Պուտինը Սոչիում նախ կհանդիպի Սարգսյանի, ապա՝ Ալիևի հետ. Սերգեյ Լավրով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը քիչ ջանքեր չի գործադրում, որպեսզի Ղարաբաղյան հակամարտության կողմերն ընդունեն կարգավորման քաղաքական սկզբունքներով փաստաթուղթ.

«Անկասկած է, որ մտահոգիչ են այսպես կոչված շփման գծում տեղի ունեցող դեպքերը: Կողմերը միմյանց մեղադրում են սադրիչ գործողությունների մեջ, այդպես եղել է նաև նախկինում, և դժբախտաբար արդեն բազում տարիներ մենք տեսնում ենք այդօրինակ բռնկումներ: Սակայն այս անգամ այդ ամենը որոշակի յուրահատկությամբ է մատուցվում և ընկալվում:

Քիչ մարդիկ չեն զոհվել, և մենք մյուս երկների հետ, այդ թվում նա ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ կողմերին համառորեն կոչ ենք արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն, թույլ չտալ այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել հերթական բռնությունների:

Այս շաբաթվա վերջին Սոչիում նշանակված են մեր նախագահի առանձին հանդիպումները նախ Հայաստանի, ապա և Ադրբեջանի նախագահների հետ, և երբ նրանք բոլորը նույն պահին կհայտնվեն նույն վայրում, ապա զրույցի ժամանակ չեն շրջանցի Լեռնային Ղարաբաղի թեման: Սակայն թե ինչպես պետք է դա կազմակերպվի, կախված է հենց մեզանից:

Բնականաբար, Հայաստանի ու Ադրբեջանի մեր գործընկերների հետ կխոսենք այն մասին, թե ինչպես կարելի է մեր կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի, համանախագհների կողմից առաջին հերթին օգնել վստահության ամրապնդման ու հակամարտության ռիսկերի նվազեցման հարցերում:

Հակամարտությունը բավական զգացմունքային են ընկալում երկու կողմն էլ: Մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկը, մեր ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերների հետ քիչ ջանքեր չեն գործադրում, որպեսզի օգնենք լուծել այն մի շարք հարցերը, որոնք դեռ խոչընդոտում են կարգավորման քաղաքական սկզբունքներով փաստաթղթի ստորագրմանը»:

Լավրովը հավելել է, որ այդ սկզբունքների ընդունումն անկասկած կնպաստեր մթնոլորտի կարգավորմանը. «Դա անելը հեշտ չէ, տվյալ ուղղությամբ բազում փորձեր են ձեռնարկվել, և ամեն անգամ թվացել է, թե ուր որ է՝ մենք արդեն մոտեցել ենք կարևոր գծի, երբ կլինի համաձայնություն, սակայն ինչ-որ բան խանգարել է: Դրա համար էլ կանխատեսումներ չեմ անի»:

Լավրովը հիշեցրել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումներից մեկի ժամանակ համաձայնեցվել է բավական համեստ հայտարարություն, որն առնչվում է վստահության միջոցների զարգացման անհրաժեշտության մասին պայմանավորվածության գալուն:

Տեսանյութեր

Լրահոս