Բաժիններ՝

Միքայել Մելքումյան. «Պետք է գտնել մեխանիզմներ, որ սահամանապահ գյուղերը մնան»

«Քառյակն իր 12-կետանոց պահանջներն արդեն վաղուց դրել էր և պետք է դրան անդրադառնա սեպտեմբերի վերջին, դրան, իհարկե, ավելացել են և՛ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված խնդիրները, և՛ ընթացիկ այլ խնդիրներ: Իսկ ինչ վերաբերում է սահմանամերձ գոտում բնակիչներին և բնակավայրերում արտոնություններ տալու խնդրին, ապա այդպիսի աշխատանքներ և՛ քառյակի շրջանակներում, և՛ մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստանը» իրականացնում է»,- այս տեսակետն այսօր հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյան:

Մ. Մելքումյանի խոսքով՝ խոսքը 2 ուղղութունների արտոնությունների մասին է. «Մեկը կոնկրետ բնակիչներին, այսինքն՝ հողի հարկի և գույքահարկի արտոնությունների մասին է, երկրորդը՝ արտոնագրային վճարների՝ համապատասխան գործակիցները իջեցնելու գրեթե 0-ին մոտ: Գիտեք, որ որոշակի ծառայություններ և բիզնեսի տեսակներ (տաքսիներ, սննդի փոքր օբյեկտներ, վարսավիրանոցներ և այլն) արտոնագրային վճարների դաշտում են գտնվում, պետք է կտրուկ նվազեցնել: Իհարկե, նաև պետք է շրջանառության հարկի տոկոսադրույքները իջեցնել: Ճիշտ է, առևտրի ոլորտում դա իջեցվել է 1 %-ի, բայց դա էլ շատ է սահմանամերձ գոտիների համար և այնտեղ պետք է փաստաթղթավորման պահանջը մի քիչ ավելի խիստ չլինի, որ անընդհատ ստուգումների տեղիք չտա»:

Մ. Մելքումյանը խոսեց նաև արդյունաբերական քաղաքականության մասին օրենքի նախագծի մասին, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է. «Ես մի քանի օր առաջ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ երկար զրուցեցի, օրենքը տարբեր տեսակի լրացումներով ու փոփոխություններով կընդունվի: Դա մարզերում արդյունաբերական գոտիներ ստեղծելու գաղափարն է, որը պետք է լինի օրենքով սահմանված, և պետական բյուջեով համապատասխան ռեսուրս է դրվելու, ինչու չէ, այդ գոտիների մի մասը կարելի է սահմանամերձ գոտիներում ձևավորել, որտեղ կլինեն լրիվ ազատ տնտեսական գոտու ռեժիմները: Բայց, իհարկե, կյանքը ցույց կտա այդ արտոնությունների կենսունակությունը: Այստեղ պետք է ոչ թե ֆորմալացնել, շատ պաշտոնականացնել, այլ պետք է իսկապես գտնել մեխանիզմներ, որ սահմանապահ գյուղերը մնան»:

Մ. Մելքումյանն այստեղ կարևորում է այն, որ գործող օրենքները պետք է համապատասխանեն տվյալ պահի կյանքի պահանջին. «Կյանք ասելով՝ նկատի ունեմ, որ պետք է անպայաման (ոչ միայն սահմանամերձ գոտիներում, այլև Հայաստանի ամենակարևոր խնդիրն է), ձեռնարկատիրական գործունեությանը, մարդու սեփականությանը որոշակի միջամտությունը բացառել: Սահմանամերձ գոտում գիտեք հե՞շտ է ներդրում կատարելը, բայց մենք պետք է մեզ ստիպենք, համոզենք, որ այդ ներդրումը պետք է կատարվի»:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ ասաց, որը սահմանային գյուղերին ազատ տնտեսական գոտիներ տալու մասին գաղափարը իրենց միության աշխատանքային ծրագրի մեջ է եղել. «Վարչապետին էլ 3 ամիս առաջ մենք նամակ ենք ուղղել՝ 16 կետից բաղկացած, որոնցից մեկը հենց այդ կետն է: Լավ է, որ այս իրավիճակը թելադրեց և բերեց նրան, որ կառավարությունը գնում է արդեն արդյունավետ քայլերի, և կարծում եմ՝ այս քայլերը պետք է օգուտ տան, որովհետև սահմանային գյուղերից ես շատ գործարարների եմ ճանաչում, որոնք Ռուսաստանում կայացել են որպես գործարարներ, նրանք սպասում էին, որ եթե արտոնություններ լինեն (ավելացված արժեքի հարկից, շահութահարկից ազատված լինեն), նրանք կգան և որոշակի արտադրություններ (վերամշակող արտադրություններ, կամ ավանդական՝ գորգագործական արտադրություններ, կարպետագործական և այլն) կազմակերպեն, և այդ ապրանքները հենց իրենք էլ կտանեն իրենց կայացած քաղաքներում կիրացնեն, դրանով իսկ կնպաստեն և՛ աշխատատեղերի ավելացմանը, և՛ արտահանման ծավալների մեծացմանը, և՛, ընդհանրապես, այդ սահմաններում կյանքը բարեկեցիկ դրաձնելուն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս