Գյումրիում կենցաղի անկյուն է բացվել
asparez.am-ը գրում է. Գորգեր, կարպետներ, ուլունքներով զարդեր, կավե իրեր. ազգային կենցաղի ավանդական այս ճյուղերին կարելի է ծանոթանալ ու նաեւ տիրապետել Գյումրու Շիրազի հուշատուն-թանգարանի գետնահարկում՝ օգոստոսի 7-ից գործող Գյումրու կենցաղի անկյունում:
Հայկական ու, մասնավորապես, Գյումրու կենցաղն իր ողջ գեղեցկությամբ ու հետաքրքրությամբ այսուհետ բաց է սովորել ու տեսնել ցանկացող յուրաքանչյուրի առաջ: Փորձնական երկու շաբաթների ընթացքում ստեղծված աշխատանքները շատ չէին, բայց տպավորիչ ու խոսուն էին.
-Սա նախեւառաջ ուսումնական կենտրոն է, եւ մեր լավագույն աշակերտներին կփորձենք մեզ մոտ պահել, որ մեզ հետ աշխատեն, կաջակցենք իրենց պատրաստած առարկաները մինչեւ վաճառող ու սպառող հասցնել,- ասում է «Գյումրու կենցաղի անկյան» հիմնադիրներից Վաղարշակ Ասատրյանը՝ հույս հայտնելով, որ անկյունը կդառնա քաղաքի զբոսաշրջային կենտրոններից մեկը.
«Քաղաքի հյուրերն էլ ինչ-որ մի հետաքրքիր իր, հուշանվեր կկարողանան իրենց հետ տանել Գյումրուց»:
Խեցեգործություն, ուլունքագործություն, գորգագործություն ու կարպետագործություն: Առայժմ գործող այս ճյուղերին ապագայում նախատեսվում է ավելացնել նաեւ փայտագործությունը: Առանց տարիքային սահմանափակման ու սիմվոլիկ գումարով՝ մասնագետները եռամսյա ժամկետում հետաքրքրվողներին կսովորեցնեն տիրապետել կիրառական արհեստի այս ավանդական տեսակներին:
-Մեր քաղաքում կան արհեստավորներ, ովքեր մեծ ներուժ ունեն ու չեն կիրառում: Պաշտոնյաներն ու ներդրողները ուշադրություն չեն դարձնում դրան, մենք էլ փորձեցինք բոլորի ուշադրությունը հրավիրել արհեստի այս տեսակների վրա եւ բացել Գյումրու կենցաղի մի փոքրիկ անկյուն,- կենցաղի անկյուն ստեղծելու նպատակն է բացատրում նախաձեռնության հեղինակներից Կարո Ասատրյանը: – Այստեղ ներկայացված կլինեն մեր քաղաքի արհեստավորների աշխատանքները, աշխատանքային պրոցեսն էլ տեսանելի կլինի: Զբոսաշրջիկները տեղում կկարողանան տեսնել թե պատրաստման գործընթացը, թե իրենց հետ հուշանվերներ կտանեն մեր Գյումրու մշակույթից:
Արդեն 10 տարուց ավել՝ տիկին Օլգան գորգագործություն է ուսուցանում Գյումրիում: Վստահեցնում է՝ գորգագործությամբ հետաքրքրվողները շատ են, անգամ երեխաներն են ոգեւորված: Համոզված է՝ Գյումրու կենցաղի անկյունում այցելողների պակաս եւս չի լինի. «Գորգերը միայն հայկական զարդանախշերով են, իսկ գորգագործության ավանդույթներն ինձ փոխանցվել են տատիկիցս ու մորաքրոջիցս, նրանք էլ իրենց ղարսեցի նախնիներից են սովորել»:
Մանրամասներն` այստեղ