Բաժիններ՝

Սև ծովում Պուտինի ներկայիս գործողությունները հասկանալու համար պետք է 100 տարով հետ գնալ. Foreign Policy

Ամերիկյան Foreign Policy պարբերականում օգոստոսի 5-ին հրապարակվել է Գալ Լաֆտի «Ցար Վլադիմիր Առաջին» խորագրով հոդվածը, որում նշված է. «Առաջին համաշխարհային պատերազմը դարձավ պատմության ոչ միայն ամենատևական ու արյունալի հակամարտություններից մեկը, այլև` թերևս ամենակարևորը:

Պատերազմը հանդիսացավ Մեծ դեպրեսիայի կատալիզատոր, նացիզմի, կոմունիզմի ու ֆաշիզմի կոշտ գաղափարախոսությունների արագացուցիչ, հանգեցրեց կործանված կայսրությունների բեկորների համար տարածաշրջանային  բազմաթիվ պատերազմների և բնականաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմին:

Ինչպես եվրոպացի ղեկավարները հաջողեցրին խրվել այդ աղետալի սպանդի մեջ, շարունակում է մնալ ժամանակակից պատմության չբացահայտված մեծագույն գաղտնիքներից մեկը: Գրվել են բազում գրքեր ու հոդվածներ, որոնցում փորձում են բացատրել, թե ինչպես Սարաևոյում մարդասպանի գնդակը բռնկեց 20-րդ դարի մեծագույն հրդեհը:

Այդ հարցի պատասխանները չեն բավարարում: Պարզունակ բացատրությունները, որոնք կոչված են մեղքը բարդել Գերմանիայի վրա, հանրաճանաչ էին մինչև 1990-ական թվականները, սակայն այժմ նրանց փոխարինելու է գալիս ավելի մեծ նրբերանգներով պատկերը, որում նաև նրա մյուս մասնակիցների` ներառյալ Բրիտանիան ու Ֆրանսիան, վրա է դրվում պատասխանատվության ավելի արդար բաժին` ավելի քան 10 միլիոն մարդու կյանք խլած պատերազմի սկսման համար:

Սակայն Լոնդոնի, Փարիզի ու Բեռլինի իրադարձություններին ուշադրություն դարձնելը մի կողմ է թողում նրա կարևորությունը, ինչը տեղի էր ունենում արևելքում: Ռուսաստանը նույնպես պատասխանատվության իր մասնաբաժինն ունի համաեվրոպական աղետի համար:

Այսօր, երբ աշխարհը նշում է Առաջին համաշխարհային պատերազմի սկսման 100-ամյակը, Ռուսաստանի` տվյալ ժամանակվա ռազմավարական հաշվարկների ըմբռնումն օգնում է վերծանել Ուկրաինայում Մոսկվայի ներկայիս գործողությունները:

Սովորաբար համարվում է, որ մինչպատերազմյան ժամանակաշրջանում Ռուսաստանի դերը կայացել է իր սլավոնական կրտսեր քույր Սերբիային կայսերական աջակցություն ցուցաբերելում, երբ էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունից հետո նա (Սերբիան) ենթարկվել էր Վիեննայի ու Բեռլինի դիվանագիտական հարձակմանը:

Բայց երբ գիտնականների համար մեկդարյա գրաքննության ավարտից հետո սկսեցին աստիճանաբար բացվել ռուսական արխիվները, հասկանալի դարձավ, որ Սերբիային պաշտպանելը չի հանդիսացել Ռուսաստանի գլխավոր նպատակը: Ռուսաստանի համար խաղաքարտի վրա դրված էր շատ ավելի մեծ բան, քան Բալկաններում փոքր դաշնակիցն էր:

Մինչպատերազմյան ժամանակաշրջանում Ռուսաստանի գործողությունները պայմանավորված էին Բոսֆոր և Դարդանել նեղուցները վերահսկելու նրա ձգտմամբ, կամ էլ առնվազն նրանով, որպեսզի թույլ չտա դրանք Գերմանիայի նման թշնամիների ձեռքում ընկնելը:

Մոսկվայի համար մշտապես առաջնահերթ է եղել այնպիսի ծովային ուղիներ դուրս գալը, որոնք ողջ տարին չեն սառցակալում: Դարերի ընթացքում թուրքական այդ նեղուցները, ըստ էության, սնել են ռուսական տնտեսությունը: Դրանք Ռուսաստանին հնարավորություն են տվել դուրս գալ Միջերկրական ծով, իսկ այնտեղից էլ`  համաշխարհային շուկա:

Սակայն մինչպատերազմյան ժամանակաշրջանում նեղուցների գոտին դարձավ ավելի ու ավելի անկայուն: 1911-1912 թվականների թուրք-իտալական պատերազմի ժամանակ օսմանները վախեցրին Ռուսաստանին` փակելով նեղուցները: Արտահանումից, որի հիմքում ընկած էր ցորենը, ստացվող Ռուսաստանի եկամուտները կրճատվեցին 1/3-ով:

Ապա սկսվեցին 1912-1913 թվականների բալկանյան երկու պատերազմները, որոնց ժամանակ Ռուսաստանը տագնապով հետևում էր նրան, որ նեղուցները չփակվեն վերստին: Արդյունքում դա տեղի չունեցավ, սակայն Ռուսաստանի առևտրային հաշվեկշիռն այնքան տուժեց խուճապից, որ նա գրեթե ամբողջովին սպառեց իր արժութային պաշարները:

Երբ պարզ դարձավ, որ Օսմանյան կայսրությունը մոտենում է իր կրախին, Ռուսաստանի համար գլխավոր ռազմավարական նպատակ դարձավ եվրոպական առաջատար երկրներից որևէ մեկի կողմից, որպես ժառանգություն, նեղուցների ստանալը կանխելը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Սազոնովը 1913 թվականի դեկտեմբերին ցար Նիկոլայ II-ին գրել է. «Նեղուցներին տիրող պետությունն իր ձեռքում կպահի ոչ միայն Սև և Միջերկրական ծովեր, այլև` Փոքր Ասիա ներթափանցելու բանալին, ինչպես նաև կունենա հուսալի միջոց` Բալկաններում գերիշխելու համար»:

Ռուսաստանի մտահոգությունն ուժեղացավ նախապատերազմյան ժամանակաշրջանում Գերմանիայի մանևրների պատճառով: Մինչ պատերազմը գերմանացի ներկայացուցիչները ողջ ուժով ձգտում էին ընկերանալ երիտթուրքերի հետ, որոնք իշխում էին Օսմանյան կայսրությունում:

Գերմանական կայսրն առաջ էր քաշել Բեռլինը Կոստանդնուպոլսի միջոցով Բաղդադի հետ կապող երկաթուղու կառուցման գաղափարը, իսկ գերմանական հետախուզությունը ողջ մուսուլմանական աշխարհում լուրեր էր տարածում, որ կայսրը, որին սկսել էին անվանել հաջի Վիլհելմ, ծածուկ իսլամ է ընդունել և գաղտնի ուխտագնացություն է կատարել դեպի Մեքքա:

1914 թվականի պատերազմի շեմին Բեռլինը Կոստանդնուպոլիս է ուղարկում երկու գծանավ` փորձելով ամրապնդել գերմանա-օսմանյան միությունը: Օսմանների հետ մերձենալու Գերմանիայի գործողություններից Ռուսաստանի մտահոգությունն էլ ավելի ուժեղացել էր դեռ 1913 թվականի աշնանը, երբ պարզ դարձավ, որ Բեռլինը գեներալ Օտտո Լիման ֆոն Սանդերսին ուղարկում է ղեկավարելու ու արդիականացնելու թուրքական բանակի Առաջին բանակային կորպուսը, որի առաջադրանքն էր Կոստանդնուպոլսի ու թուրքական նեղուցների պահպանումը:

