Որևէ քաղաքական ուժ չի հրաժարվելու ներքաղաքական հարցերում ունեցած իր կեցվածքից կամ դիրքորոշումից
ԱԺ-ում ներկայացված վեց խմբակցությունները այսօր հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով իրենց վերաբերմունքն արտահայտեցին հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Ինչո՞վ է պայմանավորված նման հայտարարության ընդունման անհրաժեշտությունը, և արդյո՞ք խորհրդարանական խմբակցություններն այսուհետ նման միասնականություն կդրսևորեն նաև ներքաղաքական հարցերում. այս հարցերի շուրջ է մեր զրույցը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ
– Ինչո՞վ էր պայմանավորված նման հայտարարության ընդունման անհրաժեշտությունը:
– Նախ՝ պետք է շեշտեմ երեկ խմբակցությունների ներկայացուցիչների և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ կայացած հանդիպման կարևորությունը. այն անհրաժեշտ էր և արդյունավետ: Դեռ երեկ էինք պայմանավորվել, թե ինչպիսի միասնական գործողություններ կարող ենք իրականացնել, և դրանց մեջ էր մտնում համատեղ հայտարարության ընդունումը և խմբակցությունների ներկայացուցիչների համատեղ այցելությունը լարվածության օջախներ` Հայաստանի հյուսիսային սահմաններ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Սա այն հարցն է, որ բոլոր քաղաքական ուժերն էլ գիտակցում են, որ պետք է բացառիկ միասնություն ցուցաբերել: Երկրորդը՝ պառլամենտը՝ որպես իշխանության մի ճյուղ, պետք է իրականացնի իրեն վերապահված պառլամենտական դիվանագիտությանը հատուկ ֆունկցիաները և իր խոսքով նպաստի այս իրավիճակից դուրս գալուն:
– Գուցե սահմանում իրավիճակը այնքան լարված է, որ նման հայտարարության անհրաժեշտությո՞ւն կա:
– Ես չէի ասի, թե այդքան լարված է: Երբ նայում եմ որոշ հայտարարությունների կամ կայքերի մեկնաբանությունների՝ ինձ թվում է, որ որոշ մարդկանց մոտ խուճապ կա: Ես չեմ կարծում, թե այդպիսի իրավիճակ է. ուղղակի մի իրավիճակ է, որտեղ պետք է հստակ և միասնական գնահատական, և այդ գնահատականը ստացվեց: Պետք է արձանագրեմ նաև, որ ոչ միայն մեր լրատվամիջոցները, այլ նաև միջազգային և հենց ադրբեջանական լրատվամիջոցները բավական օբյեկտիվ գնահատական տվեցին ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության արկածախնդիր գործողություններին:
– Քննարկման սենյակից հնչում էին անհամաձայնության ձայներ, բուռն բանավեճ էր. Կասե՞ք, թե ինչի շուրջ էին հիմնական տարաձայնությունները:
– Նախ՝ արձանագրենք, որ սա յուրօրինակ քաղաքական մշակույթի դրսևորում է, երբ վեց քաղաքական ուժեր ներքաղաքական հարցերում ունենալով բոլորովին տարբեր մոտեցումներ, լինելով քաղաքական դաշտի հակադիր բևեռներում՝ կարողացան միասնական դիրքորոշում որդեգրել: Եվ բնական է, որ երբ վեց քաղաքական ուժեր նստում, քննարկում են համատեղ հայտարարություն, նրանում առկա յուրաքանչյուր մտքի, յուրաքանչյուր նախադասության նկատմամբ տարբեր մոտեցումներ կարող են լինել: Բնական է, որ պետք է բանավեճ լինի, փորձենք իրար համոզել: Իսկ թե ինչի շուրջ էին տարաձայնությունները՝ չեմ ուզում մտնել մանրամասների մեջ, կարևորն այն էր, որ մենք կարողացանք գալ փոխզիջման:
– Ե՞րբ եք գնալու սահմանամերձ բնակավայրեր:
– Դեռ չենք որոշել, առաջիկա մեկ երկու օրերի ընթացքում:
– Հնարավո՞ր է, որ այս միասնության մթնոլորտը, որը ձևավորվել է իշխանության և ոչ իշխանական խմբակցությունների միջև, տեղափոխվի ներքաղաքական կյանք:
– Երեկ, երբ Պաշտպանության նախարարի հետ քննարկում էինք սահմանամերձ շրջաններում և ԼՂՀ-ում տիրող իրավիճակը, պայմանավորվեցինք, որ ներքաղաքական խնդիրներին ընդհանրապես չենք անդրադառնալու, և որևէ քաղաքական ուժ չի հրաժարվելու ներքաղաքական հարցերում ունեցած իր կեցվածքից կամ դիրքորոշումից: Ուղղակի սա վերաբերում է պետության և ազգի անվտանգությանը, և այս հարցում մենք պետք է միասնաբար հանդես գանք: Կրկնում եմ՝ մենք մեր ներքաղաքական դիրքորոշումներում նույնն ենք մնալու:
– Սահմանում տեղի ունեցող իրադարձությունները կարո՞ղ են ազդել ներքաղաքական կյանքի վրա:
– Անշուշտ, կարող են ունենալ իրենց ազդեցությունը, եթե լարվածությունը շարունակվի: Սա այն հարցն է, որտեղ ցանկացած քաղաքական ուժ, կարծում եմ, պետք է հաշվի առնի ստեղծված իրավիճակը: Բայց դրանով հանդերձ՝ ես չեմ կարծում, որ պատերազմը կամ դրա սպառնալիքը չոքել է մեր դռանը, և չեմ կարծում, որ պետք է խուճապի կամ տագնապի տրամադրություններ սերմանել: Ինչպես ասացի՝ քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումներում մնում են նույնը, և առայժմ դրանցում փոփոխություններ չեն նախատեսվում:
– Աշնանն ընդդիմությունը պատրաստվում էր ակտիվ ներքաղաքական իրադարձությունների, կառավարությանը մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ էիք տվել: Հնարավո՞ր է, որ «թեժ աշունը»՝ կապված սահմանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, հետաձգվի:
– Մեր բոլոր քայլերը պետք է համարժեք լինեն ստեղծված իրավիճակին: Բայց չեմ կարծում, որ այս լարված իրավիճակն այդքան կձգվի, և կարծում եմ, որ քաղաքական ուժերը, այդ թվում և՝ «Ժառանգությունը», հնարավորություն կունենան իրականացնել իրենց քաղաքական խնդիրները:
– Հնարավոր է՝ շաբաթավերջին տեղի ունենա Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանդիպումից. նախագահները պետք է ամրապնդե՞ն հրադադարի ռեժիմը, թե՞ կարողանան հասնել ավելի կայուն խաղաղության ձեռքբերման:
– Իհարկե, վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններն ինչ-որ ազդեցություն կունենան հանդիպման օրակարգի վրա, բայց չեմ կարծում, թե մոտեցումների արմատական փոփոխություն լինի: Ստանդարտ, շատ արարողակարգային ձևակերպումներ կլինեն, որ պետք է հանդուժողականության մթնոլորտ ձևավորվի, որ խաղաղ բանակցությունների միջոցով խնդիրը լուծվի, որ ժողովրդին ոչ թե թշնամության, այլ հաշտության և խաղաղության պետք է տրամադրել, բայց չեմ կարծում, թե նոր արձանագրումներ կլինեն: Բայց կարևոր է, որ հանդիպումը կայանա, որովհետև ավելի լավ է հանդիպել և ստանդարտ նախադասություններ փոխանակել, քան իրավիճակը լարել և էսկալացիան շարունակել: