Բաժիններ՝

Լայն հնարավորություն կա ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալներն ավելացնել 15-20%-ով. Վազգեն Սաֆարյան

«Արտահանման քաղաքականությունը կառավարության ռազմավարական ուղղություններից մեկն է և այն իրողությունը, որ 3 մլրդ դոլարի բացասական հաշվեկշիռ ունենք, դա պետք է որ կառավարությանը բերեր նման խորհրդակցությունների և ոչ միայն խորհրդակցությունների, այլ կոնկրետ քայլերի, որպեսզի արտահանման ծավալները մեծանան: Ես կարծում եմ, որ մենք ունենք լայն հնարավորություն այս պահին հատկապես գյուղմթերքների արտահանումը մեծացնելու, օգտվելով ՌԴ այն քաղաքականությունից, որ եվրոպական երկրներից գյուղմթերքներ չեն ներմուծում: Եվ մենք կարող ենք մեր մթերքների, մրգերի, բանջարեղենի, պահածոների, գինու և կոնյակի արտահանման ծավալները մեծացնել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միությաննախագահ Վազգեն Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն ի՞նչ հնարավորություն ունի արտահանման ծավալները մեծացնելու:

Նշենք, որ օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը արտահանող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացմանն ուղղված միջոցառումները և ընդգծել, որ մասնավորապես, ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալի մեծացումն էապես կխթանի տնտեսության զարգացումը, և այդ նպատակով ՀՀ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել տարբեր ծրագրերի իրագործմանը:

Վ.Սաֆարյանի խոսքով՝ եթե ՀՀ-ն անցած տարի 334 մլն դոլարի ապրանք է արտահանել ՌԴ, ապա լայն հնարավորություն ունի այս տարվանից ավելացնել ծավալները 15-20%-ով, իսկ մյուս տարի 40-50 մլն դոլարով ավելացնել գյուղմթերքների արտահանումը: Ըստ նրա՝ կառավարությունը քայլեր անում է և առաջին քայլերից մեկն էլ այն էր, որ վարկերի սուբսիդավորումը 4%-ից դարձրեց 6%. «Ուրախալի է նաև, որ 3-4 տարի առաջ 170 հազար հեկտար հողեր չէինք մշակում, իսկ հիմա չմշակվող հողատարածքները կրճատվում են: Սա պետք է որ արդյունք տա: Կառավարությունը պետք է նաև պետությոն-մասնավոր համագործակցությունը զարգացնի, ստեղծվեն կոոպերացիաներ, պետության օգնությամբ մեքենատրակտորային կայանների ստեղծման ուղղությամբ աշխատանքները արդյունավետ դառնան, նաև հողի ու ջրի վարձի հետ կապված սահմանային գյուղերին տրված արտոնությունները, պետք է նպաստեն ծավալների մեծացմանը»:

Վ.Սաֆարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ եթե այսօր մոտ 3 մլրդ դոլարի արդյունաբերական արտադրանք ենք արտադրել, իսկ խորհրդային տարիներին՝ 9.2 մլրդ դոլարի, դա նշանակում է, որ մենք առնվազն 3 անգամ պակաս ենք արտադրում: Բայց եթե դոլար-խորհրդային ռուբլի- դրամ հարաբերությունը հաշվարկենք, կարող ենք ասել, որ այսօրվա ՀՀ արդյունաբերությունը խորհրդային ժամանակվա արդյունաբերական ծավալների 10%-ի չափով է աշխատում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս