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցը, որը, սակայն, ինչ-ինչ պատճառներով չի իրագործվել: Ուստի այժմ անհրաժեշտ է, որ շահագրգիռ բոլոր կողմերն առավել հետևողական և հաշվենկատ լինեն հանձնաժողովի ձևավորման հարցում, քանի որ դրա գործունեությունը կարող է իրապես մեղմել առանց այդ էլ ծանր կորստի ցավը զգացած զինծառայողների հարազատների վրդովմունքն ու նպաստել իրավասու գերատեսչությունների նկատմամբ վստահության ամրապնդմանը»:

 Պաշտպանի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս