Բաժիններ՝

Մի խոսեք, որ չգնան

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի սիրած թեմաներից մեկը ճգնաժամի դասերն էին։ Թերևս հիշում եք, թե նա ինչպես էր խոսում Հայաստանի տնտեսության այն թերությունների մասին, որոնք 2009թ. ճգնաժամն ակնառու դարձրեց. տնտեսության խոցելի կառուցվածքը, շինարարության անթույլատրելի մեծ տեսակարար կշիռը և այլն։

Սակայն ճգնաժամի ամենամեծ դասը` առաջին հերթին` անձամբ Տ. Սարգսյանի և մյուսների համար, այն էր, որ ճգնաժամի մասին չխոսելով` այն չես հաղթահարի (նախկին վարչապետը հավաստիացնում էր, որ ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, եթե այդ մասին չխոսենք)։

Ժամանակը ցույց տվեց, որ այդ մոտեցումը սխալ էր, և, որ բացասական երևույթների մասին չխոսելը չի նշանակում` կանխել կամ վերացնել դրանք։ Սակայն այս դասը, ինչպես երևում է, մեր պաշտոնյաներն այդպես էլ չսերտեցին և այժմ էլ գերադասում են լռել որոշակի երևույթների մասին։ Օրինակ` արտագաղթի։

Այսպես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս տարվա օգոստոսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սոչիի հանդիպումից հետո հարցազրույց տվեց «Արմնյուզին»։ Ի թիվս այլ հարցերի` նա գոհունակությամբ խոսեց այդ օրերին լրատվական դաշտի հավասարակշիռ ու ճիշտ կեցվածքի մասին, սակայն չմոռացավ հընթացս նշել, որ պետք չէ ջուր լցնել թշնամու ջրաղացին` խոսելով բացասական երևույթների, օրինակ, արտագաղթի մասին։

Ըստ Սերժ Սարգսյանի, արտագաղթի մասին հրապարակումները ոչ միայն երկրի ներսում են անկումային տրամադրություններ ստեղծում, այլ դրանք կարդում են նաև մեր հարևանները ու ոգևորվելով` ինչ-ինչ եզրակացություններ անում։

Այլ կերպ ասած, երկրի նախագահը կոչ էր անում չխոսել արտագաղթի մասին։ Վերջերս էլ արտագաղթի մասին խոսել է ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը` կարծիք հայտնելով, որ սահմանահատումների վիճակագրությունը (մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը) չի կարելի արտագաղթ համարել։ Կարճ ասած, մեր իշխանությունները որոշել են պայքարել ոչ թե արտագաղթի, այլ «արտագաղթ» բառի օգտագործման դեմ։ Սակայն լրագրողները կարծես հակված չեն հետևել այդ խորհրդին, և մի քանի օր առաջ «Բազե 2014»-ի երիտասարդ լրագրողների ջոկատի անդամների հետ հանդիպմանը նախագահին հարց ուղղեցին ահագնացող արտագաղթի մասին։

Ի պատասխան` Ս. Սարգսյանը չէր համաձայնել լրագրողի գնահատականին, թե արտագաղթն ահագնանում է, և առաջարկել էր խոսել միայն «Վիճվարչության տվյալներով»։ Նաև հղում անելով այդ տվյալներին` նա ասել էր, որ անցյալ տարի Հայաստանից արտագաղթողների թիվը կրճատվել է, և 2014-ի թվերը վկայում են այն մասին, որ այս տարի էլ ավելի է կրճատվելու։

Հիմա եկեք անցնենք փաստերին` հղում անելով հենց այն տվյալներին, որոնց մասին խոսում էր երկրի նախագահը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013 թվականին Հայաստանից մեկնած և Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմել է 42001 մարդ։ Ի հեճուկս Գ. Եգանյանի` այս թիվը ոչ այլ ինչ է, քան արտագաղթի ցուցանիշ։ 2012թ. ընթացքում արտագաղթած ՀՀ քաղաքացիների թիվը 49 660 էր։ Այսինքն, իրոք, 2013-ին արտագաղթի տեմպերը թուլացել են։

Սակայն արդյո՞ք սա բավարար ցուցանիշ է։ Դժվար թե։ Որովհետև նույն պաշտոնական տվյալներով` 2010-2013թթ. ընթացքում Հայաստանն անվերադարձ լքել են շուրջ 198 հազար ՀՀ քաղաքացիներ։

Հաշվի առնելով, որ տարեվերջին արտագաղթի ցուցանիշը սովորաբար կազմում է կիսամյակային ցուցանիշի 35-50%-ը (հաշվի առնելով նախկին տարիների փորձը), կարելի է ենթադրել, որ տարվա վերջին կունենանք 38-50 հազար ՀՀ քաղաքացիների արտագաղթ։ Ընդ որում, մտահոգիչ է ոչ միայն փաստացի մեկնածների թիվը, այլև այն մարդկանց, ովքեր պատրաստ են լքել երկիրը։

Artagaxt-axyusak

Տարբեր գնահատականներով` հնարավորության դեպքում Հայաստանից պատրաստ է արտագաղթել հարցվողների 40-50%-ը։ Այս տարվա հունիսի վերջին մենք ինքնուրույն մինի հարցում էինք անցկացրել ինտերնետում` մասնակիցներին ուղղելով հետևյալ հարցը` եթե հնարավորություն ունենայիք, մշտական բնակության կմեկնեի՞ք այլ երկիր։ Շուրջ 200 մասնակիցների 47.83%-ը դրական պատասխան էր տվել։ 15.22%-ը դժվարացել էր պատասխանել, և միայն 36.96%-ն էր պատասխանել` ոչ։

Համոզված ենք, իշխանություններն այս պատկերն ավելի լավ և ավելի խորը գիտեն, քան մենք։ Պարզապես գերադասում են այդ մասին չխոսել։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել էր, որ հարկավոր է խոսել արտագաղթի ցանկությունների մասին։ «Մեկ բան է, երբ որ մարդը մեկնում է, որովհետև գտել է հնարավորությունը, այլ բան է, երբ որ մարդը ուզում է մեկնել, բայց չի գտնում այդ հնարավորությունը. խոսքը ֆինանսական և իրավաբանական հնարավորությունների մասին է: Եթե պարոն Սարգսյանին չեն հետաքրքրում Հայաստանի բնակչության արտագաղթի միտումները, դա էլ առանձին քննարկման թեմա է, բայց կարծում եմ` ինքը գոնե ականջալուր պետք է եղած լիներ, իրեն հաղորդած պետք է լինեին այն հետազոտության մասին, որոնք ճիշտ հակառակն են ապացուցում»:

Խոսքը մեկ տարի առաջ ՀՀ կառավարության կողմից պատվիրված հետազոտությունների արդյունքների մասին է: Հրանուշ Խառատյանի խոսքով` այդ հետազոտությունները կատարվել են, թվերը հայտնի են, սակայն մինչև հիմա չեն հրապարակում:

Հիմա անդրադառնանք այս տարվա ցուցանիշներին, որոնք հանրապետության նախագահին լավաստեսություն հաղորդելու հիմք են։
Այսպես, 2014թ. առաջին կիսամյակում Հայաստանից մեկնած և Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թվի բացասական հաշվեկշիռը 112 814 մարդ է (թիվը մինչև տարվա վերջ կկրճատվի, քանի որ սեզոնային աշխատողները տարվա վերջին վերադառնում են Հայաստան)։ 2013 թ. առաջին կիսամյակում արտագաղթած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի մեծ էր` 123 303 մարդ։ Հենց սա է հիմք հանդիսացել` ասելու, որ արտագաղթի տեմպերը կնվազեն։

Իսկ ինչո՞ւ է նվազել արտագաղթի ցուցանիշը։ Հստակ պատասխանելն այս հարցին դժվար է, սակայն կա մի շատ կարևոր գործոն, որն, անկասկած, զսպող ազդեցություն է ունեցել այս հարցում։ Խոսքը ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացման մասին է։ Հիշեցնենք, որ դրա արդյունքում, շուրջ 170 հազար ՀՀ քաղաքացի հայտնվել էր, այսպես կոչված, ռիսկային խմբում։ Իսկ մոտավորապես 40 հազար քաղաքացի սև ցուցակում է, և նրանց մուտքը ՌԴ (արտագաղթ հիմնական ուղղություններից մեկը) արգելված է։

Այսինքն, արտագաղթի տեմպը թուլացել է ոչ թե այն պատճառով, որ ՀՀ քաղաքացիները չեն ցանկանում արտագաղթել, այլ այն պատճառով, որ նրանց թույլ չեն տալիս։ Նշենք, որ սա ոչ միայն սուբյեկտիվ ենթադրություն է, այլ իրողություն, որում համոզվել ենք` զրուցելով միգրանտների հետ։ Մասնավորապես, գրել ենք, որ վերջերս Մարտունու շրջանի գյուղերում էինք, որտեղից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը բավականին մեծ է։ Այս մարդկանցից շատերին ամանորյա տոները ընտանիքի հետ նշելուց հետո չէին թույլատրել հատել ՌԴ սահմանը։

Իսկ գիտե՞ք` որն է ամենամեծ վտանգը։ Այս մարդիկ ոչ թե փորձում են աշխատանք գտնել ու հիմնավորվել Հայաստանում, այլ սպասում են։ Անհամբեր սպասում են, թե Հայաստանը ե՞րբ կստորագրի Եվրասիական միությանն անդամակցելու համաձայնագիրը, որպեսզի իրենք իրավունք ստանան մեկնել Ռուսաստան։ Ընդ որում, մեզ հետ զրույցում շատերը նշում էին, որ այս անգամ պատրաստվում են մեկնել ընտանիքներով, որպեսզի ձմռանը ստիպված չլինեն ետ վերադառնալ, գումար ծախսել և հանկարծ նորից կանգնել փաստի առաջ` ՌԴ մուտք գործելու արգելքի։ Այսինքն, միգրանտների հետ կապված իրավիճակը նման է սեղմված զսպանակի, որն այս պահին իրական չափից փոքր է, սակայն ամեն պահի կարող է կտրուկ արագությամբ ընդարձակվել։

Արտագաղթողների ճանապարհն արհեստականորեն փակելն ամենաանարդյունավետ ճանապարհն է։ Պետք է այնպես անել, որ մարդիկ իրե՛նք չցանկանան գնալ։ Իսկ դա այնքան դժվար չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Որովհետև ՀՀ քաղաքացիները գնում են` ոչ թե սոցիալական վատ պայմաններից ելնելով, այլ բարոյահոգեբանական մթնոլորտի, անարդարության և այլ պատճառներով։ Եթե տնտեսությունը կարճ ժամանակում զարգացնելն անհնար է, ապա մյուս պատճառները վերացնել հնարավոր է հաշված օրերի ընթացքում։ Միայն թե կամք լինի և ցանկություն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս