Բաժիններ՝

Չմոռանանք, որ Հայաստանի հիմնական բեռնափոխադրումները Վրաստանով են իրականացվում. Վրացի փորձագետ

Այս տարվա հունիսին Վրաստանի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, իսկ հուլիսին վավերացումը կտրուկ պատասխան ստացավ Ռուսաստանի կողմից. Մոսկվան դուրս եկավ Թբիլիսիի հետ 1994թ. կնքված ազատ առևտրի ռեժիմից: Դեռ հայտնի չէ, թե Ռուսաստանի այս քայլին ինչպես կարձագանքեն Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունները՝ Բելառուսն ու Ղազախստանը: Սակայն, ԵՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի բեռնափոխադրման միակ ճանապարհն անցնում է Վրաստանով և, չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանը հայտնվի բավականին դժվար դրությունում: Անկախ վերլուծաբանները վստահությամբ պնդում են, որ Վրաստանը պատասխան քայլեր կձեռնարկի Ռուսաստանի նկատմամբ, հնարավոր է, նույնիսկ, Ռուսաստանից Հայաստան տարանցիկ փոխադրումների դիմաց գանձվող վճարը թանկանա: Այս խնդրի շուրջ զրուցեցինք Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ռամազ Սակվարելիձեի հետ:

 

– Պարոն Սակվարելիձե, Վրաստանի կառավարությունը, իշխանության գալով, հայտարարեց, որ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումն է լինելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք ներկայումս ՌԴ-ի կողմից Վրաստանի հետ ազատ առևտրի ռեժիմի դադարեցումը:

– Մոսկվան, իհարկե, լուրջ քայլի է դիմել և շտապել է այդ հարցում: Կարծում եմ, խելամիտ կլինի, որ իրադրությունը հարթելու համար երկու երկրների կառավարությունները պետք է նստեն մի սեղանի շուրջ և փորձեն լուծումներ գտնել՝ երկկողմ տնտեսական փոխգործակցությունը շարունակելու համար:

 

– Եթե Ռուսաստանի որոշումը հավանության արժանացնեն և ընդունեն Եվրասիական տնտեսական միության մյուս անդամները, ինչպե՞ս կարող է դա ազդել Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունների վրա, հաշվի առնելով, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել ԵՏՄ-ին:

– Դե պետք է սպասել և տեսնել, թե ինչ ընթացք կստանան իրադարձությունները: Հատկապես Հայաստանի հետ՝ որպես հարևան երկրի, և ԵՏՄ մյուս անդամների հետ Վրաստանը երկկողմ համաձայնագեր ունի և դրանց շրջանակներում հաջողությամբ զարգացնում է առևտրային հարաբերությունները: Կանխատեսել ապագան դժվար է, քանի որ պարզ չէ՝ արդյոք ԵՏՄ-ն կընտրի՞ այն ուղին, որ այլընտրանքային ճանապարհներ չապահովի իր համար: Չեմ կարծում, որ այս ուղին հեռանկարային կլինի ընդհանուր միության համար:

 

Այնուամենայնիվ, հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանը ԵՏՄ անդամակցության դեպքում ստիպված լինի Վրաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը չեղյալ հայտարարել ու բարձրացնի մաքսատուրքերը:

– Այսօր դեռ հստակ չէ, թե ինչ ուղղությամբ կզարգանա Եվրասիական միությունը: Այնտեղ շատ հարցեր դեռ վերջնականապես կարգավորված չեն: Իսկ Հայաստանն ինքը դժվար թե համաձայնի ենթարկվել նման որոշման և խզել երկկողմ ազատ առևտուրը Վրաստանի հետ: Ի վերջո, ինքը՝ Հայաստանը, շատ բան է ստանում Վրաստանից և իր հետաքրքրությունների շրջանակում չէ ենթարկվել մեկուսացման քաղաքականությանը: Չմոռանանք, որ Հայաստանի հիմնական բեռնափոխադրումները Վրաստանով են իրականացվում:

 

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ ի պատասխան Մոսկվայի որոշման` Վրաստանը բարձրացնի Ռուսաստանից Հայաստան եկող բեռների տարանցիկ փոխադրման գները:

– Մինչ օրս Վրաստանն ամեն ինչ արել է, որ աջակցի Հայաստանին մյուս երկրների, այդ թվում Ռուսատանի հետ, իր շփումները հեշտացնելու հարցում, որպեսզի Վրաստանով անցնող ճանապարհին Հայաստանը չհանդիպի ոչ մի խոչընդոտի: Չեմ կարծում, որ ապագայում այդ քաղաքականությունը կփոխվի:

 

– Սեպտեմբերի 1-ից Եվրամիության ու Վրաստանի միջև կգործի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, որը ԵՄ Ասոցացման համաձայնագրի մի բաղկացուցիչ մասն է: Դա ինչպե՞ս կազդի Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունների վրա, ի՞նչ փոփոխություններ են սպասվում ըստ Ձեզ:

– Եթե հաշվի առնենք, որ Հայաստանը եվրապական շուկայի հետ մեծամասամբ շփվում է Վրաստանի միջոցով, ապա ԵՄ-Վրաստան ազատ առևտրի գոտին ՀՀ-ին հարուստ ընտրության հնարավորություն կտա և շատ հարցեր կդյուրինանան: Այնպես որ կարծում եմ, որ Վրաստանի այս առաջխաղացումը միայն շահավետ է Հայաստանի համար՝ որպես մեծ բարեկամի և գործընկերոջ:

 

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ կփոխեն Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները և արդյոք դրանք կարո՞ղ են ազդել Վրաստան-Ռուսաստան, Ռուսաստան-Հայաստան և Հայաստան-Վրաստան հարաբերությունների վրա:

– Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Ռուսաստանի պատժամիջոցները Արևմուտքի դեմ անխուսափելիորեն բացասական հետևանքներ կունենան՝ հաշվի առնելով, թե դրանք ինչ ազդեցություն կթողնեն հենց Ռուսաստանում: Արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանում տնտեսական դրությունը որոշ չափով դժվարացել է, քան նախկինում: Բայց պետք է հաշվի առնել նաև ՌԴ-ի սահմանած պատժամիջոցները: Եթե Ռուսաստանը նոր գործընկերներ գտնի գյուղատնտեսության մթերքների գծով, և հավանաբար կգտնի, դա խնդիր չէ, ապա այս պատժամիջոցների պատերազմը դժվար թե գործոն դառնա ՌԴ-ի համար արտաքին քաղաքականության հարցերում իր դիրքորոշման վերանայման առումով: Միևնույն ժամանակ, այդ պատժամիջոցների պատերազմը հետևանքն էր նրա, որ Ռուսաստանը որոշեց Ուկրաինայի հետ ծագած խնդիրները ուժային ճանապարհով լուծել: Արևմտյան և այլ պետությունների գրեթե բոլոր վերլուծաբանները գտնում են, որ ՌԴ նման քաղաքականության սկիզբը դրվեց դեռ 2008-ին, երբ Ռուսաստանը գործողություններ սկսեց Ցխինվալիում: Հետևաբար, Ռուսաստանի կողմից ցանկացած գրավված տարածքների նկատմամբ վարվող քաղաքականությունն է հենց դրդում Արևմուտքին կիրառել այս պատժամիջոցները: Եվ, չեմ կարծում, որ դա շահավետ է Ռուսաստանի համար: Սակայն ոչ մի պատժամիջոց, ինչպես դա եղավ 2008-ին, Ռուսաստանին ետ չի պահում 21-րդ դարում իր որդեգրած զավթողական քաղաքականությունից: Իմ կարծիքով՝ Ռուսաստանն արդեն դժվարին իրավիճակում է և առավել կբարդացնի իր դրությունը, եթե կրկին ոչ բարեկամական քայլերի գնա Վրաստանի հանդեպ:

 

– Համաձա՞յն եք մտքի հետ, որ, այսպես ասած, «Ռուսաստանից անկախությունը» Վրաստանը ձեռք բերեց՝ կորցնելով Օսեթիան և Աբխազիան, Ուկրաինան՝ Ղրիմը և դեռ հայտնի չէ, թե ռուս-ուկրաինական կոնֆլիկտն ինչպես կավարտվի: Հայաստանը գերադասեց չկորցնել Ղարաբաղը: Ձեր գնահատականով՝ արժե՞ կորցնել պետության մի մասը՝ հանուն «Ռուսաստանից անկախության»:

– Ես այնքան էլ համամիտ չեմ այդ ձևակերպմանը, որ Ռուսաստանից ազատությունը այդ տարածաշրջանների խնդրի մեջ էր: Ռուսաստանից ազդեցությունից ազատ են Մերձբալթյան երկրները, Միջին Ասիայի երկրենրը, որոնք ոչինչ չեն կորցրել: Ձեր հարցը ենթադրում է, որ Օսեթիայում, Աբխազիայում, և գլխավորը՝ Ղարաբաղում, փաստացի Ռուսաստանն էր հիմնական գործող դերակատարը: Ես չեմ կարծում, որ դա հարցի ճիշտ շեշտադրում է, և կարող է գոհացնել հայ ժողովրդին ու Հայաստան պետությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս