Հայաստանի «միլիարդանոց» հարկատուները. ով ինչպես է իրեն դրսևորել ընթացիկ տարում
Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանում 1 միլիարդ դրամ և ավելի հարկեր վճարած կազմակերպությունների թիվը 59 է։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ «միլիարդանոց» հարկատուների թիվն աճել է 8-ով։
Այս 59 կազմակերպությունները այս տարվա առաջին կիսամյակում միասին վճարել են 167 միլիարդ 968 միլիոն դրամ։ Նույն կազմակերպությունները նախորդ տարվա առաջին եռամսյակում վճարել էին 155 միլիարդ 349.6 միլիոն դրամ։ Այսինքն, «միլիարդանոց» հարկատուները միասին ավելացրել են պետբյուջե վճարվող հարկերը 12.6 միլիարդ դրամով կամ 8.1%-ով։
Սակայն հարկերի չափը բոլորի մոտ չէ, որ աճել է։ Թվով 59 «միլիարդանոց» հարկատուներից 17-ը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ հարկեր են մուծել։
Տոկոսային առումով, հարկերի ամենամեծ նվազումը՝ 58%-ով, ունեցել է «Սամ-Սեր Գրուպը»։ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված այս ընկերությունը, որը ՀՀ գոմեշի մսի հիմնական ներկրողներից է, այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե է վճարել 1 միլիարդ 682 միլիոն դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4 միլիարդի դիմաց։
Հարկերը կրկնակի նվազեցրել են նաև «Գեո-ՊրոՄայնինգ Գոլդը» (56.4%-ով), «Մասիս Տոբակոն» (51.7%) և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (53.1%-ով)։ Ի դեպ, ԶՊՄԿ-ն և «Գեո-ՊրոՄայնինգը» հարկերի նվազման բացարձակ ցուցանիշով առաջատարներն են. առաջինը վճարել է 6.8 միլիարդով ավելի քիչ, երկրորդը՝ 3 միլիարդով։
Սակայն կան նաև ընկերություններ, որոնք բազմապատկել են բյուջե վճարվող հարկերը։
Առաջատարը, իհարկե, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա Քլաբն» է։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այն ավելացրել է հարկերը 42 անգամ (2 միլիարդ 316.5 միլիոն դրամ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 55.8 միլիոնի դիմաց)։
Ցանկում աչքի են զարնում էլեկտրաէներգիա արտադրող երեք կազմակերպությունների աճի ցուցանիշները։ Խոսքը վերաբերում է Որոտանի ՀԷԿ-ին, Հրազդանի էներգետիկ կազմակերպությանը և Երևանի ՋԷԿ-ին։ Որոտանն այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե է վճարել 1 միլիարդ 843 միլիոն դրամ՝ 3.4 անգամ ավելի շատ, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում։ Իսկ Հրազդանի էներգետիկ կազմակերպությունը հարկերն ավելացրել է 3.1 անգամ՝ հասցնելով 1.2 միլիարդ դրամի։ Երևանի ՋԷԿ-ը հարկերն ավելացրել է 2.5 անգամ՝ 680.9 միլիոնից հասցնելով 1.7 միլիարդի։
Ապակյան տարաների արտադրությամբ զբաղվող «Սարանիստը» հարկերն ավելացրել է 2.3 անգամ, Թեղուտը՝ 2.2 անգամ, «Յուքոմը»՝ 2 անգամ։
Բացարձակ մեծությամբ՝ բյուջե վճարվող հարկերի ծավալն ամենից շատ ավելացրել են «Գազպրոմ-Արմենիան» (4 միլիարդ 562 միլիոն դրամ) և Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգը» (2 միլիարդ 860 միլիոն դրամ)։
«Միլիարդանոց» մյուս կազմակերպությունների հարկային շարժին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ցանկում։