Ամբողջ գործընթացն աբսո՛ւրդ է. 7 տարի առաջ փակված գործը՝ նորից շրջանառության մեջ. փաստաբան Արմեն Անդրիկյան
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կալանավորվել է 2 ամսով՝ կապված «Նորֆոլկ քընսալթինգ» գործի հետ, որը, հիշեցնենք, փակվել էր դեռևս 2018 թվականին։
Վարդան Հարությունյանի փաստաբան Արթուր Անդրիկյանը նշում է, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի տնտեսական գործունեության, պաշտոնեական դիրքի չարաշահման, հակամրցակցային համաձայնության և փողերի լվացման համար։ Եվ սա այն դեպքում, երբ բոլոր այդ դրվագները արդեն ուսումնասիրվել ու մերժվել էին նախորդ քննությամբ։
«2018 թվականին «Նորֆոլկ քընսալթինգի» հետ կապված քննություն է իրականացվել և հերքվել է, որ Վարդան Հարությունյանը կապ ունի այդ ընկերության հետ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այդ ենթադրյալ կապից ելնելով՝ Վարդան Հարությունյանին ապօրինի տնտեսական գործունեություն, պաշտոնեական դիրքի չարաշահման, հակամրցակցային համաձայնության և փողերի լվացման մեղադրանքներ են առաջադրվել։
Պաշտպանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ 2018 թվականին այս գործով Վարդան Հարությունյանը երբևէ նույնիկ չի էլ հրավիրվել հարցաքննության, քանի որ որևէ առնչություն չի ունեցել:
Առկա է դեռ 2018-ին քննիչի որոշումը, որտեղ նշվում է, որ հակամրցակցային համաձայնության մասով քննության արդյունքում այն չի հաստատվել, նոր հանգամանք չի ի հայտ եկել, բայց գործը կրկին բացվել է։
Իսկ պաշտոնեական լիազորության չարաշահման մասով էլ, որը կարող էր հարկեր չվճարելու հետևանք առաջացնել, 2018 թվականի նույն որոշմամբ՝ հարկերը վճարելու հիմքով քրեական գործը կարճվել է։ Երրորդ հանգամանքը՝ Վարդան Հարությունյանի և «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերության կապն է, որը պաշտպանի պնդմամբ վերցված է 2018-ի գործի նյութերից և նույն որոշմամբ՝ վարույթը կարճվել է։
Այդ դեպքում ինչո՞ւ 7 տարի անց գործը նորից դատարան բերվեց՝ առանց նոր ի հայտ եկած հանգամանքի: Փաստաբանը չգիտի հարցի պատասխանը, ասում է՝ հասցեատերն ինքը չէ.
«Բայց այն «ապացույցը», որը ներկայացվել է դատարան, վերցված է 2018-ի գործի նյութերից, որը նախկինում գնահատվել էր վարույթ իրականացնող մարմնի կողմից: Քննիչի՝ 2018-ի կայացրած որոշումը չեղարկված չէ, այն ուժի մեջ է, ուստի, իրավական առումով աբսուրդ է ստեղծվում: Իրավական մասով ամբողջ գործընթացն աբսուրդ է, իրավական որևէ նշույլ չեմ տեսնոում»։
Պաշտպանական կողմը կդիմի Վերաքննիչ դատարան։
Փաստաբան Արթուր Անդրիկյանը հայտարարեց, որ Վարդան Հարությունյանին անգամ 2018-ին անգամ դատարան չեն կանչել, քանի որ հիմքերը չեն եղել։ Ոչ էլ այժմ են քննչական մարմիններ հրավիրել։
Առաջին իսկ հրավերի ժամանակ՝ կալանավորել են։



