«Եվրոպան ասում է՝ «գնա մի հատ լողացի, սանրվի, սափրվի, մի հատ էլ էթիկայի կանոնները կարդա, նոր կգաս՝ ես քեզ կընդունեմ»»
«Մեզ համար շատ մեծ պատիվ կլինի, որ Ռուսաստանի պես հզոր երկիրն իր պոտենցիալով այս պարագայում Հայաստանին նայի: Բայց ինչի՞ համար: Ունե՞նք լավ արտադրություններ: Ստացվում է այնպես, որ ինքը կարող է հանկարծ իր շուկայում միրգ չունենա՞ ու շնչահեղձ սպասում է հայկական մրգերի՞ն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքների մասին, ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Ըստ տնտեսագետի՝ անցած ամբողջ այս շուկայական հարաբերությունների ձևավորման ժամանակահատվածում երկրում չի եղել որևէ մի արտակարգ տնտեսական քաղաքականություն, որի արդյունքում մենք կունենայինք արտադրության կամ գործուենության այնպիսի տեղամասեր, որ գոնե մեր պահանջմունքենրը բավարարեինք. «Այսօրվա դրությամբ, երբ արդեն սանկցիաներ են կիրառվում և պետք է ապրանքափոխանակության կառուցվածքը փոփոխվի, մենք մինչև անգամ բարձրաձայնում ենք ամենաբարձր մակարդակով, որ էս ինչ մեծ հաջողություն էր»:
Վ. Բոստանջյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն անցած ժամանակահատվածում իբր ստեղծել է 340 հազար գուղացիական տնտեսություն, իսկ գյուղացիական տնտեսությունները ոչ այլ ինչ են, քան ընտանիքի անդամներով բաղկացած մի տիրույթ, որում աշխատող մեկը լինի, կամ չլինի: «Այսինքն՝ դա որպես այդպիսին գոյություն չունի, և հիմա եթե մեր շուկաներում հանդիպում ենք մի փոքր ամանով խնձոր, կամ տանձ, ասում ենք՝ բավականաչափ էլ միրգ ունենք, ինչի՞ Ռուսաստան չենք տանում: Ի՞նչը տանենք Ռուսաստան, իսկ լավագույն դեպքում, եթե մենք հանկարծակի իբր արտահանումն ուզենանք մեծացնել, մինչև անգամ ապահովագրական համակարգեր չկան, գոյություն չունեն էժան փողեր կամ վարկային մատչելի ռեժիմներ, ու գյուղացին պարկը ուսին տանելու է Ռուսաստանի շուկաներ»:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ նկատեց, որ գյուղատնտեսությունը պետք է խոշորացվի, որ վերմշակման հումք տա. «250 հազար տնտեսություն է աշխատում, գրանցված 400 հազարից, որտեղ ամեն մեկն իր խնդիրն է լուծում, եթե որևէ ավել բան կա, հանում է շուկա: Կա 700 հեկտարանոց տարածք, նայում ես՝ մի հատ մեծ կտոր է, վրան կաղամբ կամ գազար է ցանած, մի մաս էլ՝ մի քիչ լոլիկ, մի քիչ բադրիջան և այլն: Մեր գյուղացիենրի 60 %-ը բնատնտեսությամբ է զբաղված»:
Վ. Բոստանջյանը հավելեց, որ ՀՀ-ի գյուղատնտեսությունը ապրանքային արտադրություն չունի՝ համքարական, ընկերական արտադրություն է. «Բազմաթիվ առումներով մենք ունեցել ենք (պանիր, կաթ, շաքարի ճակնդեղ) հետաքրքիր մակարդակներ: Այդ բոլորը մենք կորցրել ենք: Ամեն մի պետություն պետք է մտածեր դրանք պահպանելու, դրանք զարգացնելու մասին, չկա ոչինչ: Ու միայն ասել, որ մենք կարող ենք այս պահից օգտվել, առնվազն ապակողմնորոշիչ հայտարարություններ են»:
Ա. Ադիբեկյանը նկատեց, որ մենք Ռուսաստանին առաջարկելու ոչինչ չունենք. «Պետք է ստեղծվի: Ստեղծելու համար պետք է ներդրում, քաղաքականություն, պետք է վերահսկողություն, պետք է աջակցություն»:
Լրագրողներից մեկի հարցին՝ եթե Ռուսաստանը «մեր կողմ» չի էլ նայելու, այդ դեպքում ՀՀ-ի Եվրասիական տնտեսական միություն մտնելու իմաստը ո՞րն է, հաշվի առնելով նաև այն, որ որպես դրական ցուցանիշ նշվում էր այն, որ այդպիսով՝ ի դեմս ՌԴ-ի, շուկա ենք ունենալու, Ա. Ադիբեկյանն այսպես պատասխանեց. «Մենք ստանում ենք Ռուսաստանից 179 միլիոն դոլարի թանկարժեք մետաղներ և մոտավորապես այդքան էլ արտահանում ենք: Այսինքն՝ մենք դրական բալանս չունենք՝ ոնց գալիս է, այնպես էլ գնում է: Մտնելով Ռուսաստան՝ մենք հույս ունենք, որ գոնե մեր կիսաորակյալ ապրանքը կարող ենք արդեն վաճառել: Մեր հումքի զգալի մասը եվրոպական ստանդարտներին չի համապատասխանում և չի էլ համապատասխանելու»:
Նա նաև նկատեց, որ Հայաստանը Համաշխարհային բանկից գումարներ է վերցնում բյուջեի դեֆիցիտը փակելու համար. «Մենք պետք է քառապատկենք, հարյուրապատկենք այդ գումարը: Գումար կգա Հայաստան, եթե պետությունը երաշխավորությունը վերցնի իր վրա: Չի՛ վերցնում: Հայաստանի իմիջը՝ որպես բիզնես միջավայր, շատ բացասական է, կարծում են, որ այստեղ իշխանականներն ինչ ուզում անում են, հարկայինը՝ արդար չէ»:
Ա. Ադիբեկյանն ասաց, որ եթե Հայաստանը մտներ Եվրամիություն, և Ռուսաստանը փակեր մեր շուկան, հայկական կոնյակը եվրոպացին չէր խմի, նա սովոր է ֆրանսիական կոնյակ խմելու. «Մեր գինին չի խմի, խմում է իսպանական, իտալական, ֆրանսիական գինի»,- նկատեց նա:
Հարցին, թե այսինքն՝ քանի դեռ անորակ ապրանք ունենք, պետք է նայենք Ռուսաստանի՞ կողմը, Ա, Ադիբեկյանը դրական պատասխան տվեց՝ ասելով. «Եվրոպան չի օգնի, Եվրոպան ասում է՝ «գնա մի հատ լողացի, սանրվի, սափրվի, մի հատ էլ գնա էթիկայի կանոնները կարդա, նոր կգաս՝ ես քեզ կընդունեմ»: