Մանվել Սարգսյան. Խաղաղությունը գալիս է այն ժամանակ, երբ կողմերը դուրս են գալիս պատրանքներից

Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ

– Ամառային միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին ի՞նչ փոխեցին ղարաբաղյան հակամարտության և բանակցային գործընթացի տրամաբանության մեջ:

– Ինձ համար ակնհայտ դարձավ, որ շատ հստակ ուրվագծվեց երկու հանգամանք: Առաջինը փոխել է շատերի վերաբերմունքը կոնֆլիկտային իրավիճակի շուրջ ստեղծված բանավեճերի, կողմերի պահվածքի նկատմամբ: Ի վերջո, տարիներ շարունակ, հատկապես վերջին 2-3 տարիներին հայկական կողմերի համար ստեղծվել էր, ես կասեի, ոչ նպաստավոր մի վիճակ, երբ Ադրբեջանը սկսեց օգտագործել շփման գիծը` որպես, ինչպես ինքն է ասում, ռազմական դիվանագիտություն: Ադրբեջանի կողմից մշակվեց մի հստակ մոտեցում, այն է` հայ զինվորների սպանություններ` կապված քաղաքական այս կամ այն իրադարձությունների հետ:

Բոլորս տեսնում էինք, որ որևէ հանդիպման կամ այցելության ժամանակ Ադրբեջանը նպատակային սպանում էր հայ զինվորներ և դա օգտագործում` որպես հավելյալ ճնշման միջոց այս կամ այն ատյանի` Հայաստանի, Մինսկի խմբի, տարբեր երկրների վրա: Հիշո՞ւմ եք Միացյալ Նահանգների արտգործնախարարի այցը Հայաստան 2012 թ.: Այն ժամանակ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին սպանվեց 3 հայ զինվոր, հետո պատասխան եղավ Հայաստանի կողմից, ստեղծվեց լարված վիճակ, որը պարզ ակնարկ էր Ադրբեջանի կողմից հենց ԱՄՆ-ին: Մնացած բոլոր դեպքերն էլ հստակ նպատակ ունեին: Եվ ասեմ, որ այդ քաղաքականությունը, փաստորեն, տարիներ շարունակ բավական մեծ դիվիդենտներ էր բերում, և դրա վրա որևէ կերպ ազդելու հնարավորություն չկար:

Կարդացեք նաև

Այս տարվա ընթացքում Ադրբեջանն առավել լկտիացավ, որովհետև Ռուսաստանը սկսել էր հարձակողական զենքեր վաճառել նրան, և Բաքուն սկսեց արհամարհել բոլորի կարծիքը. լկտիությունը ցուցաբերվեց հենց ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, Եվրոպայի նկատմամբ, նկատի ունեմ ԵԽ ԽՎ-ում Ալիևի վերջին ելույթը:

Սա բարդ վիճակ էր ստեղծում և՛ միջազգային կազմակերպությունների, և՛ Հայաստանի համար: Չկար որևէ լուրջ հակադրություն Ադրբեջանի այդ պահվածքին: Եվ օգոստոսի 1-2-ի դեպքերը, որպես ազդեցիկ քաղաքական գործոն, հարված էին Ադրբեջանի այս քաղաքականությանը: Փաստորեն, առաջին անգամ հայկական կողմը գտավ ձև Ադրբեջանի նախագահի այս քաղաքականությունը սնանկացնելու համար: Ալիևը պատժվեց:

– Ամեն դեպքում, սա առաջին դեպքը չէ, երբ բարձր մակարդակով հանդիպումից առաջ լինում է լարվածություն, և հանդիպումից հետո իրավիճակը հանդարտվում է:

– Գիտեք, լարվածությունը մի բան է, կոնկրետ իրավիճակը` ուրիշ: Դա հաջող իրականացված պատժիչ գործողություն էր, որն Ադրբեջանի բանակի և ղեկավարության համար ստեղծեց բարդ ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիր: Դուք կարող եք հարց տալ` բայց ի՞նչն է խնդիրը: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը կանգնել էր մի իրավիճակի առաջ, երբ որևէ ընտրություն այլևս չուներ. այդ բարդ վիճակից դուրս գալու միակ ձևը ծանր զենքեր օգտագործելն էր, այսինքն` լայնածավալ պատերազմ սկսել: Ադրբեջանը չկարողացավ դա անել:

– Ինչո՞ւ:

– Դա չպետք է մեզ հետաքրքրի: Ես միշտ ասել եմ և նորից կկրկնեմ` Ադրբեջանն այն երկիրը չէ, որը նման որոշում կարողանա ընդունել, բայց ամբողջ աշխարհը համոզվեց դրանում:

– Ինչ-որ մե՞կն Ադրբեջանի փոխարեն պետք է կայացներ այդ որոշումը:

– Իհարկե: Ադրբեջանը պիտի ստանար բոլորի հավանությունը, որ օգտագործեր այդ զենքերը: Ադրբեջանի նախագահը տարիներ շարունակ ասում էր` էս կանեմ, էն կանեմ, էն կանեմ: Եվ եթե դու չես անում դա, ապացուցում ես ողջ աշխարհին, որ քո ողջ քաղաքականությունը փուչ է: Դրա համար է Իլհամ Ալիևը բարդ վիճակում հայտնվել:

Բոլորը հասկացան, որ այն, ինչ ասվում է, խոսվում է, սուտ է: Այս կարևորագույն բանն է կատարվել, ոչ թե պարզապես Պուտինը հավաքել է նախագահներին, խոսել են, և պատերազմը վերջացել է: Ոչ: Պատերազմն օգոստոսի 5-ին արդեն վերջացած էր, ադրբեջանական ստորաբաժանումների մեծ մասը գնացել էին երկրորդ գիծ:

– Իսկ Պուտինի միջնորդությունը, Ձեր կարծիքով, ինչ-որ դրական ազդեցություն ունեցա՞վ, թե՞ ոչ:

– Բնական է` ունեցավ: Պուտինն օգտվեց այդ ամենից. դա նրա համար փայլուն իրավիճակ էր, երբ նա արդեն կարող էր Ադրբեջանի հետ լրիվ ուրիշ լեզվով խոսել: Չէ՞ որ ես քիչ առաջ ասացի` Ադրբեջանի հետ տարիներ շարունակ հնարավոր չէր խոսել, նա բոլորին գրողի ծոցն էր ուղարկում: Սա առաջին հանգամանքն է:
Եվ երկրորդը հանրությունների վերաբերմունքն է: Կարծում եմ, որ բոլորն են նկատել, որ այս անգամ հանրությունը շատ ակտիվ դերակատարություն ունեցավ. թե՛ վետարանների ջոկատները գնացին հենակետեր և մի քանի օր կանգնեցին զինվորների կողքին, թե՛ քաղաքացիական հասարակության կողմից եղավ լայն քննարկում:

Այսինքն` անվտանգության խնդիրը, կարծես թե, նոր դիսկուրս մտցրեց հասարակության մեջ, որը շատ էական է և նորություն է վերջին տասնամյակների համար: Ադրբեջանում նույնպես բավական հետաքրքիր վերաբերմունք եղավ` մի քիչ ուրիշ ձևով. մի կողմից` եղավ մեծ խուճապ (անգամ ասում են` մարդիկ մի քանի օրով հեռացել են սահմանային գյուղերից), մյուս կողմից` իրենք էլ վերագնահատեցին ադրբեջանական բանակը և Ալիևի քաղաքականությունը. սուր քննադատություն եղավ, Ադրբեջանն ինքն ասաց, որ սուտ է այդ քաղաքականությունը: Այս երկրորդ հանգամանքը ներքին բնույթ ունի և կարելի է ասել` մեծ փոփոխություն է: Սրանք էական գործոններ են, որոնք հետագայում ազդելու են կոնֆլիկտային իրավիճակի և դրա շուրջ ծավալվող բանակցային գործընթացի վրա:

– Այսինքն` Դուք ասում եք, որ հայկական կողմը գտե՞լ է ինչ-որ ռազմավարական միջոց` Ադրբեջանի սադրիչ գործողությունները կանխելու համար:

– Այո, նկատի ունեմ այդ «ռազմական դիվանագիտություն» կոչվածի դեմն առնելը:

– Բայց ի՞նչն է խանգարելու Ադրբեջանին` ինչ-որ պահի կրկին դիմել սահմանային սադրանքների:

– Խանգարելու է այն, որ Ադրբեջանն արդեն հասկացել է, որ իր համար կարող են քաղաքական լուրջ թակարդներ ստեղծվել: Այդպես չէ: Նա համոզված էր, որ իր ռազմավարության դեմ «խաղ չկա», բայց հիմա նա տեսավ, որ այդպես չէ, այդ պատճառով էլ չկարողացավ խոշոր զինատեսակներ օգտագործել:

– Այս իրադարձությունները կողմերին ավելի չհեռացրեցի՞ն խաղաղությունից:

– Խաղաղությունը գալիս է այն ժամանակ, երբ կողմերը դուրս են գալիս պատրանքներից և ազատվում են սուտ սպասելիքներից:

– Բայց դժվար թե Ադրբեջանն այդքան հեշտությամբ կհամակերպվի այս իրողության հետ:

– Իհա՛րկե ոչ: Ադրբեջանը երբևէ չի համակերպվի, և ոչ ոք չի համակերպվում: Կյանքն է ստիպում համակերպվել: Պիտի պարզ տեսնես, որ դու այն չես, ինչ քեզ պատկերացնում ես, բայց երբ հասկանում ես, որ իրականությունը մի քիչ ուրիշ է, փորձում ես խնդիրը լուծել բանակցությունների միջոցով: Ալիևը Սոչիում ասաց` խաղաղ ճանապարհով կլուծենք:

– Եվ Պուտինն էլ «արձանագրեց» այդ փաստը:

– Բոլորն էլ արձանագրեցին, այսինքն` Ալիևին պարտադրվեց, որ նա այդպիսի պարտավորություն վերցնի: Այդ օրերին շատ զուսպ էր Թուրքիան. նա ընդամենը ցավակցություն հայտնեց Ադրբեջանին` կորուստների կապակցությամբ: Ընդամենը: Ոչ մի ավելորդ խոսք չասաց: Այսպիսի հետաքրքիր իրավիճակ է:

Որքանո՞վ դա կնպաստի հետագա գործընթացներին, ուրիշ խնդիր է: Բնական է, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հավաքվել են Նախիջևանում` ինչ-որ անհասկանալի ձևաչափով, ինչ-որ անհասկանալի տեղում և ինչ-որ պաշտպանական հայեցակարգով: Նրանք հայտարարեցին, որ իրենց հետաքրքրում են տարածաշրջանի կոմունիկացիաները, և իրենք փորձում են միասնական ջանքեր գործադրել պաշտպանվելու համար: Այսինքն` Հայաստանից են պաշտպանվում: Բնականաբար, Հայաստանը Սերժ Սարգսյանի շուրթերով հայտարարեց, որ ունենք բալիստիկ հրթիռներ, կօգտագործենք:

– Իսկ ո՞ր դեպքում կարող է առաջընթաց լինել բանակցային գործընթացում:

– Առաջընթաց չի կարող լինել, եթե ամեն ինչ թողնես նույն ձևով: Վերաբերմունք պիտի փոխվի բոլորի` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ միջնորդների կողմից: Այսօր ԼՂՀ-ն ասում է` ոչ մի բան առանց ինձ չի ստացվելու, այսինքն` իրենք չեն ենթարկվի որևէ մեկի որոշմանը, միայն այն որոշմանը կենթարկվեն, որին իրենք մասնակցություն են ունեցել: Նրանք, ովքեր նպատակաուղղված գործունեություն են ծավալել, պետք է հասկանան` ինչո՞ւ մինչև հիմա հաջողության չեն հասել: Օրինակ, Ռուսաստանը, մի կողմից` ասում է` ես խաղաղասեր եմ, մյուս կողմից` զինում է հակամարտության կողմերին` այն էլ անհամաչափ ձևով: Սա իրական վերաբերմունք է:

Կյանքն ու քաղաքական իրողությունները մի բան են, դրանց շուրջ խոսակցությունները` լրիվ ուրիշ բան: Կարելի է անհամաձայնության մեջ լինել հարյուր տարի: Դու կարող ես քաղաքականություն վարել և պարտադրել քո հակառակորդին` հաշվի նստել քեզ հետ: Այս իրավիճակը պարտադրվեց Ադրբեջանին, այդպես չէ՞: Պարտադրվեց, և նա հետ քաշվեց: Կարո՞ղ ես ավելի մեծ քաղաքականություն վարել և պարտադրել ավելին: Սա է խնդիրը: Պիտի հարցը բերես մի վիճակի, որ դիմացինդ հասկանա` ավելի լավ է` քեզ հետ խաղաղություն կնքի, քան այսպես շարունակի: Ընդհանրապես քաղաքականությունը պարտադրելու արվեստ է. պետք է պարտադրես, որ բոլորը ճանաչեն քո իրավունքը:

Տեսանյութեր

Լրահոս