Պետրոս Մակեյան. Ցավոք, մենք այս ամբողջի մեջ խաղացող չենք, մեզ խաղացնում են

«Բարդ է միանշանակ գնահատական տալ, առավել ևս, որ տեղեկատվությունը միայն լրատվամիջոցներից ստացած նորություններով է սահմանափակված, բայց, ըստ իս՝ դա աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումների, գերտերությունների շահերի հետևանքն է, որովհետև մենք գիտենք տարիներ շարունակ Ադրբեջանի պահվածքը՝ այդ կրակոցները, բայց ինտենսիվությունը այս աստիճանի չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ խոսելով օրերս հայ-ադրբեջանական սահմանում լրավածության մեծացման հիմքերի մասին:

Նա հավելեց, որ նաև մեր կողմից մշտապես ավելի շատ զսպվածություն է եղել, բայց հիմա կարծես մենք ավելի ակտիվ, ագրեսիվ պահվածք ունենք. «Եթե դա լիներ զուտ մեր զինուժի դիրքորոշումը, որպեսզի դասեր տայինք Ադրբեջանին՝ իր այդպես ամպագորգոռ կենտրոնապաշտությունը կանխելու համար, ես կողջունեի, բայց եթե դա զուտ գերտերությունների այս կամ այն կողմի շահերից է բխում, դա, իմ կարծիքով, լավ բան չի: Այնուամենայիվ, ըստ մեր լրատվամիջոցների՝ մենք շահեկան վիճակում ենք գտնվում, քան ադրբեջանական կողմը»:

Խոսելով այն մասին, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ հենց Սոչիում է օգոստոսի 9-ին տեղի ունենալու Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Պ. Մակեյանն ասաց, թե պարզից էլ պարզ է, որ այս պահին յուրաքանչյուրը փորձում է ինչ-որ ձևով իր ազդեցությունն ունենալ այդ զարգացումների վրա. «Առավել ևս, Արևմուտքի և Ռուսաստանի միջև վերջին խոշոր սրացումների հետևանքով՝ նրանցից յուրաքանչյուրը կուզենա որոշակի հարցերի լուծման նախաձեռնությունը կամ արդյունքն իրենով անել: Բոլոր կողմերի համար էլ դա ընդունելի գործելավոճ է»:

Հարցին, թե ինչպե՞ս կարող է Վ. Պուտինն ազդել այս հանդիպման վրա, Պ. Մակեյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ ասում՝ ինչ ազդեցություն կունենա, բայց այն, որ կուզենան շոուի, նաև իրենց շահերի համար այդ հանդիպումը նախաձեռնել ու կազմակերպել, դա իրենց համար շահեկան վիճակ է: Թե ի՞նչ կստացվի, ես չեմ կարող ասել, բայց շահագրգիռ տարբեր կողմեր են հանդես գալիս: Եթե խորանանք՝ այդ շահագրգռվածությունը կախված է Եվրասիական միության Ադրբեջանի անդամակցելու հարցով: Սա բարդ խճանկար է, որը միանշանակ վերլուծելը բարդ է, բայց, ցավոք, մենք այս ամբողջի մեջ խաղացող չենք, մեզ խաղացնում են»:

Կարդացեք նաև

Հարցին թե ինքն ի՞նչ սպասելիքներ ունի այդ հանդիպումից, Պ.Մակեյանն ասաց. «Կարծում եմ՝ այստեղ երկու կողմն էլ, հատկապաես Ադրբեջանը, պետք է հետևություն անի, որովհետև, մեծ հաշվով, եթե պատերազմը սկսվի, շահող կողմ չի լինելու, բայց ավելի շատ տուժող կլինի Ադրբեջանը, որովհետև, նա սկսելու է ինչ-որ բանի հասնելու նպատակով»:

Պ.Մակեյանը կարծում է՝ ինչքան էլ միլիարդավոր դոլարներ են ներդրվել ադրբեջանական բանակում, բայց էֆեկտիվության, արդյունավետության առումով շատ ցածր մակարդակի վրա է այն. «Չնայած, ինչքան էլ մենք այս եղած ինֆորմացիայով գոհ ենք մեր բանակի գործողություններից, բայց շատ ավելին մենք կունենային, եթե այս որակի իշխանություն չունենայինք, շատ ավելին կլիներ մեր բանակի պատրատակամությունը, եթե Պաշտպանության նախարարության ղեկավարությունը մարտի 1-ին ժողովրդի դեմ դուրս չգար, օլիգարխներ չլինեին գեներալները: Եթե այս բոլորը չլիներ, ապա մենք կունենայինք 90-ականների հոգեվիճակը, ամեն ինչ անհամեմատ լավ էր: Մենք հիմա ունենք մի վիճակ, որ մեր առավելությունից չէ, այլ ադրբեջանցիների թերությունից է»:

Հարցին, թե պատերազմի վերսկսման ռիսկեր կա՞ն, Պ.Մակեյանը պատասխանեց, որ պատերազմի ռիսկերը միշտ էլ եղել են. «1994-ից թվականից հետո դա պարբերաբար իջնում-բարձրանում է, բայց քանի որ հիմա այդ պատերազմի մեջ հնարավոր է իրենց շահերն ունենան գերտերությունները, ապա հիմա ռիսկը, ցավոք սրտի, շատ մեծ է, որովհետև մենք տեսնում ենք, որ Ուկրաինայի զարգացումները և այս գործընթացները փոխկապակցված են»:

 

Տեսանյութեր

Լրահոս