Ռուսների համար գերմանա-օսմանյան այդ միությունը նշանակում էր մեկ բան. եթե իրենք փորձեն գրավել նեղուցները, ապա իրենց դեմ հանդես կգա ժամանակակից հակառակորդ, որին հաղթելը կլինի դժվար: Երբ Սարաևոյի սպանությունից հետո եվրոպական երկրներում անցկացվեց զորահավաք, Ռուսաստանը կանգնած էր երկընտրանքի առջև:

Նա կարող էր թույլ տալ, որ Ավստրո-Հունգարիան ջախջախի Սերբիան, որի դեպքում Վիեննան հենակետ կստանար` դուրս գալու համար Էգեյան ծով, իսկ այնտեղից էլ` թուրքական նեղուցներ: Կամ էլ Ռուսաստանը կարող էր մոբիլիզացնել իր 5 միլիոնանոց բանակը և հարձակվել Գերմանիայի վրա` հուսալով, որ Բեռլինը, ռուսների հետ համառ ճակատամարտերի փոխարեն, կհարձակվի արևմտյան ճակատում, ուր, ինչպես համարում էր կայսրը, նա ուներ ավելի մեծ հնարավորություններ` ֆրանսիացիներին հաղթելու համար:

Ռուսաստանն ընտրեց երկրորդ տարբերակը: Պատերազմի ընթացքն ու աշխարհը փոխվեցին մշտապես: Իհարկե, ամեն ինչ չստացվեց այնպես, ինչպես որ հուսով էին ռուսները: Պատերազմի մեջ մտնելուց մեկ ամիս անց ռուսական բանակը ծանր պարտություններ կրեց արևելյան ճակատում, որոնցից ամենացավալին դարձավ օգոստոսի վերջին Տաննեբերգի ճակատամարտում գերմանական զորքերի կողմից նրա Երկրորդ բանակի ջախջախումը:

Հյուծված և թուլացած Ռուսաստանն այլևս չկարողացավ իր վերահսկողության տակ առնել նեղուցները: Ձեռք չբերվեց Ռուսաստանի գլխավոր նպատակը: 1915 թվականին, երբ սկսվեց պատերազմի երկրորդ տարին, Ռուսաստանը կարողացավ միայն կողքից հետևել, թե ինչպես են իր դաշնակիցներ Բրիտանիան ու Ֆրանսիան Գալիպոլիի կամպանիայի ժամանակ անհաջող փորձում գրավել նեղուցները:

Ապա տեղի ունեցավ կոմունիստական հեղափոխությունը, և Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից: Դրա ավարտից հետո ստորագրվեց Սևրի խաղաղության պայմանագիրը, որի համաձայն, նեղուցների գոտին հայտարարվեց միջազգային տարածք և հանձնվեց Ազգերի լիգայի միջազգային ղեկավարմանը: Դեպի Միջերկրական ծով տանող անցմանը տիրելու մասին Ռուսաստանի երազանքները հարկադրված հուղարկավորեցին հավերժ:

Անցավ 100 տարի: Սև ծովում Ռուսաստանի դիրքերը վերստին սպառնալիքի տակ էին, համենայն դեպս, Վլադիմիր Պուտինի կարծիքով, քանի որ ուկրաինական հեղափոխությունը իշխանություններին զրկեց կրեմլյան դաշնակցից և հիմնեց արևմատմետ կառավարություն: Այս անգամ վտանգի տակ էին հայտնվել ոչ թե թուրքական նեղուցները, այլ` դեպի տաք ծովեր տանող կարևոր ելքը` ղրիմյան Սևաստոպոլը:

Դա այն քաղաքն է, ուր ծնվել և բազավորված է ռուսական Սևծովյան նավատորմը, և որը Ռուսաստանին պատկանել է 18-րդ դարից: 1954 թվականից Սովետները Ղրիմի թերակղզին հանձնեցին Ուկրաինային, սակայն Սևաստոպոլի ռազմածովային բազան մնաց Ռուսաստանի վերահսկողության տակ:

Բայց երբ Կիևում փոխվեց ղեկավարությունը, Մոսկվայում առաջացան նմանատիպ մտավախություններ, ինչպիսիք ցարական Ռուսաստանում գոյություն ունեին Առաջին համաշխարհային պատերազմի շեմին:  Պուտինի կարծիքով` եթե Սևաստոպոլը հայտնվեր ոչ բարեկամական ձեռքերում, կամ էլ, ինչն ավելի վատ է, հայտնվեր ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ, ապա դա կդառնար ոչ ավելի պակաս լուրջ խնդիր, քան մեկ դար առաջ գերմանացիների կողմից թուրքական նեղուցների զավթումը:

Աշխարհն արմատականորեն փոխվել է 1914 թվականից: Սակայն միջազգային համակարգի մի շարք առանձնահատկություններ, հատկապես նրանք, որոնք կապված են աշխարհագրության հետ, հավերժ են: Եվ դրանցից մեկը ողջ տարում ծովային առևտրային ուղիներին ելք ունենալու Ռուսաստանի ձգտումն է:

Ռուսաստանի անբարենպաստ աշխարհագրական դիրքի և դեպի տաք ջրեր ելք ունենալու անհրաժեշտության պատճառով Սև ծովը նրա համար ունի ավելի մեծ կարևորություն, քան Կարիբյան ծովը Վաշինգտոնի համար, կամ էլ Հարավ-Չինական ծովը Պեկինի համար: ԱՄՆ-ն ուներ Մոնրոյի դոկտրինան` իր կիսագնդում ծովային ջրերը պաշտպանելու համար, իսկ ներկայիս Չինաստանն իր ծովն անվանում է «ազգային կապույտ տարածք»:

Ռուսաստանը երբեք չի ձևակերպել իր սևծովյան դոկտրինան, սակայն մենք պետք է հստակ հասկանանք հետևյալը. Սև ծովում Ռուսաստանի ծովային շահերին ինչպես իրական, այնպես էլ թվացյալ մարտահրավեր նետելու յուրաքանչյուր փորձը կարժանանա խիստ հակազդեցության:

Ռուսաստանի մոտ հստակ ձևակերպած դոկտրինայի բացակայությունը բացատրում է այն, թե ինչու Արևմուտքը Ղրիմի գրավումն ընկալեց որպես երբեմնի կայսրությունը վերածնելու փորձի սկսում: Սակայն այսօր, երբ ամերիկացի ու եվրոպացի առաջնորդները խորհում են, թե հետագայում ինչպես վարվեն Ռուսաստանի հետ, պետք է հիշել, որ Ղրիմը բռնակցելու Պուտինի գործողությունները շատ ավելի ընդհանրություններ ունեն 1914 թվականին Սև ծովի վերաբերյալ ցար Նիկոլայի մտավախությունների, քան 1968 թվականին Չեխոսլովակիայում Լեոնիդ Բրեժնևի գործողությունների հետ:

Գրավելով Ղրիմը` Պուտինը գործեց ի պաշտպանություն ռուսական ազգային շահերի, ինչը լիովին համապատասխանում է այդ երկրի աշխարհաքաղաքական ԴՆԹ-ին: Դա հանդուգն ու կույր ագրեսիա չէր: Պուտինը ոչ թե փորձում է շահել «Սառը պատերազմը», այլ «վերամղում» է Առաջին համաշխարհային պատերազմի ճակատամարտերը:

100 տարի առաջ եվրոպական գերտերությունների համակարգին բնորոշ էին միջազգային քաղաքականության քողարկված բնույթն ու գաղտնի գործարքները: Դրանից հետ արտաքին քաղաքականությունը դարձել է շատ ավելի թափանցիկ: Եվ միայն Ռուսաստանն է շարունակում մնալ նույն խորհրդավոր երկիրը, ինչպես որ նախկինում էր:

Այսօր, երբ քաղաքականություն մշակողները փորձում են գլուխ հանել Կրեմլի վերջին գործողությունենրից, պետք է թերթեն Առաջին համաշխարհային պատմության մի շարք գլուխներ, որպեսզի այս անգամ Մոսկվայի` սխալ հասկացված աշխարհաքաղաքական ձգտումները չհանգեցնեն նոր պատերազմի աշխարհում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս